Լեզվի պտկիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեզվի պտկիկներ
Լեզվի լորձաթաղանթի սխեմատիկ պատկեր, որտեղ ցուցադրված են տարբեր տեսակի պտկիկներ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս և organism subdivision type?
Ենթադասregion of tongue?[1] և papilla?
Մասն էԼեզու
Անատոմիական տեղայնացումլեզու
Լատիներեն անվանումpapillae linguales
Foundational Model of Anatomy54819
Terminologia Anatomica 98A05.1.04.013
Terminologia HistologicaH3.04.01.0.03006
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Lingual papillae Վիքիպահեստում

Լեզվի պտկիկները փոքր գոյացություններ են լեզվի վերին մակերեսին, ինչը տալիս է լեզվին բնորոշ անհարթ կառուցվածքը։ Մարդու լեզվի վրա գտնվող չորս տեսակի պտկիկները ունեն տարբեր կառուցվածք և այդ տեսակներն են. խրամապատ, սնկանման, թելանման և թերթանման (տերևանման)։ Բոլորը, բացի թելանման պտկիկից, ունեն նաև համային կոճղեզ[3]։ Յուրաքանչյուր պտկիկի հիմքը կազմում է լորձաթաղանթի սեփական թիթեղի շարակցահյուսվածքային շերտի ելուստը (առաջնային պտկիկ)։ Առաջնային պտկիկի գագաթից դուրս են գալիս 5–ից մինչև 20 և ավելի բարակ շարակցահյուսվածքային երկրորդային պտկիկներ, որոնք ներհրվում են էպիթելի մեջ։ Լեզվի պտկիկների շարակցահյուսվածքային հիմում կան բազմաթիվ արյունատար մազանոթներ, որոնք թափանցելով էպիթելի միջով՝ պտկիկին տալիս են բնորոշ կարմիր գույն[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի օրգանիզմներում լեզվի պտկիկները առավել լավ երևում են, երբ լեզուն չոր է[5]։ Լեզվի վրա կան չորս տեսակի պտկիկներ։

Թելանման պտկիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելանման պտկիկ, խոշորացված:

Թելանման պտկիկները թվով ամենաշատ լեզվային պկիկներն են[3]։ Սրանք բարակ, փոքր, կոնաձև պտկիկներ են, որոնք հանդիպում են լեզվի առաջային մակերեսին[6]։ Սրանք լեզվին հաղորդում են իրեն բնորոշ կառուցվածքը և պատասխանատու են շփման զգացողությունը ընկալելու համար։ Ի տարբերություն մյուս պտկիկների՝ թելանման պտկիկները չունեն համային կոճղեզներ[3]։ Սրանք ծածկում են լեզվի մակերեսի առջևի երկու երրորդականի մեծ մասը[5]։

Սրանք երևում են որպես շատ փոքր, կոնաձև կամ գլանաձև մակերեսային ելուստներ[5] և դասավորված են շարքերով, որոնք գտնվում են սահմանային ակոսին (sulcus terminalis) զուգահեռ[5]։

Հյուսվածաբանորեն սրանց հիմքը լորձաթաղանթի սեփական թիթեղի շարակցական հյուսվածքն է, որը ծածկված է կերատին պարունակող, մասամբ եղջերացող էպիթելից, որից ձևավորվում են բարակ երկրորդային ելուստները[5]։ Թելանման պտկիկների խիստ եղջերացում տեղի է ունենում, օրինակ՝ կատուների մոտ, ինչը նրանց լեզվին տալիս է այս կենդանիներին բնորոշ կոշտություն։

Այս պտկիկները ունեն սպիտակավուն երանգ՝ ի շնորհիվ իրենց էպիթելի բարակության և խտության։ Սրանք նաև պարունակում են որոշ քանակությամբ էլաստինային թելեր, ինչը նրանց դարձնում է ավելի ամուր և առաձգական, քան մյուս տեսակի պտկիկները։ Այս խմբի ավելի մեծ և ավելի երկար պտկիկներին հաճախ անվանում են կոնաձև պտկիկներ։

Մի շարք հիվանդությունների ժամանակ մակերեսային եղջերացած էպիթելոցիտների անջատման գործընթացը կարող է դանդաղել, և պտկիկների վրա մեծ քանակությամբ էպիթելային բջիջների կուտակման պատճառով դրանց գագաթներին առաջանում է հաստ եղջերային շերտ։ Այս զանգվածը, սպիտակ թաղանթի ձևով պատելով պտկիկի մակերեսը, ստեղծում է սպիտակ փառով պատված լեզվի պատկեր[4]։

