Խալազիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալազիոն
Chalazion
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
 Chalazion Վիքիպահեստում

Խալազիոն, ճարպագեղձի խցանված հանգույց կոպեզրի վրա[1]։ Սովորաբար գտնվում է կոպեզրի մեջտեղում, կարմիր է և ոչ ցավոտ[2]։ Հայտնվում է աստիճանաբար՝ մի քանի շաբաթվա ընթացքում[2]։

Խալազիոնն առաջանում է գեղձերի կարծրացած յուղերով խցանման հետևանքով[2]։ Խցանված գեղձը սովորաբար մեյբոմյան գեղձն է, բայց կարող է լինել նաև Զեյսի գեղձը[3]։ Գարիկը (հորդեոլում) և հարակնակապճային ցելյուլիտը կարող են նման լինել[2]։ Գարիկը սովորաբար ավելի հանկարծակի է առաջանում, ցավոտ է և տեղակայված է կոպի եզրին[2]։ Ցելյուլիտը նույնպես սովորաբար ցավոտ է[2]։

Բուժումը սկսում են տաք կոմպրեսներով[2]։ Եթե դա արդյունավետ չէ, կատարվում է ստերոիդներով ներարկում վնասվածքի մեջ[2]։ Եթե այն չափերով խոշոր է, կարող է առաջարկվել կտրվածք և դրենաժավորում։ Հիմնականում այդ հիվանդության հանդիպելու հաճախականության պատճառը անհայտ է[4]։ «Chalazion» տերմինը հունարենից թարգմանաբար նշանակում է «փոքր կարկուտ»[5]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալազիոն կոպեզրին
  • Կոպեզրի անցավ այտուց
  • կոպերի չափավոր բորբոքում
  • ուժեղացած արցունքահոսություն
  • կոպի ծանրություն
  • շաղկապենու կարմրություն

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր խալազիոնը կարող է առաջացնել աստիգմատիզմ՝ եղջերաթաղանթի ճնշման հետևանքով։

Աչքի լազերային վիրաբուժությունը իրենից ներկայացնում է եղջերաթաղանթի ձևավորում դրա մասերը այրելու միջոցով, ինչը թուլացնում է դրա կառուցվածքը և հետվիրահատական շրջանում, նույնիսկ փոքր խալազիոնի հեռացումից հետո, հիվանդների եղջերաթաղանթը հակված է դեֆորմացիաների։

Բարդությունները, ներառյալ հիպոպիգմենտացիան, կարող են առաջանալ ստերոիդային ներարկումների արդյունքում։

Նույն տեղում կրկնվող խալազիոնը երբեմն կարող է լինել ճարպագեղձերի բջիջների քաղցկեղի ախտանիշ։ Երբեմն, որպես վերջին միջոց, կատարվում է վիրահատություն։ Կոպը անզգայացնում են տեղային կերպով, սեղմիչը դրվում է կոպի վրա, այնուհետև կոպը շրջվում է, կոպի ներսի մասում կատարվում է կտրվածք, խալազիոնը չորացվում է և քերվում է կյուրետով։ Վերին կոպի սպին կարող է անհանգստություն պատճառել, քանի որ որոշ հիվանդներ թարթելիս զգում են այն։ Իհարկե, քանի որ գործողությունները ինվազիվ են և վնասում են առողջ հյուսվածքները (օրինակ, թողնում են սպի կամ նույնիսկ հնարավոր է առաջանա բլեֆարիտ), միշտ նախընտրելի է ավելի քիչ տրավմատիկ բուժումը։ Խալազիոնը կարող է կրկնվել, երբ աչքը նախատրամադրված է, և վիրահատական միջամտությունը ամեն անգամ հնարավոր չէ։ Այսպիսով, վիրահատությունը պետք է դիտարկել որպես վերջին միջոց, որը կիրառվում է խալազիոնով հիվանդների 5%-ի մոտ։

