Կանաչապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ecologia.jpg

Կանաչապատում, բնակավայրերում տնկարկներ ստեղծելու և օգտագործելու աշխատանքների համալիր, քաղաքաշինական առումով՝ բնակավայրերի բուսապատված գոտիների համակարգ։

Կանաչապատման ճարտարապետության համար ստեղծում է բնապատկերային միջավայր՝ նպաստելով միկրոկլիմայի, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը (բնակավայրում նվազեցնում է քամու արագությունը, փոշու և աերոզոլերի ներթափանցումը, ծխի և վնասակար գազերի պարունակությունը օդի մեջ, քաղաքային աղմուկը և այլն)։

Քաղաքաշինության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքաշինության մեջ կանաչապատումը հատակագծման, կառուցապատման, բնակավայրի բարեկարգման միջոցառումների ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասն է։

Խորհրդային քաղաքաշինության մեջ կանաչապատումն իրագործվում է գիտականորեն հիմնավորված սկզբունքներով և նորմատիվներով։ Տարբեր բնակավայրերի կանաչապատման կարգը և նորմատիվները կախված են տեղանքի չափերից, աշխարհագրական դիրքից, կլիմայական պայմաններից (մթնոլորտային տեղումների չափից, ջերմառեժիմից, քամու ուղղությունից, արագությունից, ինսոլյացիայի բնույթից), բնապայմաններից (անտառների առկայությունից, ռելիեֆի և բնահողի կազմության առանձնահատկություններից, ջրամբարների դիրքից են), ժողովրդական տնտեսության պրոֆիլից և քաղաքի կամ ավանի հատակագծման կառուցվածքից։

Հարավում կանաչապատման գլխավոր խնդիրն է փողոցների, հրապարակների, բակերի և կառույցների պաշտպանումը գերտաքացումից, հյուսիսում՝ սառը քամիներից, ձնահյուսերից։ Արդյունաբերական խոշոր կենտրոններում կարևոր է կառուցապատված տարածքի աերացիան (օդահագեցում), որն իրագործվում է տարածքը խոշոր կանաչ զանգվածներով մասնատելու միջոցով։

Պարտեզապուրակային արվեստի կարևոր խնդիրներից է տնկարկները ներդաշնակել ռելիեֆին, բնական և արհեստական ջրավազաններին և ճարտարապետական կառույցներին։

Կանաչապատման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչապատումն ունի 2 հիմնական սկզբունքներ՝ կանոնավոր (բնորոշ է երկրաչափական կառուցվածքը) և բնապատկերային (բաղադրիչ տարրերի ազատ, գեղարվեստական տեղադրումը)։ Տարբեր բնակավայրերի կանաչապատման կարգը և չափորոշիչները կախված են տեղանքի չափերից, աշխարհագրական դիրքից, կլիմայական (մթնոլորտային տեղումներ, ջերմային ռեժիմ, քամու ուղղություն և արագություն) ու բնական (անտառների առկայություն, ռելիեֆի և բնահողի կազմության առանձնահատկություններ, ջրամբարների դիրք) պայմաններից, տնտեսության բնույթից։ Կանաչապատման խնդիրներն են տարածքների հատակագծումը, կլիմայական ու հողային պայմաններին հարմար գեղազարդիչ բույսերի ընտրությունը, դրանց ներդաշնակումը ռելիեֆին, բնական և արհեստական ջրավազաններին, ճարտարապետական կառույցներին, հրապարակներին, փողոցներին, բակերին։

Կանաչապատումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կանաչապատումը սկզբնավորվել է դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում, հիմնականում՝ բնապատկերային եղանակով։ Արմավիրի միջակայքում հայ ավանդական ազգապետ Արամանյակը տնկել է «Սոսյաց անտառը» (մ. թ. ա. 2400 թվական), Երվանդ Դ Վերջին թագավորը՝ «Ծննդոց անտառը» (մ. թ. ա. 3-րդ դար), Խոսրով Բ թագավորը՝ Տաճար մայրի և Խոսրովակերտ անտառ-արգելոցները (4-րդ դար)։ Միջնադարում իշխանական տներն ու ավագանին ունեցել են իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները, քաղաքներում, որպես կանոն, եղել են պտղատու այգիներ (Վանի Այգեստանը, Երևանի Դալմայի այգիները, Էջմիածնի, Աշտարակի այգիները և այլն)։ Երևանի առաջին հասարակական պարտեզը եղել է Անգլիական այգին (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր գլխավոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարիթաղի լանջերի կանաչապատումը, որի շնորհիվ զգալիորեն բարելավվել են Երևանի կլիմայական պայմանները։ Երևանում կանաչապատման արդի սկզբունքներով ստեղծվել են մի շարք այգիներ, պարտեզներ և պուրակներ, նշանավոր են Հաղթանակ, Օղակաձև, Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Օպերայի և բալետի թատրոնի, Շահումյանի պուրակները, Գլխավոր պողոտան, Հրազդանի կիրճի, Մալաթիայի թաղամասի հանգստի գոտիները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 235 CC-BY-SA-icon-80x15.png