Լևոն Թեմուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թեմուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Թեմուրյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 12, 1908(1908-01-12)
Ծննդավայր՝Բաքու, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 12, 1942(1942-04-12) (34 տարեկան)
Մահվան վայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Լևոն Գրիգորի Թեմուրյան (հունվարի 12, 1908(1908-01-12), Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1942(1942-04-12), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ և մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1937)։ 1930-ական թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1937 թվականին դարձել է բելգիական Անտվերպեն քաղաքում անցկացված բանվորական ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Լևոնն աշխատել է որպես փականագործ։ Բռնցքամարտով սկսել է ակտիվորեն զբաղվել քսան տարեկանից։ Հաղթանակի հսկայական տենչի, աննկուն կամքի, հարձակողական սուր մարտավարության համար ստացել է «Տանկ» մականունը։ 1932 թվականին Բաքվից տեղափոխվել է Մոսկվա, ընդունվել մարզչական բարձրագույն դպրոց, դարձել բռնցքամարտի խորհրդային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Արկադի Խառլամպիևի սանը[1]։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական կենտրոնական ինստիտուտի բռնցքամարտի ամբիոնում՝ դասավանդելուն զուգընթաց շարունակելով մրցելույթները ռինգում։

Մարզական առաջին մեծ նվաճումը Լևոնը ձեռք է բերել 1935 թվականին, երբ թեթևագույն քաշային կատեգորիայում հռչակվել է Խորհրդային Միության չեմպիոն (հետագայում չորս տարի շարունակ պահպանել է այդ տիտղոսը՝ ԽՍՀՄ-ում չունենալով իրեն հավասար բռնցքամարտիկ)։ Իր վարած 61 մարտերից 58-ում հաղթանակներ է տարել, արժանացել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, ճանաչվել «ԽՍՀՄ ականավոր բռնցքամարտիկ», պարգևատրվել «Պատվո նշան» շքանշանով։

Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Լևոն Թեմուրյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, դարձել հրաձգային վաշտի քաղղեկ։ Զոհվել է 1942 թվականին։ Ըստ մի վարկածի՝ ընկել է իր վաշտը գրոհի տանելիս, ըստ մեկ այլ վարկածի՝ ծանր վիրավորվել է, գերի ընկել և որոշ ժամանակ անց գերմանական ճամբարում կախաղան է հանվել ապստամբություն բարձրացնելու նպատակով մարտական ընդհատակյա խումբ կազմավորելու և այդ խմբի գաղտնի գործողություններին մասնակից լինելու պատճառով[2]։

Ռուսաստանի Դաշնությունում 1952 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Լևոն Թեմուրյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի մրցաշար (1952)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эдуард Хруцкий Этот неистовый русский. — Физкультура и спорт, 1970. — 128 с.
  2. «Темурян Леван Григорьевич (1908-1942)». Энциклопедия бокса. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.