Խցանված մեյբոմյան գեղձերը կարելի է բուժել նաև տաք սրբիչներով, որոնք փափկեցնում են գեղձի յուղերը։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալազիոնը կամ մեյբոմյան հանգույցը կարող է սխալմամբ ընդունվել որպես գարիկ(հորդեոլում)։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարպագեղձի ադենոմա
  • Ճարպագեղձի կարցինոմա
  • Սարկոիդ գրանուլոմա
  • Օտար մարմնի գրանուլոմա

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր խալազիոնը հեռացնելուց 20 րոպե հետո: Այն հեռացվել է երկու առանձին կտրվածքների միջոցով: Ստորին կոպի երկայնքով երևում է քրոնիկ բորբոքման նշաններ (բլեֆարիտ):

Տեղային հակաբիոտիկ աչքի կաթիլները կամ քսուքը (օրինակ՝ քլորամֆենիկոլը) երբեմն օգտագործվում են նախնական սուր վարակի համար, բայց խալազիոնի բուժման մեջ դեր չունեն։ Խալազիոնը հաճախ անհետանում է առանց հետագա բուժման՝ մի քանի ամսվա ընթացքում, և լիովին ներծծվում է երկու տարվա ընթացքում[6]։ Բուժումը հնարավոր է հեշտացնել՝ կիրառելով տաք կոմպրես օրական 4 անգամ 15 րոպե տևողությամբ։ Այն օգնում է փափկեցնել կարծրացած յուղը, որը խցանում է ծորանը[7]։

Եթե այն շարունակ ընդլայնվում է կամ չի հաջողվում բուժել մի քանի ամսվա ընթացքում, ավելի փոքր վնասվածքները կարող են ներարկվել կորտիկոստերոիդով, կամ ավելի մեծերը կարող են հեռացվել վիրահատական եղանակով՝ տեղային անզգայացմամբ[8][9]։ Դա սովորաբար արվում է կոպի տակից՝ մաշկի վրա սպիից խուսափելու համար։ Եթե խալազիոնը գտնվում է անմիջապես կոպի արտաքին հյուսվածքի տակ, այնուամենայնիվ, վերևից հեռացումը կարող է ավելի նպատակահարմար լինել, որպեսզի կոպը ավելորդ չվնասվի։ Կոպի մաշկը սովորաբար լավ է վերականգնվում՝ առանց որևէ տեսանելի սպի թողնելու[10]։ Կախված խալազիոնի կառուցվածքից, հեռացման կարգը կարող է տարբեր լինել․ եթե հեղուկ նյութը հեշտությամբ հեռացվում է նվազագույն ներթափանցմամբ՝ պարզապես ճնշում գործադրելով շրջակա հյուսվածքի վրա, ապա կարծրացված նյութը սովորաբար պահանջում է ավելի մեծ կտրվածք, որի միջոցով հնարավոր է դուրս բերել այն։ Մեծ խալազիոնի հեռացումը կարող է հանգեցնել կոպի շուրջը տեսանելի հեմատոմայի, որը երեք-չորս օրվա ընթացքում վերանում է, մինչդեռ այտուցը կարող է ավելի երկար մնալ։ Խալազիոնի հեռացումը ամբուլատոր գործողություն է և սովորաբար տևում է ոչ ավելի, քան տասնհինգ րոպե։ Այնուամենայնիվ, հնարավոր վարակի և կոպի լուրջ վնասվածքի պատճառով նման գործողությունները պետք է իրականացվեն միայն համապատասխան մասնագետի կողմից։

Խալազիոնը կարող է կրկնվել, այդ դեպքում, ուռուցքը բացառելու համար, այն ենթարկում են բիոպսիայի։

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական լիպոգրանուլեմատոզ՝ լավ զարգացած խալազիոնում

