Իոտապա (Մար Արտավազդի դուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոտապա
Ιοτάπα
Մեդիա-Ատրպատականի արքայադուստր
Կոմմագենեի թագուհի
Ծնվել է՝մ․թ․ա․ 43 թվական
ԾննդավայրԱտրպատական
Մահացել է՝անհայտ է
Ազգությունծագումնաբանորեն՝ մեդացի, հայ, հույն
ՏոհմԿոմմագենեի թագավորական ընտանիք
թագավորական կոնսորտ
ՀայրՄար Արտավազդ
ՄայրԱթենայիս Մեդացի
ԵրեխաներԱնտիոքոս Գ, Իոտապա Կոմմագենացի, Ակա Բ և Իոտապա Էմեսացի

Իոտապա (հին հունարեն՝ Ιοτάπα, մ. թ. ա. 43, Ատրպատական), Մեդիա-Ատրպատականի թագավոր Մար Արտավազդի դուստրը, մեդացիների արքայադուստր։ Ամուսնությունից հետո դառնում է Կոմմագենեի թագուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոտոպան ուներ մեդական (մարական), հայկական և հունական ծագումնաբանություն։ Ծնվել է մ․թ․ա․ 43 թվականին Ատրպատականի թագավորական ընտանիքում։ Նրա հայրը մարերի թագավոր Արտավազդ Ա Մեդացին (Մար Արտավազդ), իսկ մայրը՝ Կոմմագենեի արքայադուստր Աթենայիսը[2]։ Մ․թ․ա․ 33 թվականին Իոտապան ամուսնանում է իր հեռավոր ազգականի՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի և Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Անտոնիոսի միջնեկ որդու՝ Ալեքսանդրոս Հելիոսի հետ։ Դեռևս մ․թ․ա․ 35 թվականին Մար Արտավազդը հանդես էր եկել Պարթևստանի դեմ դաշինք կազմելու նախաձեռնությամբ և ակնկալում էր հռոմեական լեգեոնների զորակցությունը։ Հռոմին ևս շահեկան էր Ատրպատականի հետ դաշինքի կնքումը։ Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները երաշխավորելու համար Արտավազդ Ա Մեդացին իր դստերը՝ Իոտոպային, տալիս է կնության Կլեոպատրայի և Անտոնիոսի որդուն՝ Ալեքսանդրոս Հելիոսին։

Մ․թ․ա․ 33 թվականին Անտոնիոսը Արաքս գետի ափին հանդիպում է իր դաշնակից Արտավազդ Մեդացուն։ Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվում համաձայն որի, հռոմեական լեգեոնները պետք է զորակցեին Արտավազդ Ա-ին՝ պարթևական արշավանքի ընթացքում, իսկ մարերը՝ Գայոս Օկտավիանոսի փոխարեն ճանաչեին Մարկոս Անտոնիոսի միանձնյա կառավարման իրավունքները Հռոմեական հանրապետությունում։ Արդյունքում՝ Ատրպատականին հաջողվում է հաջող պայքար մղել Պարթևստանի դեմ և որոշակի տարածքներ ձեռք բերել Մեծ Հայքի թագավորությունից։ Ակցիումի ճակատամարտի նախօրեին Անտոնիոսը ետ է կանչում Ատրպատականում կենտրոնացած հռոմեական լեգեոններին։ Արդյունքում՝ մ․թ․ա․ 30 թվականին պարթևների արքա Հրահատ Դ-ի զորակցությամբ Մար Արտավազդի տիրակալություն են ներխուժում Արտաշես Բ-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության ուժերը[3]։ Մարական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում, որի հետևանքով Արտավազդ Մեդացին ստիպված է լինում թողնել սեփական երկիրն ու քաղաքական ապաստան խնդրել «Կրտսեր Կեսարից»՝ Գայոս Օկտավիանոսից։ Ատրպատականի թագավորության տարածքը միացվում է Մեծ Հայքին։ Մ․թ․ա․ 30 թվականին Իոտապան հեռանում է Ալեքսանդրիայից՝ խզելով Ալեքսանդրոս Հելիոսի հետ կնքված ամուսնական դաշինքը։ Հաջորդիվ Եգիպտոսը գրավվում է Օկտավիանոսի բանակի կողմից և վերածվում հռոմեական պրովինցիայի։ Հընթացս Իոտապայի հայրը՝ Մար Արտավազդը, հաստատվում է Օկտավիանոսի արքունիքում, իսկ վերջինս մեդացի թագավորին «ընդունում է բարյացակամորեն»։ Օկտավիանոսի բարեխղճության շնորհիվ Կլեոպատրայի արքունիքից ետ է վերադարձվում Իոտապան, իսկ Արտավազդը ճանաչվում է Փոքր Հայքի թագավոր[4]։

Նույն տարում Իոտապան ամուսնանում է իր մոր զարմիկի՝ Կոմմագենեի թագավոր Միհրդատ Գ-ի հետ։ Նրանց ամուսնական կապի արդյունքում ծնվում է Կոմմագենեի հաջորդ թագավոր Անտիոքոս Գ Եպիֆանոսը, Իոտապա Կրտսերը, Ակա Բ թագուհին և Էմեսայի ապագա թագուհի Իոտապան[5][6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիոն Կասիոս, «Հռոմեական պատմություն», 49.40.2; Պլուտարքոս, «Անտոնիոս», 53.12
  2. «Պտղոմեոսյան արքայատոհմ»։ tyndalehouse.com։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 16, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  3. Դիոն Կասիոս, «Հռոմեական պատմություն» 49.44.1-4։
  4. Թեոդոր Մոմզեն՝ ըստ պատմության Դիոն Կասիոսի, «Հռոմեական պատմություն» 54.9.2
  5. Speidel Michael Alexander։ «Early Roman Rule in Commagene»։ Mavors-Institut für Antike Militärgeschichte։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 27, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  6. Smith, Dictionary of Greek and Roman Biography and Mythology։ էջ 194։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2012-ին։ Վերցված է 28 November 2010 
  7. «Dictionary of Greek and Roman Biography and Mythology»։ էջ 614։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 5, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  8. «Egyptian Royal Genealogy»։ geocities.com։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2009-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  9. Ptolemaic Genealogy: Affiliated Lines, Descendant Lines Archived 16 July 2011 at the Wayback Machine.