Jump to content

Կանացիակերպ աղամաններ (Շիրակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական կանացիակերպ աղաման, Ժողովրդական ստեղծագործության պետական թանգարանը

Կանացիակերպ աղամանները կավից պատրաստված աղի ամաններ են, որոնցից ամենահին օրինակները հայտնաբերվել են Շիրակում՝ 13-րդ դարի թվագրումով, ունեն յուրահատուկ ձև, զարդարված են զանազան պատկերներով, հումքը կարմիր ու սև կավն է։

Կանացիակերպ աղամանի ամենահին օրինակը հայտնաբերվել է 2005 թվականին Անիի Հյուսիսային քարանձավային բնակավայրի պեղումների ընթացքում Շիրակում՝ Հայկաձոր գյուղի տարածքում՝ Ախուրյանի ձախ ափին։ Այն 13-րդ դարի նմուշ է։ Աղամանը ձեռածեփ է, բաց շագանակագույն ավազախառն կավից, լավ թրծված չէ։ Իրանը երկթեք է, նեղ վզի վրա նստած է բարակ շուրթ և ոչ խորը թաս ճրագթաթ։ Աղամանի վիզը իրանին միացված է հակադիր աղեղնաձև զույգ ունկերով, դրանցից մաբողջական է միայն մեկը։ Իրանի երկթեք մասից 5 սմ վեր արված է 8,5 սմ տրամագծով շրջանաձև բացվածք։ Աղամանի վրա կան պատկերներ՝ իրանի փքուն հատվածից մինչև ճրագաթաթի տակը։ Պատկերում 6 հոգի շուրջպար են բռնել, նրանցից մեկը երեխա է։ Բոլորը բացի երեխայից գլխից վերև ունեն աղեղնաձև դետալ։ Շրջանաձև բացվածքի երկու կողմում մեկական օձ է, մեկի գլուխը մեծ ֆիգուրի ոտքին է, երկրորդինը՝ երեխայի ոտքին։ Աղամանի ունկերին և վզի տակ նույնպես կան վերադիր գալարներ[1]։

Շիրակի շրջանի կանացիակերպ աղամանները 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նմուշներ են հետևյալ վայրերից՝

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղամանները պատրաստվել են սև, կարմիր ու կարմրամոխրագույն կավից։ Ծեփել են 2 եղանակով՝ ձեռքի դուրգով և արխայիկ հարմարանքով։ Արխաիկ հարմարանքը հարթ ու ծանր քարե սալ էր, վրան դրվել է կավագունդը և մշակվել[2]։

Ըստ ոճի ՝Շիրակի կանացիակերպ աղամանները խմբավորվում են այսպես՝

  • Վասպուրական-ապարանյան- աղամանները ունեն լայն նստուկ, իրանը կոնաձև կամ գլանաձև է բարձրանում, ավարտվում է փոքր գլխով, կանթերը կարճ են, իջնում են վզից դեպի ուսեր։ Կրում է Վասպուրականից ու Տուրուբերանից գաղթած հայերի մշակույթի կնիքը։
  • Շիրակյան ոճ- կճուճաձև են, նստուկը փոքր է, իրանը փորի մասում լայնանում, ապա նեղանում է, պարանոցը կարճ է, վրան գլուխ։ Այս ոճի աղամանները կրում են Բարձր Հայքից, Բասենից ու Մուշից գաղթած հայերի կավագործության ավանդույթները։

Կերպավորման ձևով Շիրակի կանացիակերպ աղամանները երեք տիպի են՝

  • դիմավոր աղամաններ,
  • անդեմ կիսանդրի աղամաններ
  • կճուճ աղամաններ

Ալեքսանդրապոլի աղամանը սև կավից է, փորի բացվածքի շուրջ օձագալարի փոխարեն կեռիկներ են։ Անիի օձերի նման, մատների սեղմումով փոսիկներ են արված, որոնցով զարդարուն է եզերող շրջանակը, թևերն ու ճակատնոցը։ Սառնաղբյուրի կանացիակերպ աղամանները զարդարված են ուռուցիկ, ատամնաձև ելուստներով, կանթերի տակ արևի սկավառակ հիշեցնող շրջանակ է։ Ազատանի աղամանը ունի արտահայտիչ ցցուն քիթ, աչքերն ու բերանը հախճապակի է, թևերն իջնում են կողերի վրա, ուսուցիկ 4 գծով պատկերված են վարսերը։ Կրծքին կա բացվածքի որի տակ եռանկյունաձև նախշ է, այն հիշեցնում է կանացի կրծքազարդ։ Քեթիի ու Հառիճի կանացիակերպ աղամանները զարդարված են հախճապակիով, ունեն վզնոցներ, մեկն ունի ճակատնոց։ Դիմագծերը ծեփված են հախճապակիների կտորներով, կամ ուղղակի կավից քանդակված քթով ու բերանով, նաև ականջներով[3]։

Սպիտակի կանացիակերպ աղամանն ունի մի քանի տարբերակ, դրանք ներկայացնում են կնոջը՝ ամբողջ կեցվածքով․ հագուստը քաղաքային է, եվրապական․ կիսաշրջազգեստ և բարձրօձիք բաճկոնակ, մեջքին կա գոտի, վզնոցներով են, աղամաններից մեկը ունի թիթեռ- փողկապ։ Դիմագծերը շատ արտահայտիչ են՝ տափակ այտեր, արտահայտված ցցուն քիթ և հոնքեր, աչքերը հախճապակե կամ ուղղակի անցքերով։ Այս աղամանները, բացի մեկից, բերան չունեն[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ․ Բազեյան, Շիրակի կանացիակերպ աղամանները, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, հ․24, 2021։

Հայկական աղաման

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եգանյան Լ., Անիի կանացիակերպ աղամանը, Զեկուցումների ժողովածու, Երևան, 2012, էջեր 301-313։
  2. Саркисян Е. Гончарное искусство Армении. Ереван. -1978. сс. 44-45.
  3. Կ․ Բազեյան, Շիրակի կանացիակերպ աղամանները, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատություններ, էջ 187։
  4. Շիրակի կանացիակերպ աղամանների լուսանկարները ՏԵՍ ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ կայքում Արխիվացված 2023-08-24 Wayback Machine