Խալազիոնի հեռացումը պարզ վիրահատություն է և մարդը կարիք չունի հիվանդանոցում մնալու և հետագա բժշկական օգնության։

Խալազիոնի հեռացման վիրահատություն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ։ Ընդհանուր առմամբ, ընդհանուր անզգայացումն իրականացվում է երեխաների համար, որպեսզի նրանք մնան անշարժ և աչքի որևէ վնասվածք չառաջանա։ Տեղային անզգայացումն օգտագործվում է մեծահասակների մոտ և իրականացվում է կոպի մեջ փոքր ներարկումով։ Ներարկման ցավը նվազեցվում է անզգայացնող կրեմի օգնությամբ, որը կիրառվում է տեղային ձևով։

Խալազիոնը կարող է հեռացվել երկու եղանակներով` կախված հանգույցի չափից։ Համեմատաբար փոքրիկ խալազիոնը հեռացնում են կոպեզրի հետևից կատարված փոքր կտրվածքով[11]։ Վիրաբույժը բարձրացնում է կոպը՝ հետևի մակերևույթին հասնելու համար և կտրում է մոտ 3 մմ խալազիոնի վերին մասից։ Այնուհետև գունդը հեռացվում է, և կիրառվում է ճնշում մի քանի րոպեով՝ դադարեցնելու համար վիրահատության արդյունքում առաջացած արյունահոսությունը[12]։ Փոքր խալազիոնի վիրահատությունը չի պահանջում կարեր, քանի որ կտրվածքը կոպի հետևի մասում է, ուստի կտրվածքը տեսանելի չէ և կոսմետիկ արդյունքը գերազանց է։

Խոշոր խալազոնը հեռացվում է կոպի առջևում կատարվող կտրվածքի միջոցով։ Խոշոր խալազիոնը սովորաբար սեղմում է կոպի մաշկը, և դա է հիմնական պատճառը, որ բժիշկները նախընտրում են հեռացնել դրանք այս եղանակով։ Կտրվածքը սովորաբար լինում է ոչ ավելի, քան 3 մմ, և այն կատարվում է խալազոնի վերևում։ Գունդը հանվում է, այնուհետև սեղմվում է կտրվածքի վրա` արտահոսքը կանխելու համար։ Այս տեսակի վիրահատությունը փակվում է շատ նուրբ կարերով։ Դրանք տեսանելի չեն և սովորաբար հեռացվում են վիրահատությունը կատարելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Չնայած խալազիոնը հազվադեպ է վտանգավոր, սովորաբար խալազիոնը կամ դրա մի մասը ուղարկվում է լաբորատորիա` հետազոտություն կատարելու համար։

Երբ դիտարկվում է խալազիոնի վիրահատությունը, հիվանդներին, ովքեր ընդունում են ասպիրին կամ որևէ այլ հեմոստազի վրա ազդող դեղամիջոցներ, խորհուրդ է տրվում դադարեցնել դրանք վիրահատությունից մեկ շաբաթ առաջ, քանի որ դրանք կարող են հանգեցնել անվերահսկելի արյունահոսության։ Վիրահատությունից առաջ իրականացվում են մի քանի թեստեր՝ համոզվելու համար, որ հիվանդը լավ վիճակում է վիրահատության համար։

Հազվադեպ հիվանդները գիշերում են հիվանդանոցում` խալազիոնի վիրահատությունից հետո։ Սա ներառում է դեպքեր, երբ առաջացել են բարդություններ և հիվանդին պետք է վերահսկել։ Վիրահատությունից հետո հիվանդները հիմնականում կարող են վերադառնալ տուն։

