Լիբանանահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիբանանում լույս տեսած առաջին հայերեն պարբերականը «Լույս» (1918, Զահլե) խմորատիպ թերթն է։ Լիբանանահայ մամուլը հիմնականում տպագրվել է Բեյրութում, որտեղ ցայսօր լույս են տեսել կուսակցական, հայրենակցական, գրական-գեղարվեստական, մշակութային, կրոնական, մարզական, երիտասարդական, պաշտոնական, կրթական 200-ից ավելի պարբերականներ։ Առավել աչքի ընկած և տևական հրատարակվածներից են հասարակական-քաղաքական, գրական «Լիբանան» (1924-1935) եռօրյա թերթը, գրական-գեղարվեստական «Երիտասարդ հայուհի» (1932-1934, 1947-1968) ամսագիրը, հասարակական, մշակութային «Ամենուն նոր տարեցույցը» (1937-1942) տարեգիրքը, քաղաքական, ագգային, գրական, մարզական «Առավոտ» (1938-1947) օրաթերթը, Լիբանանի համայնավար, կուսյան հայկական հատվածի հասարակական-քաղաքական, գրական «Ժողովուրդի ձայն» (1938-1949, անկանոն) պաշտոնաթերթը, գրական, գեղարվեստական, գիտական, «Հայ գիր» (1938-1944) հանդեսը և «Ծիածան» (1939-1949) պարբերաթերթը, ՀՄՄ գրական, գեղարվեստական, մարզական «Կայծ» (1943-1947) պաշտոնական հանդեսը, գրականության և արվիվային «Անի» (1946-1955, անկանոն) ամսագիրը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրոնական, հասարակական-քաղաքական, գրական «Մասիս» (1947-1983 և 1988-1995) շաբաթաթերթը, «Փարոս» (1951-1952) երգիծական կիսամսյա հանդեսը, Թեքեյան մշակութային միության գրական և մշակութային «Շիրակ» (1956-1997) ամսագիրը, բժշկական և առողջապահպանական «Բժիշկ» (1955-1984, անկանոն) ամսաթերթը, «Հառաջ» (1957-1964) քաղաքական շաբաթաթերթը, Լիբանանահայ գրական շրջանակի «Էջեր գրականության և արվեստի» (1965-1972) հանդեսը, գրական, հասարակական «Հառաջ» (1965-1970) շաբաթաթերթը, գրական, հասարակական «Երիտասարդ հայ» (1969-1975) երկշաբաթաթերթը, մշակութային «Ահեկան» (1966-1970) եռամսյա հանդեսը, ՀՅԴ-ի պաշտոնական «Ագդակ շաբաթօրյակ-դրոշակ» (1969-1985) հասարակական-քաղաքական շաբաթաթերթը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Հայաստան» (1980-1987, 1991-1997, անկանոն) պաշտոնաթերթը, «Արին» (1996-1998) ընկերային երիտասարդական պարբերաթերթը և այլն։

Գրական օրաթերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս լույս են տեսնում «Ագդակ» (1927 թվականից, 1965 թվականից՝ ՀՅԴ-ի Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ) հասարակական, քաղաքական, ազգային, գրական օրաթերթը, Հայ կաթողիկե պատրիարքության կրոնաբանասիրական «Ավետիք» (1932 թվականից, անկանոն) պաշտոնական հանդեսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրոնական, գրական ու բանասիրական «Հասկ» (1932 թվականից) պաշտոնական ամսագիրը և «Հասկ հայագիտական տարեգիրքը» (1948 թվականից), ՌԱԿ-ի պաշտոնական «Զարթոնք» (1937 թվականից, անկանոն) ազգային-քաղաքական, հասարակական, գրական օրաթերթը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության «Ջանասեր» (1937 թվականից) պարբերաթերթը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության և Լիբանանի շրջանի ազգային, քաղաքական, գրական «Արարատ» (1937 թվականից) պաշտոնաթերթը, ագգային-գրական «Նայիրի» (1941 թվականից, մինչև 1952 թվականը՝ Հալեպում) պարբերաթերթը, մանկապատանեկան «Պատանեկան արձագանք» (1951 թվականից) ամսաթերթը, «Նոր կյանք» (1957 թվականից, անկանոն) պարբերաթերթը, ՀԲԸՄ Լիբանանի շրջանի հանձնաժողովի ազգային, գրական, հասարակական և տեղեկատվական «Խոսնակ» (1957 թվականից) պաշտոնաթերթը, գրական, գեղարվեստական, հասարակական «Սփյուռք» (1958 թվականից, անկանոն) հանդեսը, ՀՅԴ-ի և Համազգային մշակութային միության կենտրոնական վարչության «Բագին» (1962 թվականից) գրականության և արվիվայինի հանդեսը, Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի «Հայկազյան հայագիտական հանդես» (1970 թվականից, անկանոն) տարեգիրքը, հասարակական-քաղաքական, գրական «Կանչ» (1971 թվականից, անկանոն) շաբաթաթերթը, Հայ կաթողիկե Զմմառյան միաբանության «Զվարթնոց» (1980 թվականից) կրոնական հանդեսը, ՀՄԸՄ կենտրոնական վարչության «Մարզիկ» (1980 թվականից) մարզական ամսաթերթը, ՀՅԴ-ի երիտասարդական միությունների «Կայծեր» (1983 թվականից, անկանոն, 2003 թվականից՝ Երևանում՝ էլեկտրոնային) և «Ռազմիկ» (1983 թվականից) հասարակական քաղաքական պարբերաթերթերը, գրական, կրոնական, հասարակական, «Արծիվ» (1992 թվականից) պարբերաթերթը, հանրամատչելի «Դիտակ» (1996 թվականից) ամսագիրը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png