Խաչակրաց արշավանքների հետևանքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաչակրաց արշավանքների հետևանքները, արշավանքները վերջ տվեցին բյուզանդացիների և արաբների առևտրական տիրապետությանն Միջերկրական ծովի արևելյան մասում։ Վենետիկցիներն ու ջենովացիները, չնայած Սիրիայից ու Պաղեստինից խաչակիրներին դուրս մղելուն, մնացին որպես միջերկրածովյա առևտրի տնօրինողներ։ Ջենովան հիմնավորվեց բյուզանդական տիրապետություններում։ Վենետիկը սերտ հարաբերություններ հաստատեց Եգիպտոսի հետ։ Արևելքի տեխնիկան ու կուլտուրան ծանոթ դարձան խաչակիրներին։ Հավանաբար արևելյան տեխնիկան քիչ ազդեցություն չի ունեցել տեքստիլ արդյունաբերության և մետաղամշակման վրա։ Մի շարք գործվածքներ, որոնք սկսեցին պատրաստվել, արևելյան անուն էին կրում։ Արևմուտքի տեքստիլ արդյունաբերությունը շատ բանով կախված էր Արևելքից ներմուծվող ապրանքներից։ Այստեղից էին գալիս մետաքսը, բամբակը, մի շարք ներկարարական նյութեր, շիբը, որ գործածվում էր գույներն ամրացնելու համար։ Փոխ էին առնվել սպառազինության որոշ առարկաներ, օրինակ, արբալետը, շեփորն ու թմբուկը, վահանների վրա զինանշան կրելու սովորույթը։ Եվրոպայում տարածվում է նաև արևելյան որոշ սովորույթներ՝ ուտելուց առաջ ձեռքերը լվանալը, մորուք կրելը, տաք բաղնիքը։ Խաչակրաց արշավանքները քիչ ազդեցություն չեն ունենում տիրող դասակարգի ապրելակերպի ու պահանջներ վրա։ Արևելքում ապրած ասպետները արդեն չէին բավարարվում տնային պայմաններում գործած կոպիտ հագուստով և իրենց այգիների խաղողից քամված վատ գինիներով, չէին բավարարվում իրենց նեղ, անհարմարավետ դղյակներով։ Նրանց պահանջմունքները մեծացել էին, դրանք բավարարելու եղանակները՝ բազմապատկվել։ Արևելքի հետ ունեցած ապրանքաշրջանառության աճման շնորհիվ։ Այնտեղից բերվում էին պերճանքի առարկաներ, համեմունքներ։ Բայց եթե Խաչակրաց արշավանքները ազդեցություն գործեցին Արևմտյան Եվրոպայի կուլտուրայի վրա՝ եվրոպացիներին ծանոթացնելով Արևելքի բարձր կուլտուրայի հետ, ապա արևելյան երկրներին նրանք լոկ քայքայում և ավերածություն բերեցին։ Բյուզանդիան այլևս չի կարողանում ոտքի կանգնել այն հարվածներից, որոնք նրան հասցնում են խաչակրաց չորրորդ արշավանքը և Լատինական կայսրության կողոպտիչ տիրապետությունը։ Մուսուլմանական Արևելքի երկրներում խաչակիրները իրենց բարբարոսության ու դաժանության հետքերն են թողնում։ Քրիստոնյա Եվրոպացիների «ֆրանկների» անունն ամբողջ Արևելքում ատելի ու անարգական է դառնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Դ.Սկազկին=|Միջին դարերի պատմություն=|Հատոր I=|Հայպետհրատ=|Երևան=|1962=|էջեր 569=|էջ 70-73