Խաղող մշակովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղող մշակովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Դժնիկածաղկավորներ
Ընտանիք Խաղողազգիներ
Ցեղ Խաղող
Տեսակ Խաղող մշակովի
Լատիներեն անվանում
Vitis vinifera
Հատուկ պահպանություն

Խաղող մշակովի (լատ.՝ Vitis vinifera), խաղողազգիների ընտանիքի, խաղող ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա է, որը կարող է հասնել մինչև 20-30 մ բարձրության, իսկ բնի շրջագիծը՝ 1,5 մետրի, որը ծածկված է կարմրավուն, կոպիտ թելանման կեղևով։ Ընձյուղները կարմրավուն են կամ դեղնավուն, մերկ կամ ծածկված բամբականման աղվամազով, հանգույցներում ընդհատվող բնափայտով։ Բեղիկները դասավորված են ընդհատումներով, բացկայում են յուրաքանչյուր երրորդ հանգույցում։ Բողբոջները դարչնագույն են, ծածկված խիտ, թաղիքանման մազմզուկներով։ Տերևները համարյա կլորավուն են, 5-20 սմ, 3-5 բլթականի կամ կտրտված մինչև փետրանման, հազվադեպ ամբողջական են, երբեմն հիմքի մոտ նեղ, փակ փոսիկով, անհավասար և մեծ մասամբ բթավուն սղոցաատամներով, մերկ կամ մազմզուկապատ, հատկապես ներքևի կողմից։ Ծաղիկները հավաքված են հուրաններում, երկսեռ են կամ ֆունկցիոնալ վարսանդային, կարճ, դեպի հետ թեքված առէջներով։ Ողկույզները նոսր են կամ խիտ։ Տարբեր սորտերի ողկույզները տարբեր ձև ունեն։ Հատապտուղները կլորավուն են, էլիպսանման, երկարավուն-գլանաձև, ձվաձև կամ հակառակ ձվաձև, 0.6-2.2 սմ տրամագծով, սևամանուշակագույն, ծիրանագույն, մուգ կարմիր, վարդագույն, դեղնականաչավուն, կանաչավուն կամ կանաչ, խիտ կամ դոնդողանման, հյութալի, քաղցր կամ թթվաշ պտղամսով, 3-4 սերմերով, որոնք տանձանման են, տարբեր չափի կտուցիկով։ Ծաղկում են մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին-սեպտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակովի խաղողի հայրենիքը և նրա ծագման հարցերը դեռևս պարզաբանված չեն։ Գիտնականների մեծ մասը գտնում է, որ այս արժեքավոր կուլտուրայի հայրենիքը Հայաստանն է։ Անգլիացի բնագետ-պատմաբան Ֆոեքսը գրում է. «Ամենահին ժամանակներում մարդը գտավ խաղողի որթը Հայաստանում, ուր նրա պտուղներ վայրի դրությամբ հասնում էին զարմանալի զարգացման»: Որոշ գիտնականներ մշակովի խաղողի նախահայրը համարում են անտառային խաղողը, ուրիշները այն համարում են հիբրիդային տեսակ, որի վայրի նախնիները ոչնչացել են։

Մշակովի խաղողը բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Սերմերով բազմացնում են միայն սելեկցիոն աշխատանքների ժամանակ՝ նոր սորտեր ստանալու նպատակով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է կտրոններով, անդալիսով և պատվաստով: Մշակովի խաղողը ջերմասեր է, լուսասեր, բավականին խոնավասեր, չնայած լավ է դիմանում կարճատև երաշտին: Լավ է աճում փխրուն, ավազակավային, կավաավազային, սննդանյութերով հարուստ հողերում: Գոյություն ունեն մշակովի խաղողի բազմաթիվ սորտեր, որոնք մշակվում են ամենատարբեր բնակլիմայական պայմաններում: Հայաստանի պայմաններում դրանք տեղաբաշխվում են ըստ էկոլոգիական առանձնահատկությունների և տնտեսական նշանակության: Արտաշատի, Էջմիածնի, Մասիսի, Արարատի և Շահումյանի շրջաններում մշակվում են Կախեթի, Մսխալի, Տոկուն, Ոսկեհատ, Մեղրու Վաղահաս, Սպիտակ Արաքսենի, Շահումյանի, Արարատի, Սևանի սորտերը, Աշտարակի, Նաիրիի, Աբովյանի, Թալինի շրջաններում՝ Ոսկեհատ, Ոքածիթելի, Հադիսի, Պինոսև, Շահումյանի, Արարատի, Դեղին Երևանի, Սպիտակ Արաքսենի սորտերը, Թումանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջաններում՝ Ալիգոտե, Պինո սև, Լալվարի, Ոքածիթելի, Շահումյանի, Գեղարդ, Մուսկատ, Սուսաննա, Իծապտուկ, Ֆիլոքսերադիմացկուն սորտերը, Վայքում մշակվում են Սև Արենի, Սապերավի, Մեղրու վաղահաս, Իծապտուկ, Արարատի, Վարդագույն Երևանի, Թավրիզենի սորտերը: Զանգեզուրում խաղողի սորտերի շրջանցումը կատարվել է հետևյալ կերպ. Մեղրու շրջանում՝ Արևիկ, Սպիտակ, Ալդարա, Գորիսի շրջանում՝ Կարմիր կոթենի, Ալիգոտե, Պինո սև, Ղափանի շրջանում՝ Կարմիր կոթենի, Ալիգոտե, Պինո սև, Կիրովաբադի սեղանի, Շահումյանի, Թավրիզենի, Իծապտուկ: Հայաստանում մշակովի խաղողը արդյունաբերական նպատակներով մշակվում է Արարատյան դաշտում ծովի մակարդակից մինչև 1300-1400 մ, նախալեռնային գոտում մինչև 1500 մ բարձրության վրա: Ջանգեզուրում և Վայքում խաղող կարելի է մշակել մինչև ծովի մակարդակից 1750 մ բարձրությունների վրա: Մշակովի խաղողը վերջին տարիներին մշակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մ բարձրությունների վրա (Քաջարան, Փամբակ, Ջիլ, Սատանախաչ), սակայն պտուղները լրիվ չեն հասունանում և շատ թթու են:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողը հսկայական ժողովրդատնտեսական նշանակություն ունի, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքարներ, օրգանական թթուներ և վիտամիններ։ Խաղողից հիմնականում ստանում են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ (գինիներ, կոնյակներ, օղի), հյութ, օշարակներ։ Հատապտուղներն օգտագործվում են թարմ վիճակում, չորացնում են, դրանցից մուրաբաներ, պահածոներ են պատրաստում։ Շաքարի պարունակությունը հատապտուղներում հասնում է 20-25 %-ի, խնձորաթթուն՝ մինչև 1 %, պարունակում է B1, B2 (հետքեր) և C վիտամիններ: C վիտամինի քանակությունը տարբեր սորտերում տարբեր է և սովորաբար հասնում է 0,43-12,3 մգ/տոկոսի: Գինու արտադրության թափոններից ստացված ամենաարժեքավոր նյութերն են գինեթթուն և սպիրտը, որոնք լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ, սննդի և քիմիական արդյունաբերություններում: Թափոններից ստանում են նաև ներկեր՝ ֆրանկֆուրտյան սև ներկ և վառ, պղնձականաչ էնանտյան եթեր: Քամվածքը՝ կրի հետ խառնած, օգտագործում են որպես անասնակեր և պարարտանյութ: Սերմերից յուղ են ստանում, որը օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկայում: Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9-10, 1 8-19, 20ա, 23-25, 27-28, 31-32:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 207209։