Jump to content

Լինա Լուպլաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Լուպլաու
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1823(1823-04-22)
ԾննդավայրՄերն, Վորդինբորգ, Զելանդիա տարածաշրջան, Դանիա[1]
Մահացել էսեպտեմբերի 10, 1891(1891-09-10) (68 տարեկան)
Մահվան վայրՖրեդերիկսբերգ, Դանիա
ԳերեզմանSolbjerg Park Cemetery
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԵրեխաներՄարի Լուպլաու
 Line Luplau Վիքիպահեստում

Լինա Լուպլաու (դան․՝ Nicoline «Line» Christine Luplau, ապրիլի 22, 1823(1823-04-22), Մերն, Վորդինբորգ, Զելանդիա տարածաշրջան, Դանիա[1] - սեպտեմբերի 10, 1891(1891-09-10), Ֆրեդերիկսբերգ, Դանիա), դանիացի ֆեմինիստ և սուֆրաժիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլինան (Լինա) ծնվել է 1823 թվականին, Մերնում, առաջնորդական տեղապահ Հանս Քրիստիան Մոնրադի և Ֆերդինանդինա Հենրիետա Գիրցենի ընտանիքում։ 1847 թվականին ամուսնացել է առաջնորդական տեղապահ Դանիել Կառլ Էրհարդ Լիպլաուի հետ[2][3]։

Լինա Լուպլաուն դստեր` Մարի Լուպլաուի ստեղծած խմբակային դիմանկարում` «Կին սուֆրաժիստների պայքարի վաղ օրեր» (1897)

Լինան դեռ իր պատանեկության տարիներից վրդովվում էր այն բանի համար, որ կանայք չունեին նույն իրավունքները, ինչ տղամարդիկ։ Նրա հետաքրքրությունը կանանց հավասարության պայքարի համար բորբոքվել է 1851 թվականին տպագրված Մաթիլդա Ֆիբիգերի Clara Raphael, Tolv Breve («Կլարա Ռաֆայել։ Տասներկու նամակ») գրքի շուրջ ծավալված հասարակական քննարկումների ընթացքում։ Լինայի ամուսինը ծառայել է որպես առաջնորդական տեղապահ Շլեզվիգ Հոլշտայնի ծխերից մեկում, սակայն Ավստրո-պրուսա-իտալական պատերազմի արդյունքում նահանգը Պրուսիային միացվելուց հետո ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Վարդե։ Այստեղ Լինան ամուսնու հետ ապրել է 1866-1888 թվականներին և դարձել աղքատներին օգնող բարեգործական միության հիմնադիրներից մեկը։ 1872 թվականին Լինան ամուսնու և դստեր՝ Մարի Լուպլաուի հետ[2] միացել է կանանց իրավունքների շարժմանը՝ Dansk Kvindesamfund (Դանիական կանանց ընկերակցություն), որը զբաղվում էր կանանց ձայնի իրավունք տալու և քաղաքական իրավունքները տղամարդկանց հավասարեցնելու հարցերով։ 1885 թվականից նա համագործակցել է կանանց Kvindelig Fremskridtsforening կազմակերպության հետ, իսկ 1886 թվականին դարձել է դրա վարչության անդամ։ 1886 թվականին տեղափոխվել է Կոպենհագեն, 1888 թվականին հանդես է եկել որպես Kvindelig Fremskridtsforening-ի ներկայացուցիչ Կոպենհագենում կայացած Սկանդինավյան կանանց առաջին համաժողովին, որտեղ Յոհաննա Մեյերի հետ միասին ներկայացրել են կանանց ընտրական իրավունքը որպես կանանց իրավունքների հավասարեցման չորս հիմնական հարցերից մեկը։ Լինա Լուպլաուն դարձել է դանիացի կանանց ընտրական շարժման առաջատար դեմքերից մեկը և աշխատել Hvad vi vil խորհրդի կազմում՝ Մաթիլդա Բայերի, Աննա Նիլսենի և Մասի Բրունի հետ միասին։ 1888 թվականին Լինան ներկայացրել է 1702 անձանց ցուցակ՝ ի պաշտպանություն Ֆրեդրիկ Բայերի շարժման, ով հանդես է եկել որպես Dansk Kvindesamfund-ի ներկայացուցիչ Դանիայի խորհրդարանում և պաշտպանել կանանց ընտրական իրավունքը։

1889 թվականին Լինա Լուպլաուն, Լուիզա Նյորլունդի հետ միասին, հիմնել են դանիական Kvindevalgretsforeningen ընտրական շարժումը, իսկ 1889-1891 ժամանակահատվածում եղել է դրա նախագահը։ Նա նպատակ է դրել ծառայել բացառապես կանանց ընտրական իրավունքի շահերին` առանց շեղվելու Dansk Kvindesamfund-ի և Kvindelig Fremskridtsforening-ի ծրագրերից։ Այս մոտեցումը նրան թույլ է տվել ստանալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց աջակցությունը կանանց ընտրական իրավունքների հարցում։ Սակայն, Լինային մեղադրել են կանանց շարժումը պառակտելու մեջ, և 1891 թվականին առողջական նկատառումներով ստիպված է եղել թողնել նախագահի պաշտոնը։ Նույն թվականին էլ նա մահացել է։

1917 թվականին նրա դուստրը՝ Մարին, ստեղծել է դիմանկար, որտեղ պատկերված էին կանանց ընտրական իրավունքի շարժման հայտնի անդամներ, իսկ առաջին պլանում իր մայրն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Իսպաներեն Վիքիպեդիա (իսպ.) — 2001.
  2. 2,0 2,1 Vammen, Tinne (2003 թ․ մայիսի 15). «Line Luplau». Dansk Kvindebiografisk Leksikon. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  3. Dahlsgård, Inga. «Line Luplau». Gyldendal - Den Store Danske (դանիերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինա Լուպլաու» հոդվածին։