Սնկանման պտկիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկաձև պտկիկներ

Սնկանման պտկիկները շատ չեն և տարածված են լեզվի մեջքին՝ թելակազմ պտկիկների միջև։ Նրանք հատկապես շատ են լեզվի ծայրային և կողմնային մասերում, և ավելի մեծ չափեր ունեն, քան թելանմանները՝ 0,7– 1,8 մմ երկարություն և 0,4–1 մմ տրամագիծ։ Այս պտկիկների հիմնական զանգվածն ունի սնկի տեսք՝ նեղ հիմքով և լայն գագաթով։ Էպիթելի հաստության մեջ գտնվում են համային կոճղեզներ (gemmae gustatoriae)[4], որոնցով կարող են ընկալել բոլոր հինգ համերը՝ քաղցր, դառը, կծու, աղի և ումամի։ Այդ գոտու կտրվածքի վրա յուրաքանչյուր սնկանման պտկիկում հայտնաբերվում է մինչև 3–4 համային կոճղեզ։ Որոշ պտկիկներում համային կոճղեզները բացակայում են։ Այս պտկիկները նույնպես ունեն շարակցահյուսվածքային հենք։ Սնկաձև պտկիկները կապակցված են յոթերորդ գլխուղեղային նյարդի հետ (դիմային նյարդ), ավելի կոնկրետ ենթածնոտային հանգույցի, թմբկալարի և ծնկան հանգույցի միջոցով կապ է հաստատվում մենավոր ուղու կորիզի հետ ուղեղի ցողունում։

Տերևանման պտկիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղագիծ կտրվածքի խոշորացված գծապատկեր՝ ճագարի մի քանի տերևանման պտկիկներ

Տերևանման (թերթանման) պտկիկները լավ զարգացած են միայն երեխաների մոտ։ Նրանք գտնվում են լեզվի արմատի աջ և ձախ եզրերին[4][5]։ Սրանք տեղակայված են լեզվի մեջքի կողմերում` բկանցքի քմալեզվային աղեղի անմիջապես առջևում[5][7]։ Կան չորս կամ հինգ ուղղահայաց ծալքեր[5], որոնց չափսերն ու ձևերը տարբեր են[7]։ Տերևանման պտկիկները երևում են որպես լորձաթաղանթի կարմրավուն տերևանման շղթաներ[5]։ Սրանք ծածկված են էպիթելով, որը չի պարունակում կերատին, ուստի ավելի փափուկ են և ունեն շատ համային կոճղեզներ[5]։ Սրանք սովորաբար երկկողմանի համաչափ են։ Երբեմն փոքր և դժվար նկատելի են, իսկ մնացյալ դեպքերում աչքի ընկնող են։ Քանի որ իրենց տեղակայումը բերանի խոռոչի քաղցկեղի բարձր ռիսկային տեղակայման վայր է և իրենց հակումը երբեմն այտուցվելու, սրանց հաճապ շփոթում են նորագոյացությունների և բորբոքային հիվանդությունների հետ։ Համային կոճղեզները, համազգաց ընկալիչները ցրված են իրենց մակերեսի լորձաթաղանթում։ Շճային գեղձերը բացվում են ծալքերի մեջ և մաքրում են համային կոճղեզները։ Լեզվային նշիկները գտնվում են անմիջապես տերևանման պտկիկների հետևում և երբ դրանք հիպերպլազիայի են ենթարկվում, հանգեցնում են պտկիկների արտափքման։

Խրամապատ պտկիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրամապատ պտկիկ ուղղաձիգ կտրվածքում, որտեղ երևում է համային կոճղեզների և նյարդերի դասավորվածությունը

