Jump to content

Իրվինգն ընդդեմ Լիպշտադտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրվինգն ընդդեմ Լիպշտադտի
Մեղադրյալ(ներ)Penguin Books և Դեբորա Լիպշտադտ
ՄեղադրողԴևիդ Իրվինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչական շրջանԼոնդոն
ԴատարանHigh Court of Justice?
Գլխավոր դատավորCharles Gray?
Դատի սկիզբսեպտեմբերի 5, 1996
Դատի վերջապրիլի 11, 2000
Տեքստի իրավական մեջբերում[2000] EWHC QB 115
Իրավասությունը տարածվում էEngland and Wales?

Իրվինգն ընդդեմ Լիպշտադտի, դատական գործընթաց, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում 1996 թվականից մինչև 2000 թվականը։ Դատավարության կողմերն են եղել բրիտանացի գրող Դևիդ Իրվինգը՝ որպես հայցորդ և ամերիկացի պատմաբան Դեբորա Լիպշտադտն ու Penguin Books հրատարակչությունը՝ որպես պատասանող։ Իրվինգը նրանց մեղադրել է զրպարտության և իր գիտական ու գործնական համբավին վնաս հասցնելու մեջ։

Դատական լսումներն սկսել են 2000 թվականի հունվարի 11-ին և ավարտվել նույն թվականի ապրիլի 11-ին։ Դատարանը ճանաչել է Լիպշտադտի ու հրատարակչության իրավացիությունը։ Դատավարությունն արժանացել է հասարակության մեծ ուշադրությանը ոչ միայն Մեծ Բրիտանիայում։

1993 թվականին ամերիկացի պատմաբան Դեբորա Լիպշտադտը հրատարակել է «Հոլոքոստի ժխտումը։ Ահագնացող հարձակում ճշմարտության ու հիշողության վրա» (անգլ.՝ Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory)[1] գիրքը՝ նվիրված Հոլոքոստը ժխտողներին ու նրանց փաստարկումներին և մասնավորապես Դևիդ Իրվինգին։ Լիպշտադտն Իրվինգին բնութագրել է որպես առավել վտանագավոր նեոնացիստներից և Հոլոքոստը ժխտողներից մեկը, քանի որ նա շատ ավելի խելացի ու կրթված է, քան Հիտլերի սովորական հետևորդները և իր հայացքները պրոպագանդում է բավական նուրբ ու մտածված կերպով։

Սկզբում Իրվինգի միակ արձագանքը Լիպշտադտի գրքի հրատարակությանը եղել է այն, որ նա հայտնվել է Ատլանտայում Լիպշտադտի ելույթներից մեկի ժամանակ և կրկնել նախկինում տված խոստումը՝ հազարական դոլար տալ նրանց, ովքեր կապացուցեն «հրեական հարցի վերջնական լուծման» պատմական արժանահավատություն[2]։

1996 թվականին Իրվինգը բրիտանական դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Դեբորա Լիպշտադտի ու Penguin Books հրատարակչության՝ նրանց մեղադրելով զրպարտության և իր գիտական ու գործնական համբավին վնաս հասցնելու մեջ։ Իրվինգն ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս ոչ թե իր հակառակորդների՝ սեփական կարծիք ունենալու և ուրիշներին կշտամբելու, այլ իրեն նեոնացիզմի մեջ մեղադրելու դեմ[2]։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական դատարանում ապացույցները հավաքելու պարտականությունը դրված է պատասխանող կողմի վրա, Դեբորա Լիպշտադտն ու Penguin Books հրատարակչությունն ստիպված են եղել շատ ջանք թափել[3][4]։ Գործը հաղթելու համար պատասխանող կողմը պետք է ապացուցեր, որ Իրվինգը միտումնավոր կերպով աղավաղել է պատմական փաստերը, այսինքն՝ Հոլոքոստը իրական պատմական փաստ է[5]։

Լիպշտադտը գործի մեջ ներգրավել է թագավորական փաստաբան Ռիչարդ Ռեմպտոնին, Էնթոնի Ջուլիուսին և Ջեյմս Լիբսոնին, իսկ հրատարակչությունը՝ իրավաբաններ Քևին Բեյսին ու Մարկ Մեթմանին, ովքեր մաստագիտացած էին զրպարտության վերաբերյալ գործերում։

