Արամ Արամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արամ Արամյան | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1899 թվականի Օգոստոսի 9 |
Մահվան վայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մայրենի լեզու | հայերեն, թուրքերեն |
Կրթություն | Սանասարյան վարժարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Արամ Արամյան (Աշոտ, Թաթուլ) (1870, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1899, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ ով առավել հայտնի է ազատագրական շարժման գործիչ Խաչատուր Կերեքցյանի սպանությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաթուլը (Աշոտ, Արամ Արամյան) ծնվել է 1870 թվականին Կարինում (Էրզրում)։ Հովասափյան ընտանիքի զավակ։ Ուսանել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար։ 1888-1889 թվականներինԹիֆլիսում մտել է հեղափոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում։ 1891 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նույն թվականին Կարինում գաղափարական տարաձայնությունների պատճառով անարդարացիորեն ահաբեկել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր–անդամ Խաչատուր Կերեկցյանին։ 1895–1896 թվականներին գործակցել է Հրայր–Դժոխքի (Արմենակ Ղազարյան) հետ` գործունեություն ծավալելով Կարսում, Բասենում, Կարինում։ Կարսում մասնակցել է ՀՅԴ մարտական և զինատար խմբերի կազմավորման, զինման և Արևմտյան Հայաստան առաքման աշխատանքներին։ 1896 թվականի հուլիսի 2–ին Բասենի Քյոփրիքյոյ գյուղում մատնությամբ ձերբակալվել է։ 1897 թվականին փոխադրվել է Էրզրումի բանտ։ Թաթուլը բանտից գաղտնի կապեր է հաստատել Կարինի և Տարոնի ՀՅԴ գործիչների հետ։ 1899 թվականի օգոստոսի 9–ին (ն. տ. օգոստոսի 21-ին) Թաթուլը թուրքական դատարանի վճռով կախաղան է բարձրացվել` Խաչատուր Կերեկցյանին սպանելու մեղադրանքով։ Նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»[1]։ Թաթուլին է նվիրված «Քաջ Արամ» երգը։ Թաթուլը պաշտպանել է անհատական ահաբեկչության գաղափարը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1937, թիւ 12, էջ 126–133:
- Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. 1, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1934, 395 էջ։
- Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. 2, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1938, 464 էջ։
- Լազեան Գաբրիէլ «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», Գահիրէ, 1949, 397 էջ։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 52։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Հր. Տասնապետեանի, Բ. հատ., բ. տպ., Պէյրութ, 1985, 395 էջ։
- Սեւեան Ռուբէն «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին գործիչներն ու հերոսները», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1937, թիւ 9, էջ 107–108:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005