Խրամապատ պտկիկները գմբեթավոր կառուցվածքներ են մարդու լեզվի վրա, որոնց քանակը տատանվում է 8-12-ի սահմանում։ Սրանք տեղակայված են լեզվի մակերեսին՝ անմիջապես կույր անցքի և սահմանային ակոսի առջևում՝ յուրաքանչյուր կողմում առաջացնելով շարքեր․ երկու շարքերը ձգվում են ետ և միջայնորեն և միմյանց միանում մեջտեղում։ Պտկիկը ձևով նման է հատած կոնի։ Պտկիկը ծածկված է բազմաշերտ տափակ էպիթելով։ Պտկիկի շուրջը տեղադրված է նեղ, խորը ճեղք՝ խրամատ (այստեղից էլ անվանումը՝ խրամատապատ պտկիկ)։ Խրամատը պտկիկը սահմանազատում է շրջապատող լորձաթաղանթի հաստացումից՝ պատնեշից։ Խրամատում բացվում են լեզվային թքագեղձերի (Վոն Էբների գեղձեր) ծորանները, որոնք արտադրում են շճային արտազատուկ։ Այս գեղձերի գեղձազատուկը լվանում է պտկիկներն օղակող խրամատը և այն մաքրում կուտակված սննդային մասնիկներից, անջատվող էպիթելից և մանրէներից[8]։ Խրամապատ պտկիկները հատուկ համազգաց ճյուղեր են ստանում IX գլխուղեղային նյարդից` լեզվաըմպանային նյարդից։ Լեզվի մնացյալ առաջային երկու երրորդականը համազգաց ճյուղեր ստանում է դիմային նյարդի (VII գլխուղեղային նյարդ) թմբկալարից, իսկ ցավի, շոշափելիքի ջերմության զգացողությունները ընկալում է եռվորյակ նյարդի (V գլխուղեղային նյարդ) լեզվային նյարդով։

Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի պտկիկները, հատկապես թելանման պտկիկները, ենթադրվում է, որ մեծացնում են լեզվի մակերեսը և շփման մակերեսը լեզվի ու սննդի միջև[5]։ Սրանք օգնում են սննդագնդիկի առաջացմանը, ծամելու և կլլման գործընթացներին։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտկիկների ապաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդությունների ժամանակ լեզվի պտկիկների ապաճում է դիտվում՝ լեզուն ունենալով հարթ, կարմիր մակերես։ Պտկիկների ապաճման օրինակ դիտվում են բերանի խոռոչի այսպիսի հիվանդությունների դեպքում, օրինակ՝ աշխարհագրական լեզու, միջին ռոմբոիդ գլոսիտի և այլ տեսակի գլոսիտների դեպքում։ Գլոսիտ տերմինը, հատկապես ատրոֆիկ գլոսիտը, հաճախ օգտագործվում է դեպապիլյացիայի (պտկիկների կորուստ) հոմանիշ։ Երբ լեզվի ամբողջ մեջքային երեսի պտկիկները բացակայում են, այն հաճախ անվանում են «ճաղատ լեզու»[7]։ Երկաթի, ֆոլաթթվի և B վիտամինների անբավարարությունները կարող են հանգեցնել լեզվի դեպապիլացիայի[7]։

Պապիլիտ/հիպերտրոֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապիլիտը պտկիկների բորբոքումն է, հաճախ նաև օգտագործվում է հիպերտրոֆիա տերմինը։

Տերևանման պապիլիտի ժամանակ տերևանման պտկիկները այտուցված են լինում։ Կարող է առաջանալ կա՛մ մեխանիկական գրգռման, կա՛մ էլ վերին շնչուղիների վարակների հետևանքով[7]։ Կարող է նաև պտկիկների բորբոքման աղբյուր լինել լեզվային նշիկները, որը ավշային հյուսվածք է[9]։

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևանման պտկիկները մարդկանց մոտ միանգամայն ռուդիմենտալ գոյացություններ են։ Նման գոյացությունների էվոլյուցիոն մնացորդներ կան նաև շատ կաթնասունների մոտ։

Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/242.html
  3. 3,0 3,1 3,2 Norton N (2007). Netter's head and neck anatomy for dentistry. illustrations by Netter FH. Philadelphia, Pa.: Saunders Elsevier. էջ 402. ISBN 978-1929007882.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Սահակյան, Կարմեն (2013). Հյուսվածաբանություն (PDF). Երևան: ԵՊԲՀ. էջեր 289–290.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Susan Standring (editor in chief)] (2008). «Chapter 33: NECK AND UPPER AERODIGESTIVE TRACT». Gray's anatomy : the anatomical basis of clinical practice (40th ed.). [Edinburgh]: Churchill Livingstone/Elsevier. ISBN 978-0443066849. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  6. «Tongue | Gastrointestinal Tract». histologyguide.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Scully C (2013). Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (3rd ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջեր 401, 402. ISBN 9780702049484.
  8. Ross, H R; Pawlina, W (2011). Histology: A text and atlas. Baltimore, MD.: Lippincott, Williams, and Wilkins. ISBN 978-0-7817-7200-6.
  9. Rajendran A; Sundaram S (2014 թ․ փետրվարի 10). Shafer's Textbook of Oral Pathology (7th ed.). Elsevier Health Sciences APAC. էջ 34. ISBN 978-81-312-3800-4.