Կազմակերպչական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազմակերպություն Նյու Յորքում

Կազմակերպչական սոցիալական հոգեբանությունը, հանդիսանում է սոցիալական հոգեբանության ճյուղ։ Կազմակերպչական հոգեբանության առարկան հաղորդակցման գործընթացի ազդեցությունն է մարդկանց մասնագիտական գործունեության վրա և առաջին հերթին այդ գործունեության արդյունավետության բարձրացման վրա։ Կազմակերպչական հոգեբանության հիմնական հասկացություններն են՝ կազմակերպություն, աշխատողի անձ, վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։ Հաղորդակցումը երկրորդական տեղ է զբաղեցնում աշխատանքի նկատմամբ, քանզի կազմակերպության ներսում հիմնական և առաջնային գործունեությունը աշխատանքն է։

Կատեգորիալ ապարատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային խումբ

Կազմակերպության ուսումնասիրումը ենթադրում է այնպիսի հասկացությունների կիրառում, ինչպես օրինակ՝ կառուցվածք և գործառույթներ, կազմակերպության դինամիկա, սոցիալ-հոգեբանական մթնոլորտ, կոնֆլիկտների առաջացման պատճառները և լուծման ուղիները, նորամուծությունների ընդգրկման գործընթաց։ Աշխատակցի անձի ուսումնասիրման ժամանակ կիրառվում են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ «կազմակերպչական պայմաններում աշխատակիցների ադապտացիա», «ղեկավարի անձը», «կազմակերպությունում անձնակազմի ընտրություն», հավաք, վերապատրաստում», «աշխատակիցների մասնագիտական և սոցիալ-հոգեբանական ուսուցման կազմակերպում», «կազմակերպության աշխատակիցների պահանջմունքների, հետաքրքրությունների, նորմերի, բարոյական արժեքների ուսումնասիրում»։ Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի վերլուծությունը հնարավոր է այնպիսի հասկացությունների կիրառման դեպքում, ինչպես՝ «աշխատանքից բավարարվածություն», «աշխատակիցների հասարակական և աշխատանքային ակտիվություն», «աշխատանքի արտադրողականություն», «աշխատանքի կանոնակարգում», «աշխատանքի խթանում» (նյութական և բարոյական)[1]։ Կազմակերպությունում աշխատող պրակտիկ հոգեբանն, իհարկե, հանդիպում է հասկացությունների ավելի լայն ոլորտի հետ, միառժամանակ հենց այս հասկացություններն են իրենցից ներկայացնում այն սոցիալ-հոգեբանական գործոնները, որոնք տեղ ունեն կազմակերպությունում։ Կազմակերպչական հոգեբանության կենտրոնական խնդիրն է ուսումնասիրել սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցությունն աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա։ Այս պլանում սոցիալական հոգեբանները ուշադրությունը կենտրոնացնում են երկու հարցերի վրա՝ այն սոցիալ-հոգեբանական գործոնները, որոնք առավել էականորեն են ազդում աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա և ինչ կերպ են դրանք ազդում։ Կազմակերպչական հոգեբանության բոլոր խնդիրները դիտարկվում են աշխատանքի արդյունավետության կոնտեքստում[2]։

Հոգեբանի տեղը կազմակերպությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձագետ-հետազոտող։)

Կազմակերպությունում աշխատող հոգեբանը կարող է զբաղեցնել երկու դիրք՝

  • Արտաքին՝ հետազոտողի և խորհրդատու հոգեբանի դեր (առավել հաճախ անձնակազմի գնահատում և վերապատրաստում, հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրում, կոնֆլիկտային իրավիճակների լուծում, անձնակազմի ուսուցում և այլն)։
  • Ներքին՝ գործնական հոգեբան, ով աշխատում է կազմակերպության ներսում։

Այս դիրքերը տարբերվում են թե՛ բովանդակությամբ, թե՛ գործունեության կառուցվածքով։ Արտաքին հոգեբանը առավել հաճախ զբաղվում է իրավիճակային, տեղայնացված խնդրով, այնինչ ներքին հոգեբանը անընդհատ աշխատանքային գործունեության մեջ է՝ գնահատելով իրավիճակը, անձնակազմի պատրաստվածությունը, բարոյական և հիգիենիկ միջավայրը և այլն[3]։

