Ծովային կրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովային կրիաներ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Chelonioidea



Ծովային կրիաներ (անգլ.՝ Sea turtles), սողունների դասին պատկանող ջրային կենդանիներ, որոնք շրջում են օվկիանոսներում[1]։ Կաշեմեջք կրիան ծովային կրիաների յոթ տեսակներից ամենամեծն է, որ հայտնաբերվել է Ատլանտյան օվկիանոսի ափերին։ Դրանց որոշ ներկայացուցիչներ կշռում են ավելի քան 682 կգ կամ 1500 ֆունտ։ Մյուս տեսակներն են Կանաչ կրիան, Ատլանտյան ռիդլին, Դեղնականաչավուն ռիդլին, Գիշատիչ կտուցը, Ավստրալական կանաչ կրիան, Գլխիկավոր կրիան[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային կրիա
Ցանցում հայտնված կրիա

Ծովային կրիաները միլիոնավոր տարիներ ապրել են աշխարհի բաց ծովերում ու ծովափնյա ծոցերում։ Նրանք իրենց հզոր կառուցվածքով՝ ուժեղ լողաթևերով և մեկ շնչով ջրի տակ ժամից ավելի մնալու ունակությամբ հիանալի հարմարեցվում են օվկիանոսային կյանքին։ Հսկայական, կարծր խեցիները պաշտպանում են նրանց թշնամիների մեծ մասից։ Սակայն քաղցած շնաձկան աչքին, անգամ կոշտ կրիան կարող է ախորժալի երևալ։ Հարձակման ենթարկվելիս կրիան կարող է բարձրացնել իր մարմինը և թշնամուն վախեցնելու համար լողաթևերով ուժեղ շրմփացնել ջուրը։ Կրիաները միասին են ճամփորդում բաց օվկիանոսում։ Տարվա ընթացքում խումբը կարող է հազար մղոնից ավելի անցնել։ Նրանք ժամանակի մեծ մասն անց են կացնում քնած՝ տրվելով ջրի մակերևույթի ազատ հոսքին։ Երբեմն նրանք բարձրանում են օվկիանոսը թափվող գետերն ի վեր և դառնում են ձկնորսների կարթերի զոհը։ Սակայն դա տևում է կարճ ժամանակ, որովհետև հզոր լողաթևի մեկ թափահարում և ձկնորսական կարթի թելը կտրված է։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովերում կրիաները կարող են բազմատեսակ սնունդ գտնել։ Նրանք հաճախ բավարարվում են միայն ձկներով, սակայն երբեմն ուտում են նաև ծովային բույսեր, խեցգետիններ, կակղամորթներ, ոստրեներ, ծովային սպունգ, մանր ծովախեցգետին և անգամ մեդուզաներ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

YosriTelurPenyu6.jpg

Նրանք հսկայական տարածություններ են լողում բաց օվկիանոսում, սակայն ամեն տարի ուշ գարնանը կամ վաղ ամռանը, վերադառնում են նույն ափը՝ զուգավորվելու և ձու դնելու։ Միացյալ Նահանգներում նրանց բնադրման տարածքները գրավում են Հյուսիսային Կարոլինայից մինչև Տեխաս ձգվող ծովեզրը։ Ամառային գիշերների ընթացքում, մակընթացության ժամանակ, մայր կրիաները լողում են դեպի ափ՝ իրենց բունը փորելու և ձու դնելու։ Նրանք այնքան են շրջում ափին, մինչև գտնում են բունը փորելու համար ամենահարմար տեղը։ Մայր կրիան իր չորս լողաթևերով մի ոչ խորը բացվածք է անում ընտրած տեղում, ապա օգտագործելով միայն հետևի լողաթևերը, ավազի մեջ փորում է մի կլոր փոս։ Մեծ զգուշությամբ նա մարմնով կողքից կողք է շարժվում, ամեն անգամ միայն մեկ լողաթևով և շատ կոկիկ հանելով ավազը։ Երբ փոսն այնքան խորն է լինում, որ նա այլևս չի կարողանում հասնել դրա հատակին՝ սովորաբար 60 սմ կորությամբ և 25 սմ լայնությամբ նա դադարեցնում է աշխատանքն ու սկսում է ձվադրությունը։

