Jump to content

Ինարի Օկամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինարին և նրա աղվեսային ոգիները օգնում են դարբին Մունեչիկային դարբնել կոգիցունե-մարու թուրը, 10-րդ դարի վերջ: Այս լեգենդը ծառայել է որպես Սանջո Կոկաջիի նո դրամայի հիմք:

Ինարի Օկամի (ճապ.՝ 稲荷大神, նաև՝ Օրինարի), սինտոիզմում՝ աղվեսների, բերրիության, բրնձի, թեյի, սակեի, երկրագործության և արտադրության կամին, որը նաև առհասարակ զարգացման և աշխարհիկ հաջողության հովանավորն է ու սինտոիզմի կարևոր կերպարներից մեկը։ Հին Ճապոնիայում Ինարին նաև զինագործների ու վաճառականների կամին էր։ Ներկայացված լինելով որպես արու, էգ կամ անդրոգին, Ինարին երբեմն դիտվում է որպես երեք կամ հինգ տարբեր կամիների միասնականացում։

Հայտնի է, որ դեռևս 711 թվականին Ինարիի լեռան մոտ նրան նվիրված ծիսական շինության ստեղծման ժամանակներից Ինարիի պաշտամունքն առկա էր ճապոնացիների մոտ, թեև որոշ մասնագետների կարծիքով նրա պաշտամունքը կար դեռևս 5-րդ դարի վերջում։

Ինարիի պաշտամունքը տարածվեց Ճապոնիայում Էդոյի ժամանակաշրջանում, և 16-րդ դարում նա արդեն բոլոր դարբինների հովանավորն էր և զինվորների պաշտպանը։ Ինարին սիրված կերպար է Ճապոնիայի թե՛ սինտոյական, թե՛ բուդդայական հավատալիքներում։ Ճապոնիայում գտնվող սինտոյական սրբատեղիների մեկ երրորդից ավելին (32000) նվիրված է Ինարիին։ Բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես Շիսեյդո կոսմետիկ ընկերությունը, համարում են Ինարիին իրենց հովանավոր կամին և իրենց գլխավոր գրասենյակաների մոտ կառուցում են նրան նվիրված սրբատեղիներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reader, Ian (2008). Simple Guides: Shinto. Kuperard. pp. 20, 69. ISBN 1-85733-433-7.