Դատարանում գործի լսումն սկսվել է 2000 թվականի հունվարի 11-ին[6]։

Դատական փորձաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանող կողմը որպես փորձագետ հրավիրել է բրիտանացի պատմաբան Ռիչարդ Էվանսին, ով զբաղվում էր Երրորդ ռայխի պատմության ուսումնասիրությամբ։ Էվանսն ուսումնասիրել է Իրվինգի գրքերը, հրապարակումներն ու ելույթները՝ պարզելու համար, թե արդյոք Հոլոքոստի ժխտումը եղել է Իրվինգի քաղաքական հետաքրքրությունների ու հայացքների պատճառով կատարված միտումնավոր մանիպուլյացիաների արդյունք։ Էվանսն Իրվինգի աշխատանքներում գտել է մի շարք դեպքեր, որոնցում նա օգտագործել է կեղծ փաստաթղթեր, անտեսել փաստաթղթերով հիմնավորված փաստերը, ընտրողաբար մեջբերումներ կատարել աղբյուրներից՝ քաղվածքները ներկայացնելով համատեքստից դուրս[7]։

Մասնավորապես Իրվինգը խիստ չափազանցրել է Դրեզդենի ռմբակոծումների ժամանակ զոհվածների թիվը և պակասեցրել Հոլոքոստի զոհերի թիվը։ Ընդ որում նա մշտապես ոչ ճիշտ համեմատություններ է կատարել այդ ռմբակոծումների և Հոլոքոստի միջև՝ որպես հավաստի աղբյուրներ օգտագործելով այնպիսի փաստաթղթեր, որոնց մասին ստույգ հայտնի է, որ դրանք կեղծ են։

Իրվինգը հավաստիացրել է, Հիտլեր ոչինչ չգիտեր Հոլոքոստի մասին։ Էվանսն ապացուցել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, և որ Իրվինգն անտեսել է տասնյակ հավաստի աղբյուրներ՝ փոխարենը ներկայացնելով զրույցներ կողմնակալ անձանց հետ, ինչպիսին է Հիտլերի անձնական վարորդը։ Էվանսը նաև պարզել է, որ Իրվինգի՝ հարցազրույցն անցկացնելու ոչ ճիշտ մեթոդը հանգեցրել է իր դիրքորոշումն ապացուցող վկայությունների ստացմանը։

Իրվինգը հավաստիացնում էր, որ Հոլոքոստը՝ որպես ոչնչացման համակարգ, չի եղել։ Նա նաև պնդում էր, որ Հոլոքոստի զոհերի թիվը կազմում է 1 միլիոնից պակաս մարդ, և որ այդ մարդկանցից շատերը մահացել են հիվանդության հետևանքով և ոչ թե նպատակաուղղված ոչնչացման արդյունքում։ Էվանսը ցույց է տվել, որ դա չի համապատասխանում իրականությանը և ցույց է տվել, որ Իրվինգն աղավաղում է պատմական փաստաթղթերը. նա մերժում էր բազմաթիվ հասժվաստի աղբյուրներ հօգուտ առանձին վիճելի ու կասկածելի աղբյուրների։ Իրվինգը հերքում էր իր դիրքորոշմանը հակասող պատմական փաստաթղթերի հավաստիությունը նույնիսկ այն ժամանակ, երբ կասկածելու ոչ մի հիմք չկար։ Մասնավորապես նա բազմիցս ասել է, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծ է, և շարունակել պնդել դա նույնիսկ դատական փորձաքննությունից հետո, որը հաստատել է փաստաթղթի վավերականությունը։

Իրվինգը պնդում էր, որ հրեաների ու նացիզմի այլ կալանավորների ոչնչացման համար նախատեսված գազի խցիկներ երբեք գոյություն չեն ունեցել։ Էվանսն ապացուցել է, որ դա ճիշտ չէ, և ցույց է տվել, թե ինչպես է Իրվինգը եկել այլ եզրահանգմանը։ Իրվինգը մասնավորապես հիմք է ընդունել Գեբելսի օրագրերը՝ առանց հաշվի առնելու համատեքստը։ Նա հաջորդաբար օգտագործել է բնօրինակն ու նրա անգլերեն թարգմանությունը այնպես, որ համատեքստից դուրս ներկայացված քաղվածքներն ապացուցել են իր դիրքորոշման ճիշտ լինելը։

Դրանից բացի Էվանսն ապացուցել է, որ Իրվինգը կապված է հայտնի հակասեմական կազմակերպությունների հետ։ Նա ցույց է տվել, որ Իրվինգը բազմիցս ռասիստական ու հակասեմական բովանդակությամբ ուղղակի հայտարարություններ է արել։

Դատարանում ելույթ են ունեցել նաև այլ փորձագետներ[8].