Turtle golfina escobilla oaxaca mexico claudio giovenzana 2010.jpg

Այն պահից, երբ ձվերը սկսում են դուրս գալ, նա այլևս ուշադրություն չի դարձնում կողքի դիտորդներին։ «Արցունքների» լայն շիթերը հոսում են նրա դեմքն ի վար, սակայն իրականում նա չի արտասվում։ Նրա աչքերն անընդհատ թրջվում են ավազի հատիկներից պաշտպանվելու համար։ Էգ կրիային մոտ 20 րոպե է պետք 100-150 ձու դնելու համար։ Ձվերը կատարյալ կլոր ձև ունեն՝ մոտավորապես գոլֆի գնդակի չափ, և բավականին ամուր են, որպեսզի բնի մեջ ընկնելիս չկոտրվեն։ Վերջացնելուն պես նա բույնն արագ ծածկում է՝ լողաթևերով ավազը հետ լցնելով, և շուրջն էլի ավազ է շաղ տալիս՝ բնի տեղը թաքցնելու համար։ Մի քանի րոպե հանգստանալուց հետո, նա շրջվում է դեպի մութ օվկիանոսը, ծուլորեն տրվում է ջրի մակերեսի հոսանքին ու ապա լողում է դեպի բաց ծովը։ նա իր ձվերը թողնում է արևի ջերմությամբ հասունանալու, իսկ ձագերին՝ միայնակ լույս աշխարհ գալու։ Ամառվա ընթացքում մայր կրիան կարող է մի քանի անգամ «բնադրել»։ Ամեն մի բնադրումից հետո նա կրկին միանում է իր զուգընկերոջը՝ ցամաքից հեռու, ջրի մեջ։ Հայր կրիաները ջրից երբեք դուրս չեն գալիս, սակայն ամբողջ ամառը համբերատար սպասում են ափի մոտ, մինչև խումբը կրկին կազատվի բաց ծովում լողալու համար։

Ձագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ կրիաները ձվից դուրս են գալիս մոտ վեց օր անց։ Կախված ծովային կրիայի տեսակից, նրանք կարող են մեկից չորս դյույմ լինել։Նրանք միասին, դանդաղ փորում ու վեր են բարձրանում ավազի միջով։ Նրանք սպասում են մինչև մութն ընկնելը, և հանկարծ, դուրս են ժայթքում բնից, ուր նրանց ոչնչացնելու պատրաստ թշնամիներ են սպասում։ Ափին վխտում են սնունդ փնտրող ջրարջերը, վայրի շներն ու խոզերը։ Ծովում սպասում են մեծ ձկները։ Ոչ ոք չգիտե, թե ինչ է պատահում փոքրիկ կրիաներին ջուրը մտնելուց հետո։ Նրանք պարզապես անհետանում են և երևան են գալիս միայն բավականաչափ մեծանալուց հետո։ Ձագերից շատ քչերն են հասնում հասուն տարիքի, որովհետև ձագերի միայն մի մասն է կենդանի մնում։

Կրիան որպես ուտելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Turtle egg kota bharu.jpg

Կրիաների ձվերը հավաքվում և վաճառվում են շուկաներում։ Նրանց որոշ տեսակների միսը համեղ է, և մինչ օրս էլ դրանց որսում են և օգտագործում կրիայի ապուր և «թրթլբուրգեր» (անգլերեն կրիա՝ turtle բառից) պատրաստելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Avise, J. C.; Hamrick, J. L. (1996). Conservation Genetics. Springer. ISBN 0412055813.
  2. Fisheries, NOAA. "Sea Turtles :: NOAA Fisheries". www.nmfs.noaa.gov. Retrieved 2015-12-20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։