Հոգեբանի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրակտիկ հոգեբանը կազմակերպության ներսում իրականացնում է մի քանի գործառույթ՝

  • Հետազոտական-փորձագիտական
  • Խորհրդատվական
  • Մանկավարժական-լուսավորական

Հետազոտական-փորձագիտական գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական խորհրդատվություն(բայց ոչ հոգեթերապիա)

Հոգեբանը հավաքում է հատուկ տեղեկատվություն մարդու վարքի հոգեբանական մեխանիզմների մասին բազմակողմանի և բարդ կազմակերպչական հարաբերությունների համակարգում։ Կարևոր է խմբի և առանձին մարդու ուսումնասիրումը որպես աշխատանքի սուբյեկտներ։ Որպես կանոն հետազոտվում է ոչ թե տեսական խնդիրը, այլ կոնկրետ իրավիճակը։ Այնուամենայնիվ նմանատիպ կիրառական հետազոտություններ անցկացնելու նկատմամբ պահանջները չպետք է իջեցվեն. անպայմանորեն պետք է ձևակերպվեն հետազոտության վարկածները, ընտրվեն մեթոդներ և մեթոդիկաներ, չափողական գործիքներ, ֆիքսվեն և մշակվեն բոլոր արդյունքները, վերլուծվեն և ներկայացվեն վերջնական տեսքով։ Փորձագետը որևէ ոլորտի մասնագետ է, ով տալիս է եզրակացություն ինչ-որ հարցի դիտարկումից հետո, մեր պարագայում՝ կազմակերպչական իրավիճակներ դիտելիս։ Փորձագետը մտնում է գործի մեջ, երբ արդեն տեղի է ունեցել որևէ բան, և նա պետք է գնահատի տեղի ունեցածը։ Փորձագիտական եզրակացության մեջ մեծ նշանակություն ունի փորձագետի հեղինակությունը, իսկ իր եզրակացության նկատմամբ պատասխանատվությունը կարող է լինել լրիվ և ոչ լրիվ։ Սա նշանակում է, որ փորձագետը պատասխանատու է իր կատարած եզրակացության հիմնավորվածության, համապատասխանելիության համար, սակայն չի կրում պատասխանատվություն այն որոշումների համար, որոնք հետևում են իր կատարած հետազոտությունից և ներկայացված եզրակացությունից։ Փորձագիտական գնահատման հիմնական խնդիրը ոչ թե պատվիրատուին որոշակի որոշումների իրականացմանը մղելն է, այլ ստիպելը, որ նա նկատի ունենա առարկայական իրավիճակի վերլուծությունը, որ իրականացրել է ոլորտի մասնագետը, ահա թե ինչու է անհրաժեշտ, որ փորձագիտական եզրակացությունը լինի տեղայնացված և հասկանալի։

Խորհրդատվական գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսավորական Գործառույթ

Հոգեբանը խորհրդատվություն է իրականացնում մարդու անձնային և մասնագիտական հնարավորությունների օպտիմալ կիրառման հարցերով։ Նա մասնակցում է անձնակազմի կառավարմանն ուղղված տարատեսակ մեթոդների մշակմանը, կազմակերպության սոցիալական զարգացմանը, աշխատանքի կազմակերպման բարելավմանը և նմանատիպ այլ հարցերի լուծմանը։ Հատուկ տեղ ունի անհատական խորհրդատվությունը։ Անհատ խորհրդատուն ունի առավելություն անկախ և օբյեկտիվ տեսնելու իրավիճակը, բայց այս անկախությունը ձևավորելու համար անհրաժեշտ է, որ խորհրդատուն լինի ֆինանսապես և հուզականորեն անկախ ղեկավար մարմնից։ Խորհրդատվությունը, որպես կանոն, չի իրականացվում առանց հետազոտման և փորձագիտական դիրքորոշման ընդունման։ Խորհրդատուն կարող է լինեն ունիվերսալ կամ մասնագիտացած որևէ կոնկրետ խնդրով։ Անհրաժեշտ է, որ հոգեբան-խորհրդատուն ունենա չեզոք դիրք կազմակերպությունում, նա պիտի լինի սպիտակ և անդեմ պատ ու չունենա հատուկ վերաբերմունք կամ կարծրատիպ որևէ բանի կամ որևէ մեկի նկատմամբ։

Լուսավորական գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմի հետ աշխատանք թրեյնինգների ձևով

