Խորհրդավոր ընթրիք (Տինտորետտո)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տինտորետտո |
տարի | 1594 |
բարձրություն | 365 սանտիմետր |
լայնություն | 568 սանտիմետր |
ուղղություն | մաներիզմ[1] և Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | հոգևոր արվեստ և Proto-Baroque?[1] |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Սան Ջորջո Մաջորե տաճար և Վենետիկ[2] |
հավաքածու | Սան Ջորջո Մաջորե տաճար |
հիմնական թեմա | խորհրդավոր ընթրիք |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tintoret/5_1580s/3lastsup.html կայք |
«Խորհրդավոր ընթրիք» (իտալ.՝ Ultima Cena), Տինտորետտոյի նկարը՝ ստեղծված մոտավորապես 1592 թվականին: Այս աշխատանքը հեղինակի վերջին անդրադարձն է իր սիրած թեմաներից մեկին: «Խորհրդավոր ընթրիքը» Տինտորետտոյի կողմից նկարվել է հատուկ վենետիկյան Սան Ջորջո Մաջորե տաճարի համար, որտեղ և մինչ օրս գտնվում է նկարը[3]: Նկարը զարմացնում է գեղանկարչական համարձակությամբ, որի մեջ վարպետորեն միահյուսվել են երկրային և աստվածային տարրերը[4]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարիչը պատկերել է այն պահը, երբ Քրիստոսը բաժանում է հացը և արտասանում այս բառերը. «Այս է մարմինը Իմ»: Տեսարանը հագեցած է խոր ներշնչվածությամբ և խորհրդավոր հուզականությամբ, որը պարուրել է զատկական սեղանի շուրջ նստածներին: Գործողությունը տեղի է ունենում աղքատիկ պանդոկում, որի կիսախավարում թաղված տարածությունը անսահման է թվում. այս տպավորությունն ստեղծվում է գլխավորապես նկարի անկյունում պատկերված երկար սեղանի շնորհիվ: Սեղանի շուրջ տիրող խորհրդավոր և տեղի ունեցող հրաշքի լարված հուզական մթնոլորտի տպավորությունը վերարտադրելու համար նկարիչը ցայտերանգության է դիմում. առջևի պլանի աջ կողմում նա պատկերել է սյուժեի հետ բացարձակապես կապ չունեցող մի քանի առարկաներ և կերպարներ. հատակին շարված են սափորներ և պարենով լի զամբյուղ, որին ուղղված է կատվի հայացքը, պանդոկապանը ինչ-որ բանի շուրջ խոսում է սպասուհու հետ, մեկ այլ կին սեղանից վերցնում է մրգերով լի պնակը[5]:
Նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խորհրդավոր ընթրիք» նկարը ստեղծվել է 1592-1594 թվականների ընթացքում: Առաջին հայացքից թվում է, որ հրաշքի զգացումը սքողվել է խրախճանքի տեսարանով. կենցաղային մանամասները վերարտադրվել են ամենայն մանրամասնությամբ: Սենյակը ողողված է անբնական լույսով, Քրիստոսի և առաքյալների գլուխներն օղակված են շողացող լուսապսակներով: Այս կտավը կարելի է համարել ամփոփիչ գործ՝ Տինտորետտոյի ստեղծագործության մեջ[6]: Այն ստեղծվել է արտասովոր զգացմունքով և այնպիսի վարպետությամբ, որը հասանելի է միայն հասուն նկարչին: Դիտողի վրա հատուկ տպավորություն է թողնում սեղանի անկյունագիծը. այն տեսողականորեն բաժանում է աստվածային աշխարհը մահկանացուների աշխարհից[4]:
Դիցաբանական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապագա դավաճանին՝ Հուդա Իսկարիովտացուն, վարպետը նկարել է սեղանի անկյունում նստած՝ այդ կերպ նրան առանձնացնելով Քրիստոսի մյուս աշակերտներից: Այս կոմպոզիցիոն հնարքին դիմել են շատ նկարիչներ[4]:
- Նկարի աջ կողմում պատկերված են Քրիստոսին և Նրա աշակերտներին սպասավորող կերպարներ: Խորհրդավոր ընթրիքի անցկացման վայրի մասին Աստվածաշնչում բավականին անորոշ է հիշատակվում: Ավելի հավանական է, որ Տինտորետտոյի նկարում այն տեղի է ունենում իջևանատանը, ոչ թե սովորական քաղաքային տան մեջ[4]:
- Առջևի պլանում պատկերված է շուն, որը ոսկոր է կրծում, և կատու, որը փորձում է զամբյուղի մեջ մտնել: Նման կենցաղային մանրուքները բնորոշ են Տինտորետտոյին[4]:
- Քրիստոսի գլխավերևում շողարձակող լուսապսակը և հրեշտակների ուրվապատկերները վկայում են Տինտորետտոյի՝ լույսի հետ աշխատելու անկրկնելի ձիրքի մասին[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Make Lists, Not War — 2013.
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ Тайная вечеря Тинторетто — сходка в трактире // 1001 чудо света.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тинторетто // Художественная галерея. — 2005. — № 37. — С. 12—13.
- ↑ Тайная вечеря Тинторетто // Арт-кафе.
- ↑ Биография Джакопо Робусти Тинторетто // greekroman.ru.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Искусство живописи Тинторетто Archived 2012-03-08 at the Wayback Machine.