Մասնագիտությամբ երիզագործ է։ Սովորել է Կարինի ազգային վարժարանում։ Ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիրական գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուսական բանակին օգնելու նպատակով։ 1881 թվականի մայիսին Կարինում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը։ Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ։
1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել։ Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886 թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել։ Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն 1890 թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին։ Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ, ընդհարվել է ՀՅԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ։
Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Արամ Արամյանը ահաբեկել և գնդակահարել է Կերեքցյանին[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 392)։