Վերականգնման գործընթացը հեշտ է և բավականին արագ։ Հիվանդների մեծ մասը զգում է աննշան անհանգստություն աչքի մեջ, որը հեշտությամբ կարելի է վերահսկել՝ ցավազրկող դեղեր ընդունելով։ Այնուամենայնիվ, հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել աչքը ջրով լվանալուց վիրահատությունից հետո 10 օրվա ընթացքում։ Նրանք կարող են լվացվել, լողանալ կամ ցնցուղ ընդունել, բայց պետք է զգույշ լինեն, որպեսզի տարածքը մնա չոր և մաքուր։ Դիմահարդարումը թույլատրվում է վիրահատությունից առնվազն մեկ ամիս հետո։ Հիվանդներին խորհուրդ է տրվում առնվազն ութ շաբաթ տևողությամբ կոնտակտային ոսպնյակներ չկրել, որպեսզի խուսափեն վարակներից և հնարավոր բարդություններից։

Սովորաբար հիվանդները ստանում են աչքի կաթիլներ՝ կանխելու համար աչքի վարակը և այտուցը, ինչպես նաև ցավազրկողներ, որոնք օգնում են նրանց հաղթահարել ցավն ու անհարմարության զգացումը կոպերում ու աչքում։ Ցավը վերահսկելու համար օգտագործվում է պարացետամոլը (ացետամինոֆեն)՝ ասպիրինի փոխարեն։ Բացի այդ, վիրահատությունից հետո, օգտագործվում է պաշտպանիչ պլաստիկ վահան աչքը ճնշելու համար` արյունահոսությունը կանխելու համար, այն կարելի է հեռացնել վիրահատությունից 6-8 ժամ հետո։

Խալազիոնի վիրահատությունը տարած անձինք, սովորաբար պետք է այցելեն իրենց ակնաբույժին՝ հետվիրահատական ստուգումների համար վիրահատությունը կատարելուց երեք-չորս շաբաթ անց։ Նրանք կարող են սկսել վարել վիրահատությունից մեկ օր հետո և վերադառնալ աշխատանքի մեկ կամ երկու օրվա ընթացքում։

Խալազիոնի վիրահատությունը անվտանգ է և բարդություններ հազվադեպ են լինում։ Լուրջ բարդությունները, որոնք պահանջում են տարբեր այլ գործողություններ, նույնպես շատ հազվադեպ են։ Հավանական բարդությունները ներառում են վարակ, արյունահոսություն կամ խալազիոնի ռեցիդիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eyelid Disorders Chalazion & Stye». NEI. 2010 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Carlisle, RT; Digiovanni, J (2015 թ․ հուլիսի 15). «Differential Diagnosis of the Swollen Red Eyelid». American Family Physician. 92 (2): 106–12. PMID 26176369.
  3. Deibel, JP; Cowling, K (May 2013). «Ocular inflammation and infection». Emergency medicine clinics of North America. 31 (2): 387–97. doi:10.1016/j.emc.2013.01.006. PMID 23601478.
  4. Rutter, Paul Professor; Newby, David (2013). Community Pharmacy ANZ: Symptoms, Diagnosis and Treatment (անգլերեն) (3 ed.). Elsevier Health Sciences. էջ 57. ISBN 9780729583459. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «chalazion (n.)». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Կաղապար:Cite GPnotebook
  7. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. Khurana A, Ahluwalia B, Rajan C (1988). «Chalazion therapy. Intralesional steroids versus incision and curettage». Acta Ophthalmol (Copenh). 66 (3): 352–4. doi:10.1111/j.1755-3768.1988.tb04609.x. PMID 10994460.
  9. Jackson T, Beun L (2000). «A prospective study of cost, patient satisfaction, and outcome of treatment of chalazion by medical and nursing staff». Br J Ophthalmol. 84 (7): 782–5. doi:10.1136/bjo.84.7.782. PMC 1723539. PMID 10873994. — in which of those cases attending a District General Hospital, approximately one third of selected chalazia resolved within 3 months with conservative treatment, and surgical treatment was successful for 72%.
  10. Gerstenkorn/Hagelkorn Արխիվացված 2007-10-20 Wayback Machine
  11. «Removal of chalazion». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  12. «The operation». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.