Իսրայելի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի բանկ
եբրայերեն՝ בנק ישראל
արաբ․՝ بنك إسرائيل‎‎
Տեսակկենտրոնական բանկ և statutory corporation?
Երկիր Իսրայել
Հիմնադրված է1954
Պաշտոնական կայք

Իսրայելի բանկ (եբրայերեն՝ בנק ישראל‎), Իսրայելի կենտրոնական բանկը։ Հիմնական գրասենյակները տեղակայված են Երուսաղեմի Կիրյաթ-Յավլեր շրջանի Իսրայելի բանկ փողոցում։

Բանկի գործունեությունը հիմնված է «Իսրայելի բանկի մասին օրենքի» վրա, որի վերջին խմբագրումն ընդունվել է Քնեսեթի կողմից 2010 թվականին։ Օրենքը սահմանում է, որ բանկի հիմնական խնդիրը կայուն գների պահպանումն է[1][2], ինչպես նաև այն հանդիսանում է ազգային արժույթի՝ շեկելի միակ օրինական թողարկողը[3]։ Բանկի իրավասության տակ են նաև երկրի բանկային համակարգի կարգավորման և ոսկու տարադրամային ռեզերվների կառավարման գործառույթները[4]։ Այն տնտեսական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրում կառավարությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին՝ Իսրայելի Հանրապետության անկախության հռչակումից հետո, ժամանակավոր կառավարությունը Համաշխարհային սիոնիստական կազմակերպությանը պատկանող Անգլո-Պաղեստինյան բանկին հանձնեց ազգային նոր արժույթի թողարկումը։ 1951 թվականին Անգլո-Պաղեստինյան բանկի գրասենյակը Լոնդոնից տեղափոխվեց Թել Ավիվ և վերակազմավորվեց Լեումի բանկի, որին փոխանցվեցին նաև էմիսիայի գործառույթները։

Նույն թվականին ֆինանսների նախարար Էլիեզեր Կապլանի ղեկավարությամբ կազմավորվեց «Կենտրոնական բանկի հիմնադրման հանձնաժողովը»։ Նրա մահից հետո հանձնաժողովի աշխատանքները ղեկավարեց Լևի Էշկոլը։ Հանձնաժողովի աշխատանքները տևեցին շուրջ երեք տարի, և 1954 թվականի օգոստոսին Քնեսեթն ընդունեց Իսրայելի բանկի մասին առաջին օրենքը։

Պաշտոնապես բանկն իր աշխատանքը սկսել է 1954 թվականի դեկտեմբերի 1-ին՝ առաջին կառավարիչ Դավիդ Գորովիցի ղեկավարությամբ։ Լեումի բանկից Իսրայելի բանկին փոխանցվեց գումարի թողարկման ստորաբաժանումը, ինչպես նաև երկրի Ֆինանսների նախարարությունից՝ բանկերի գործունեության վերահսկողության բաժինը։

Իսրայելի բանկի խորհրդանիշը ներկայիս 10 ագորա մետաղադրամի դարձերեսին պատկերված նկարն է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի ղեկավարությունը բաղկացած է հետևյալ անդամներից՝ կառավարիչ, տեղակալ և գործադիր տնօրեն։ Դրանում ընդգրկված են նաև արժութային կոմիտետի և վերահսկող խորհրդի նախագահները։ Այս մարմնի ղեկավար կազմն ունի վերստուգիչ և իրավաբանական բաժիններ, ինչպես նաև մամլո ծառայություն[5]։

Ներկայումս բանկի կառավարիչը Ամիր Յարոնն է[6]։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը գտնվում է Երուսաղեմի կենտրոնում՝ կառավարական թաղամասից ոչ հեռու։ Կառուցված է արտ-դեկո ոճով և լրացնում է նոր քաղաքի կերպարը։ Կառույցը տարբերակվում է հստակ արտահայտված երկրաչափական ձևով։ Յուրաքանչյուր հարկի բաժինները կղմինդրի թիթեղների նման ծածկում են միմյանց։ Կապույտի և ավազագույնի համադրությունը կառույցին հաղորդում է խիստ և ժամանակակակից տեսք[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «תמיכה בפעילותם הסדירה וביציבותם של השווקים הפיננסיים» (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «חוק בנק ישראל, התש"ע-2010» (PDF) (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «ניהול המדיניות המוניטרית» (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «החזקת יתרות מטבע החוץ של המדינה וניהולן» (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Bank of Israel - Organizational Structure». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  6. 'Karnit Flug named Bank of Israel governor', OCTOBER 20, 2013
  7. 'Sharon Architects' homepage (in Hebrew). Accessed 10 Jan 2022.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]