Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 13, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ֆրանցիսկո Խոսե դե Գոյա ի Լուսիենտես (իսպ.՝ Francisco José de Goya y Lucientes, ), իսպանացի հայտնի գեղանկարիչ և փորագրիչ, ռոմանտիզմի ժամանակաշրջանի գեղարվեստի առաջին և առավել հեղինակավոր վարպետներից մեկը:

Ֆրանցիսկո Գոյան ծնվել է 1746 թվականին Արագոնի մայրաքաղաք Սարագոսաի միջին եկամուտ ունեցող ընտանիքում: Նրա հայրը՝ Խոսե Գոյան էր, իսկ մայրը՝ Գրասիա Լուսենտեսը: Վերջինս արագոնյան իդալգոյի աղքատ ներկայացուցիչ էր: Երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվում է Սարագոսայից 40 կիլոմետր հարավ գտնվող Ֆուենդետոդոս բնակավայր, որտեղ նրանք բնակվեցին մինչև 1749 թվականը (այլ տվյալներով՝ մինչև 1760-ական թվականները): Ֆրանցիսկոն ընտանիքի երեք զավակներից փոքրն էր: Նրա ավագ եղբայրը հետագայում դարձավ քահանա, իսկ կրտսերը՝ Թոմասը, շարունակեց հոր գործունեությունը: Խոսե Գոյան հայտնի ոսկեջրող վարպետ էր, ում նույնիսկ դե Նուեստրա Սենորա դել Պիլարի տաճարի կանոնիկոսներն էին դիմում, որպեսզի նա ստուգի վերակառուցվող տաճարի քանդակների որակը, որոնց վրա աշխատում էին արագոնյան լավագույն վարպետները: Բոլոր երեք եղբայրները կրթություն են ստացել բավականին մակերեսային: Այդ է պատճառը, որ Ֆրանցիսկո Գոյան մշտապես գրել է տառասխալներով: Սարագոսայում պատանի Ֆրանցիսկոսը սկսում է հաճախել տեղացի գեղանկարիչ Լուսինա ի Մարտինեսի արհեստանոց: 1763 թվականի վերջին Ֆրանցիսկոն մասնակցում է Սիլենա աստվածության գիպսե քանդակի լավագույն գեղանկարչական կրկնօրինակի մրցույթին, բայց 1764 թվականի հունվարի 15-ին անցկացված գնահատման փուլի ժամանակ նրան ոչ մի միավոր չի տրվում: Գոյան ատում էր այդ քանդակները: Այդ մասին նա խոստովանել է ավելի ուշ: 1766 թվականին նա մեկնում է Մադրիդ, որտեղ նրան Սան Ֆեռնանդոյի ակադեմիայի կազմակերպած մրցույթում սպասում էր նոր ձախողում: Մրցույթի թեման կապված էր Ալֆոնսո X Իմաստասեր թագավորի բարեգթության ու 16-րդ դարի ազգային հերոս-զինվորների սխրանքների հետ: Այդ կերպարները չեն ոգեշնչում Գոյային: Այդ ամենին զուգահեռ, Սարագոսայից մեկ այլ երիտասարդ գեղանկարիչ Ֆրանցիսկո Բաեուն, ով նաև մրցույթի գնահատման հանձնաժողովի անդամ էր, հանդիսանում էր հավասարակշռված ձևի ու ակադեմիական գեղանկարչության համախոհ և չէր ընդունում երիտասարդ Գոյայի երևակայական պատկերները: Մրցույթում առաջին մրցանակը ստանում է Բաեույի կրտսեր եղբայրը՝ 20-ամյա Ռոմանը: Մադրիդում Գոյան ծանոթանում է պալատական գեղանկարիչների աշխատանքների հետ, կատարելագործում է իր արվեստը:

1766 թվականի հուլիս և 1771 թվականի ապրիլ ամիսներին Հռոմում Ֆրանցիսկոյի անցկացրած ժամանակաշրջանը անհայտ է մնում: Համաձայն ռուս արվեստաբան Ա. Ի. Սոմովի, Իտալիայում գեղանկարիչը «զբաղված էր ոչ այնքան գեղանկարչական աշխատանքներով ու իտալական վարպետներին կրկնօրինակելով, որքան նրանց միջոցներն ու ձևերն ուսումնասիրելով»: 1771 թվականի գարնանը նա մասնակցում է Պարմայի ակադեմիայի մրցույթին, որի թեման անտիկ դարաշրջանի երգիծանկարներն էին: Նա իրեն անվանեց հռոմեացի և Բաեույի աշակերտ: Պարմայի ղեկավար իշխանն այդ ժամանակ հանդիսանում էր Ֆիլիպ Բուրբոն Պարմը՝ իսպանական թագավոր Կառլոս III-ը: Հունիսի 27-ին միակ մրցանակը «նրբագեղ գունավորման» համար շնորհվում է Պաոլո Բորոնիին: Այդ ժամանակ Գոյային քննադատում էին «կտրուկ գունավորման» համար: Այնուամենայնիվ, քննադատները գնահատում են նրա քանդակած Հաննիբալի կերպարը: Նրան շնորհում են Պարմյան գեղարվեստի ակադեմիայի երկրորդ մրցանակը, քանի որ հավաքել էր 6 ձայն․․․ Ավելին