Կատալպա գեղեցիկ
Կատալպա գեղեցիկ | |
Կատալպա գեղեցիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Փողածաղկազգիներ (Bignoniaceae) |
Ցեղ | Կատալպա (Catalpa) |
Տեսակ | Կատալպա գեղեցիկ (C. speciosa) |
Միջազգային անվանում | |
Catalpa speciosa | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կատալպա գեղեցիկ (լատին․՝ (C. speciosa Ward), փողածաղկազգիների ընտանիքի, կատալպա ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ խոշոր ծառ է` 30—35 մ բարձրությամբ, ուղիղ բնով և բրգաձև սաղարթով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը կարմրադարչնագույն է, անջատվում է հաստ թեփուկների ձևով։ Երիտասարդ ընձյուղները բաց կանաչավուն են, հաճախ ծիրանագույն երանգով, ծածկված փափուկ, բաց գույնի աղվամազով, հասունները բաց նարընջագույն են կամ կարմրադարչնագույն։ Բողբոջները ծածկված են ձվաձև, շագանակադարչնագույն, կղմինդրաձև դասավորված թեփուկներով։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն ձվաձև, 15—30 սմ երկարությամբ և 15—20 սմ լայնությամբ, գագաթում երկարավուն սրածայր, սեպաձև կամ սրտաձև հիմքով, ամբողջաեզր կամ 1—2 կողմնային ատամիկներով, վերևի կողմից` փայլուն կանաչ, նոր բացված ժամանակ մազմզուկապատ, հետագայում` մերկ, ներքևի կողմից` խիտ մազմզուկապատ, հատկապես ջղերի ուղղությամբ։ Տերևակոթունը հաստ է, կլորավուն, 10—15 սմ երկարությամբ։ Հուրանները մոտ 15 սմ բարձրություն ունեն, սակավածաղիկ են։ Ծաղիկները գտնվում են բարակ, ծիրանագույն, մերկ կոթունների վրա, միջին մասում 1—3 ծաղկակիցներով։ Բաժակը ծիրանագույն է, մեծ մասամբ դրսի կողմից մազմզուկապատ։ Պսակը սպիտակ է, ներսի կողմում 2 դեղին շերտերով և ոչ պարզ արտահայտված ծիրանադարչնագույն բծերով, 5 սմ երկարությամբ և մոտ 6 սմ լայնությամբ, թեթևակի թեք ծռվածքով և ատամնավոր ներքին պսակաթերթիկով։ Պտուղը հասնում է 20—45 սմ երկարության և 1,2—1,9 սմ տրամագիծ ունի, հաստ պատերով։ Բացվում է 2 փեղկով։ Սերմերն ունեն 2,5 սմ երկարություն և 0,8 սմ լայնություն, թևիկավոր են, կարճ մազերից կազմված փոքրիկ ծոպիկներով։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է ԱՄՆ-ում՝ Հարավային Իլլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Թեննեսի, Արկանզաս և Միսսուրի նահանգներում։ Աճում է գետահովիտներում, ջրամբարների ափերին, խոնավ ու հարուստ, հզոր հողերում։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։ Բավականին պահանջկոտ բույս է, լուսասեր է, ստվերում արագորեն ոչնչանում է։ հատկապես լավ է աճում սննդանյութերով հարուստ, հզոր, լավ ջրաթափանց և օդաթափանց, բավարար խոնավ, ստրուկտուրային հոդերում։ Լավ է հարմարվել Արարատյան դաշտի պայմաններին։ Հայաստանի հյուսիսային շրջաններում աճում է նաև առանց ոռոգման, երբեմն սեզոնի ընթացքում մինչև 1 մ աճ տալով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց դեկորատիվ և արժեքավոր բույս է։ ԱՄՆ-ում բնափայտն օգտագործում են հեռագրասյուներ, 315 երկաթուղային կոճղեր պատրաստելու և այլ նպատակներով։ Բնափայտը դիմացկուն է հատկապես փտման նկատմամբ։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7—10, 12—13, 1 8-20, 22-28, 31-32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 315։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա գեղեցիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա գեղեցիկ» հոդվածին։ |
|