Խաչիկ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Պողոսյան
Ծնվել է1875/1876
ԾննդավայրԿերմիր, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ
Մահացել է1955
Մահվան վայրՀալեպ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարան,
Լոզանի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
ԱշխատավայրԼոզանի Սըրիի հոգեբուժական կլինիկական հիվանդանոց,
Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոց,
Ազգային Վերժին Կյուլպենկյան մայրանոց
Պաշտոնհոգեբուժական բաժանմունքի վարիչ,
բժշկապետ,
Բե­րիո թե­մի Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ատե­նա­պե­տ,
«Եփ­րատ» պաշտոնաթերթի տնօ­րե­ն

Խաչիկ Պողոսյան (1875/1876, Կերմիր, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ- 1955, Հալեպ), հայ հոգեբույժ, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ, հասարակական և կուսակցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875/1876 թվականին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Կերմիր գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1895-1896 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանում, բայց ուսումը կիսատ է թողել։ 1896-1901 թվականներին սովորել է Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1899-1900 թվականներին, լինելով բարձրագույն կարգի ուսանող, մրցույթով անցնելով, որպես ինտերն ընդունվել է Լոզանի Սըրիի հոգեբուժական կլինիկական հիվանդանոցը և, 6 ամիս մասնագիտանալով հոգեկան հիվանդությունների գծով՝ պրոֆեսոր Մահմեի երաշխավորությամբ հոգեբույժի վկայական է ստացել։ 1900-1902 թվականներին նույն հիվանդանոցում օգնական-հոգեբույժ է աշխատել։ 1902 թվականին, հրաժարվելով պաշտոնից, մի քանի ամիս գիտական ճամփորդություն է կատարել Գերմանիայում և Ֆրանսիայում։ Եղել է Շվեյ­ցա­րի­ա­յի և Փարիզի հոգեբուժական ընկերությունների անդամ։

1902 թվականին Խ. Պողոսյանը վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ իր ազգայնական հայացքների պատճառով ենթարկվել է հալածանքի, ձերբակալվել և աքսորվել իր ծննդավայր Կեսարիա։ Այնուհետև հաջողել է կրկին վերադառնալ Կ. Պոլիս։ 1902-1906 թվականներին Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում օգնական-հոգեբույժ է աշխատել։ 1906-15 թվականներին նույն հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի հոգեբույժ, ապա՝ բաժանմունքի վարիչ է աշխատել։ Այդ բաժանմունքում տարեկան բուժվել է հոգեկան հիվանդություններով տառապող շուրջ 200 տղամարդ և 100 կին։ Որոշ ժամանակ վարել է նաև հիվանդանոցի բժշկապետի պաշտոնը։

1908 թվականին, երբ հիմնվել է հետագայում Ռամ­կա­վար ազա­տա­կան կու­սակ­ցու­թյան (ՌԱԿ) առանցքային ուժերից մեկը դարձած Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը (ՀՍՌԿ), անդամակցել է դրան։ 1910 թվականին Գաղատիայից ընտրվել է Կ. Պոլսի Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ (այսինքն՝ ազգային երեսփոխան), վերընտրվել՝ 1913 թվականին։ 1910 թվականին Կ. Պոլսի Գաղատիա թաղամասի Կեդրոնական վարժարանի խնամակալության անդամ է նշանակվել։

1915 թվականի ապրիլի 11 (24) ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականի ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, որպես ձերբակալվածներ, գնացքով տեղափոխվել են Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարըկըշլա հին զորանոց-բանտը։ Մի քանի ամիս անց ազատվել է բանտից և տանջանքներով անցնելով Այաշ-Անկարա-Հալեպ ճանապարհը, վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսում եղել է Կոմիտասի հոգեկան առողջությամբ զբաղվող առաջին հոգեբույժը։ 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականի զինադադարից հետո զորացրվել է բանակից և Կ. Պոլիս վերադարձել։ Հավանաբար 1923 թվականին տեղափոխվել է Սիրիա, բնակություն հաստատել Հալեպ քաղաքում և հոգեբույժ աշխատել։ 1925 թվականին մի խումբ ազգայնականների հետ հիմնել է Հալեպի Հայ Կարմիր խաչը։ 1935-55 թվականներին եղել է Հալեպում 1935 թ. հիմնադրված Ազգային Վերժին Կյուլպենկյան մայրանոցի (ծննդատան) խնամակալության ատենապետն ու պատվավոր նախագահը։ Եղել է շատ ճանաչված ազգային գործիչ, եռանդուն ու նվիրված կուսակցական, հարգված անձնավորություն, Հյուսիսային Սիրիայի ՌԱԿ ակումբների ղեկավարը, ՌԱԿ պաշտոնաթերթ «Եփ­րատ»-ի (Հալեպ) արտոնատերն ու տնօրենը, Բերիո (Հալեպի) թեմի Քաղաքական ժողովի ատենապետը։ Թերթերում և տարեցույցներում տպագրված բժշկական հոդվածների հեղինակ է։

Մահացել է 1955 թվականի ապրիլին Հալեպում` 80 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները. Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Փոլադյան Անդրանիկ Լ., Հերկ եւ բերք, Բեյրութ, «Սի­փան» հրատարակչություն, (հրատարակման վայր է նշվել ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգ), 2002, 464 էջ։
  • Մինասյան Հարություն, 100 հայ հոգեբույժներ, Կենսագրական բառարան, գիրք Բ, Երևան, 2004։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։
  • «Եղեռ­ն էն վե­ր ապ­րող հա­լե­պա­հայ գա­ղու­թին երախ­տա­ւո­րը – Տոքթ. Խա­չիկ Պօ­ղո­սե­ան (1875-1955)», կազմող՝ Թորոս Թորանեան, խմբագիր՝ Վաչէ Ղազարեան, Նիւ Եորք, 2009։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։