  • Պրոֆեսոր Պետեր Լոնգերիխ, Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ քոլեջի գերմանական բաժնի դասախոս, նացիզմի ու Երրորդ ռայխի պատմության մասնագետ։ Նա ներկայացրել է վկայություններ նացիստների կողմից Եվրոպայի հրեաների ոչնչացման ծրագրի գոյության և հրեաների հետապնդման գործում Հիտլերի դերի մասին։
  • Ռոբերտ Յան վան Պելտ, ճարտարապետության պրոֆեսոր Ուոթերլու համալսարանի (Կանադա) ճարտարապետության դպրոցում։ Նա դատարանին է ներկայացրել եզրակացություն Օսվենցիմի՝ հենց որպես մահվան ճամբար կառուցված և օգտագործված լինելու մասին։
  • Քրիստոֆեր Բրաունինգ, պատմության ամերիկացի պրոֆեսոր Խաղաղօվկիանոսյան լյութերական համալսարանում (Տակոմա, Վաշինգտոն նահանգ)։ Վկայություն է տվել «հրեական հարցի վերջնական լուծման» մեթոդների, այդ թվում նաև Արևելքում հրեաների գնդակահարությունների և մահվան ճամբարներւոմ նրանց գազով խեղդելու (Օսվենցիմից բացի) վերաբերյալ։
  • Հայտո Ֆունկե, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Բեռլինի անկախ համալսարանում։ Ներկայացրել է եզրակացություն այն մասին, որ Իրվինգը կապ ունի նեոնացիստների ու աջ ուժերի հետ, այդ թվում նաև Գերմանիայում։

Ռիչարդ Էվանսի ու մյուս փորձագետների եզրակացությունները պատասխանող կողմին օգնել են հաղթել դատը։ Հետագայում Ռիչարդ Էվանսն այդ գործի մասին գրել է «Սուտ Հիտլերի մաիսն։ Պատմությունը, Հոլոքոստն ու դատը Դևիդ Իրվինգի հետ» (անգլ.՝ Lying About Hitler: History, Holocaust, and the David Irving Trial) գիրքը, որ «Դևիդ Իրվինգը, Հիտլերն ու Հոլոքոստի ժխտումը» (անգլ.՝ David Irving, Hitler and Holocaust Denial) խորագրով ներկայացված է Էմորիի համալսարանի կայքում[9]։

2000 թվականի ապրիլի 11-ին դատավոր Գրեյը հրապարակել է 333 էջանոց դատավճիռը[3]։ Իրվինգի բոլոր պահանջները մերժվել են, և նա պարտավորվել է վճարել 3 մլն ֆունտ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում[10][11]։

Դատարանը որոշել է, որ Իրվինգն բազմիցս հայտարարություններ է կատարել՝ նպատակ ունենալով Հոլոքոստի մասշտաբները ներկայացնել եղածից պակաս։ Դատարանի կարծիքով՝ Իրվինգը միտումնավոր կերպով մանիպուլյացիաներ է արել փաստաթղթերի հետ կապված, և դրա պատճառ եղել է նրա հակասեմական լինելը[7][12]։ Դատարանի վճռում Իրվինգը կոչվել է հակասեմական և ռասիստ, որ կապ ունի նեոնացիստական կազմակերպությունների հետ[13]։

Իրվինգը չի համաձայնել դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել։ Այն դատարանը քննել է 2001 թվականի հուլիսին, իսկ Իրվինգն ինքը դատին ներկա չի եղել։ Իրվինգի փաստաբան Դևիսը պնդել է, թե իր պաշտպանյալը կարող էր հանդես բերել անփութություն որպես պատմաբան, բայց միտումնավոր չի ստել։ Այնուամենայնիվ, բողոքը քննող դատավորները եկել են այն եզրահանգման, որ դատավոր Գրեյի դատավճիռը եղել է «լիարժեքության ու ոճի» օրինակ և այն թողել են ուժի մեջ[6]։ Իրվինգի բողոքը մերժվել է[15]։

2002 թվականի մայիսի 21-ին դատարանը որոշել է, որ Իրվինգն անվարկունակության պատճառով չի ազատվում օրենքի առջև պատասխանատվությունից[16]։ Դատական ծախսերի փոխհատուցման համար Իրվինգն ստիպված է եղել վաճառել իր տունն Անգլիայում, ինպես նաև իրեն հայտարարել է սնանկ[17][18]։

Դատավարությունն արժանացել է հասարակության ուշադրությանը ոչ միայն Մեծ Բրիտանիայում[3]։ Դատից հետո լրագրող Դ. Գուտենպլանը հրատարակել է գիրք, որում ներկայացրել է երկու կողմերի հայացքները։ Դատավարությունն ու դատավճիռը մեկնաբանել են խոշոր պարբերականներ։ Մասնավորապես Նյու Յորք Թայմսը գրել է[6].

