Խեթական կերպարվեստ և ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խեթական կերպարվեստ և ճարտարապետություն, խեթական արվեստի հնագույն նմուշները (մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կես) ոսկե, բրոնզե, պղնձե կնիք-խորհրդապատկերներ են, կենդանիների արձանիկներ, խեցեղեն իրեր։ Մ. թ. ա. II հազարամյակում միակտուր քարերից կառուցվել են ամրությունների բարդ համակարգով, հատակագծում շրջանաձև ամրոց-բնակավայրեր և ամրոց-ապաստարաններ։ Բնակելի տները (երբեմն երկհարկանի) ունեցել են հարթ ծածկ, ճակատի կողմից՝ բաց բակ։ Տարածված է եղել կառույցի (տներ, պալատներ, տաճարներ) «բիտ-հիլանի» տիպը, որը երկայնական կողմում ունեցել է ուղղանկյուն կողային աշտարակներով և սյունազարդ պորտիկով մուտք։ Պատերի ներքևի մասը հաճախ արտաքինից երեսապատվել է քանդակազարդ քարե ուղղադիր սալերով (այսպես կոչված՝ օրթոստատներով)։ Բարձր զարգացման հասցված բոլորաքանդակը և բարձրաքանդակը, որպես կանոն, կերտվել են քարի խոշոր բեկորից (առյուծների և սֆինքսների կիսաֆիգուրներ Հատտուսայի դարպասներին, մ. թ. ա. XVIII դար, աստվածների զանգվածեղ արձաններ)։ Օրթոստատների և կոթողների հարթաքանդակները (սրբազան կենդանիներ, աստվածներ, աղոթող թագավորներ, պալատական կյանքի տեսարաններ) աչքի են ընկնում մոնումենտալությամբ, ստատիկությամբ, կերպարների խստորոշ հզորությամբ, ազատ կոմպոզիցիայով։ Առավել կանոնիկ են սրբազան ժայռաքանդակները։ Մ. թ. ա. IX-VIII դդ. խեթերի արվեստը հետզհետե կորցրել է ինքնատիպությունը՝ կրելով ասորական ու արամեական մշակույթների ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 45