1857-1866 թթ. ապրել է Մոսկվայում, համակվել հեղափոխական դեմոկրատներ Գերցենի, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի առաջավոր գաղափարներով։ Կարավելովի անդրանիկ երկերը լույս են տեսել ռուսերեն («Բուլղար ավազակապետը»` 1860 թ., հայերեն հրատարակությունը` 1887 թ., «Բուլղարների ժողովրդական կենցաղի հուշարձաններ»` 1861 թ.): 1867 թ-ին անցել է Սերբիա, ապա տեղափոխվել Ռումինիա։ 1869 թ-ին դարձել է Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի անդամ, 1872 թ-ին՝ նախագահը։ Հրատարակել է «Ազատություն» (1869-1872 թթ.) և «Անկախություն» (1873-1874 թթ.) թերթերը։ Օսմանյան լծից ազգային ազատագրության միակ ուղին համարել է ժողովրդական հեղափոխությունը։ 1873 թ-ին, Վ. Լնսկոէ մահապատժից խորապես ցնցված, սկսել է զբաղվել սոսկ լուսավորական գործունեությամբ։ Հրատարակել է «Գիտելիք» հանդեսը (1875 թ.)։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիա է վերադարձել որպես ռուս բանակի գլխավոր հրամանատարության (շտաբի) թարգմանիչ, ողջունել է հայրենիքի ազատագրումը։ XIX դարի վերջին Կարավելովի մի շարք հայրենասիրական երկեր թարգմանվել են հայերեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 310)։