Հոգեբանը կազմակերպությունում կարող է իրականացնել յուրօրինակ ուսուցողական, լուսավորական գործառույթ, որ կապված է անձնակազմի՝ հոգեբանական հարցերի նկատմամբ հետաքրքրվածության հետ։ Հոգեբանը փոխանցում է հատուկ հոգեբանական գիտելիքներ, որոնք անձնակազմը կարող է ստեղծագործաբար կիրառել կազմակերպչական խնդիրներ լուծելիս։ Եթե փորձագետը վերլուծում է, խորհրդատուն երաշխավորում է և խորհուրդ է տալիս, ապա լուսավորականը շրջապատողների մոտ բարձրացնում է հոգեբանական գիտելիքների մակարդակը[4]։

Կազմակերպությունում հոգեբանի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական գործառույթները ենթադրում են կազմակերպության ներսում հոգեբանի առաջ հառնող խումբ խնդիրներ։ Այդ խնդիրները ներկայացված են երեք կատեգորիաներով։

Անձնակազմի հետ աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անձնակազմի գնահատում նրա վարձման, ատեստավորման և վերապատրաստման նպատակներով
  2. Մասնագիտական կողմնորոշում և խորհրդատվություն
  3. Անձնակազմի սոցիալ-հոգեբանական ուսուցանում և աշխատակիցների որակավորման բարձրացում
  4. Կազմակերպությունում աշխատակիցների ադապտացման գործընթացի արագացում, ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների բարելավում, կապ[5]

Աշխատանքի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային ոգու ստեղծումը հոգեբանի կարևոր գործառույթներից է
  1. Պարտականությունների նկարագրում, պարտականությունների իրականացման ատեստավորում
  2. Աշխատանքի պայմանների ուսումնասիրում, աշխատատեղերի կազմակերպում
  3. Աշխատակցի անձի ուսումնասիրում կազմակերպության համակարգի ներսում
  4. Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի, աշխատանքով մոտիվացվածության, աշխատանքի խթանման ուսումնասիրում

Կառավարում և պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորարարությունների ներմուծման և վերակազմակերպման սոցիալ-հոգեբանական ապահովում
  2. Խմբային նորմերի, բարոյականության, կազմակերպչական մշակույթի ձևավորում
  3. Կոնֆլիկտների լուծում
  4. Անձնակազմի ներսում սոցիալ-հոգեբանական մթնոլորտի վերահսկում, առողջ մթնոլորտի ստեղծում
  5. «Թիմի» ստեղծում
  6. Աշխատանքային դիսցիպլինի ստեղծում
  7. Կազմակերպության նկատմամբ հավատարմության ստեղծում[6]

Կազմակերպությունում հոգեբանի գործառույթները չեն սահմանափակվում այս երեք կատեգորիաներով։ Ամեն ժամանակ ունի իր մարտահրավերները և դրանց համապատասխան փոխվում է նաև կազմակերպության ձևը, դրա ներսում հարաբերությունների և աշխատանքային մշակույթը և, հետևաբար, նաև հոգեբանի գործառույթների ոլորտը և ձևը։ Արտասահմանյան կազմակերպչական հոգեբանները լուծում են այնպիսի խնդիրներ, ինչպես՝ աշխատակցի աշխատանքի որակավորման գնահատում, նրա խրախուսման և պատժի մեխանիզմների մշակում, խթանման մեթոդների ներմուծում և կիրառում, արդյունաբերական պրոպագանդայի և գովազդի կազմակերպում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Занковский, А. Н. Организационная психология : Учеб. пособие для вузов .- Москва: Флинта 2000.- 647 с.
  2. Почебут, Л. Г. Организационная социальная психология / Л. Г. Почебут, В. А. Чикер. - Санкт-Петербург : Речь, 2000. – 296 с.
  3. Джуэлл Л. Индустриально-организационная психология : учебник для вузов. - СПб., 2001. - 710 с.
  4. Дафт Р. Л. Организации : учебник для психологов и экономистов / Р. Дафт. - СПб., 2003. - 348 с
  5. Егоршин А. П. Управление персоналом : учебник для вузов по специальностям "Управление персоналом" и "Менеджмент организации" / А. П. Егоршин. - Н. Новгород, 2003. - 715 с.
  6. Психология менеджмента : учебник для вузов / под ред. Г. С. Никифорова. - СПб., 2004. - 638 с