Այս դատավճիռը ջախջախում է այն համոզումը, թե Իրվինգն ավելին է, քան Հիտլերի տնաբույծ պաշտպան։

Դատարանի որոշումն ակտիվ քննարկվել է ակադեմիական շրջանում։ Բրիտանացի պատմաբան Դևիդ Ցեսարանին ողջունել է դատավճիռը։ Նա համարում է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև ապագային։ Նրա կարծիքով՝ Հոլոքոստի ժխտումը նացիզմի վերականգնման փորձ է։ Ամերիկացի պատմաբան Դենիել Գոլդհագենը կարծում է, որ դատարանում պատմական հարցեր չեն որոշվում, իսկ Իրվինգին ընդհանրապես պետք չէ լուրջ ընդունել. այն քննարկումը, թե արդյոք Հոլոքոստն իրականություն է, թե ոչ, անհեթեթ է, ինչպես եթե քննարկվեն այն հարցերը, թե արդյոք եղել է ստրկատիրություն ԱՄՆ-ում, կամ պատմական փաստ է արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմը[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deborah Lipstadt, Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory, Penguin, New-York, 1993; London, 1994
  2. 2,0 2,1 Цветков А. Что расскажем детям // Радио Свобода. — 29.02.2000.
  3. 3,0 3,1 3,2 Кушнир Б. Одна,но пламенная страсть // Вестник : журнал. — 5 марта 2003. — № 5 (316).
  4. Резник С. Е. Индустрия поклёпа // Чайка : журнал. — Seagull Publications Corporation, 1 августа 2001. — № 7 (7).
  5. Taylor C. Evil takes the stand(անգլ.) // Salon. — May 23, 2001.
  6. 6,0 6,1 6,2 «Ирвинг против Липштадт». Holocaust Denial on Trial. Университет Эмори. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  7. 7,0 7,1 Evans, Richard. Lying About Hitler: History, Holocaust, and the David Irving Trial, London. Perseus Books, 2002 год, (անգլ.)
  8. М. Альтман, 2001, էջ 76-77
  9. Richard J. Evans. «David Irving, Hitler and Holocaust Denial». Holocaust Denial on Trial (անգլերեն). hdot.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  10. Индустрия поклепа
  11. «Дэвид Ирвинг — виновен». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. R.J. van Pelt, The case for Auschwitz: Evidence from the Irving Trial, Indiana University Press, 2002
  13. «В Австрии задержан "отрицающий Холокост"». Би-би-си. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  14. М. Альтман, 2001, էջ 78
  15. «Лондонские судьи отклонили апелляцию историка-антисемита Дэвида Ирвинга». jewish.ru. 21.07.2001. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  16. Суд вынес решение против отрицателя Холокоста
  17. «Holocaust denier bankrupt» (անգլերեն). BBC News. 4 March, 2002. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  18. Раз табу, два табу
  19. «History's verdict on Holocaust upheld» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Альтман М. М. Приложение 2. Судебный процесс по делу: Д. Ирвинг против Деборы Липстадт. // Отрицание Холокоста: история и современные тенденции / И. А. Альтман (состав.). — М.: Фонд «Холокост», 2001. — С. 75-78. — 88 с. — (Российская библиотека Холокоста). — 1500 экз. — ISBN 978-5-8989-7008-6.
  • Richard J. Evans. Lying about Hitler: History, Holocaust, and the David Irving Trial. — New York: Basic Books, 2001. — 336 p. — ISBN 978-0465021529
  • D. Guttenplan, The Holocaust on Trial, W.W. Norton and Co, New York, London, 2001
  • Marouf Hasian, Jr. Holocaust Denial Debates: The Symbolic Significance of Irving V. Penguin & Lipstadt(անգլ.) // Communication Studies. — 2002. — Т. 53. — № 2.(չաշխատող հղում)
  • Schneider, Wendie Ellen. Objective Historian Standard Applied to Determine Libel in Irving V. Penguin Books Ltd(անգլ.) // The Yale Law Journal. — 2001. — Т. 110. — № 8.
  • Henderson, A. Scott. Fighting for the Past: Lessons from the David Irving Trial(անգլ.) // Social Education. — 2008. — Т. 72. — № 6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Իրվինգն ընդդեմ Լիպշտադտի և Penguin Books-ի