Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 51, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Սըր Է՛լթոն Հերկուլես Ջոն (անգլ.՝ Elton Hercules John), իսկական անունը՝ Ռե՛ջինալդ Քե՛ննեթ Դուայթ (անգլ.՝ Reginald Kenneth Dwight), մարտի 25, 1947, Փիններ, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար։ Նկատելի ազդեցություն է թողել սոֆթ ռոքի զարգացման գործում։ Համարվում է 1970-ական թվականների շահութապես ամենահաջողակ և Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված ռոք-կատարողներից մեկը։ Իր ողջ գործունեության ընթացքում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վաճառել է ավելի շատ ալբոմներ, քան մեկ այլ բրիտանացի կատարող։

1967 թվականից աշխատել է երգերի տեքստերի հեղինակ Բերնի Տոպինի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են ավելի քան 30 ալբոմ։ Մոտ կեսդարյա երաժշտական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձրել է ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը ողջ աշխարհում։ Ունի ավելի քան 40 հիթ սինգլների բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում և Billboard Hot 100-ում, այդ թվում՝ յոթը՝ Մեծ Բրիտանիայում և ինը՝ ԱՄՆ-ում, իսկ հաջորդական ալբոմներով գրավել է առաջին տեղը ԱՄՆ-ում։ Նրա ալբոմներից յոթը գրավել են առաջին տեղը Billboard 200-ում, 23 սինգլ եղել է ամերիկյան Թոփ-40-ում, 16-ը՝ առաջին տասնյակում, իսկ 6-ը բարձրացել են առաջին հորիզոնական։ Էլթոն Ջոնի սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական թոփ-40-ում։ Դրանցից մեկը՝ «Candle in the Wind 1997»-ը (1973 թվականի «Candle in the Wind» երգի նոր տարբերակը), որ նվիրվել է արքայադուստր Դիանային, աշխարհում վաճառվել է ավելի քան 33 միլիոն օրինակով և համարվում է ամենավաճառվող սինգլը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների պատմության մեջ։ Էլթոն Ջոնը նաև զբաղվել է ձայնագրությունների պրոդյուսերությամբ և երբեմն նկարահանվել ֆիլմերում։ 1976 -1987 և 1997- 2002 թվականներին եղել է «Ուոթֆորդ» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատերը և համարվում է ակումբի ցմահ պատվավոր նախագահը։

Մեծանալով Լոնդոնի Փիններ շրջանում՝ Էլթոն Ջոնը վաղ տարիքում սովորել է դաշնամուր նվագել, իսկ 1962 թվականին ստեղծել է ռիթմ ընդ բլյուզ (R&B) ժանրի «Bluesology» խումբը, որի կազմում նվագել է մինչև 1967 թվականը։ 1967 թվականին նա հանդիպել է Բերնի Տոպինի հետ, և երկու տարի շարունակ նրանք երգեր են գրել այլ կատարողների համար, որոնց թվում նաև երգչուհի Լուլուն էր։ Ջոնը նաև իբրև երաժիշտ աշխատել է տարբեր արտիստների, այդ թվում՝ Հոլիզի և Սքաֆոլդի համար։ 1969 թվականին թողարկվել է Ջոնի դեբյուտային՝ «Empty Sky» ալբոմը։ 1970 թվականին «Elton John» ալբոմից նրա առաջին հիթային սինգլը՝ «Your Song»-ը մտել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների լավագույն տասնյակի մեջ։ Էլթոն Ջոնը նաև հաջողություն է ունեցել երաժշտական ֆիլմերում ու թատրոնում․ 1994 թվականին ստեղծել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտական ադապտացիան, «Աիդա» և «Բիլի Էլիոթ» մյուզիքլները։

Էլթոն Ջոնն ունի հինգ «Գրեմմի», հինգ «Brit», երկու «Օսկար», երկու «Ոսկե գլոբուս», «Թոնի», «Դիսնեյի լեգենդներ» մրցանակներ և «Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր»։ 2004 թվականին Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի 50 լավագույն կատարողների ցանկում երգիչն զբաղեցրել է... Ավելին