Jump to content

Իգոր Դյատլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Դյատլով
ռուս.՝ Игорь Алексеевич Дятлов
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1936(1936-01-13)
ԾննդավայրՊերվոուրալսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 2, 1959(1959-02-02) (23 տարեկան)
Մահվան վայրԴյատլովի լեռնանցք
ԳերեզմանՄիխայլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՈւրալի պետական տեխնիկական համալսարան
 Igor Alekseievich Dyatlov Վիքիպահեստում

Իգոր Ալեքսեևիչ Դյատլով (ռուս.՝ И́горь Алексе́евич Дя́тлов), խորհրդային արշավական, արշավախմբի ղեկավար, որի ողջ անձնակազմը զոհվել է 1959 թվականի փետրվարին Խոլատչախլ լեռան մատույցներում։ Ի պատիվ նրան, ողբերգության վայրի մոտակայքում գտնվող լեռնանցքն անվանվել է Դյատլովի անունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի հունվարի 13-ին Պերվոուրալսկում։ Հայրը աշխատել է «Խրոմպիկ» գործարանում՝ որպես մեխանիկ, իսկ մայրը եղել է Լենինի անվան ակումբի դրամարկղի աշխատող։ Իգորն ուներ ավագ եղբայր՝ Մստիսլավը։ 1938 թվականին ծնվում է նրա քույրը՝ Ռուֆինան, իսկ 1948 թվականին՝ մյուս քույրը՝ Տատյանան։ Իգորը սովորել է Պերվոուրալսկի թիվ 12 միջնակարգ դպրոցում, որն արծաթե մեդալով ավարտել է 1954 թվականին[1][2]։

Դեռ մանուկ հասակից Իգորը սեր է ունեցել գյուտարարության նկատմամբ, հետաքրքրվել ռադիոտեխնիկայով և լուսանկարչությամբ, ինչպես նաև մասնակցել դպրոցի հասարակական կյանքին։ Դպրոցական տարիներին պատեֆոնից պատրաստել է ձայնագրման սարք, որին որպես կրիչ ծառայում էր ռենտգենյան պատկերների համար նախատեսված ժապավենը։ Դյատլովը հավաքում էր ինքնաշեն ռադիոընդունիչ, որն իր հետ վերցնում էր ավագ եղբոր հետ արշավներ մեկնելու ժամանակ։ Լինելով Սվերդլովսկի ռադիոակումբի անդամ՝ շահել է առաջին մրցանակը մանկական տեխնիկական ստեղծարարության մարզային ցուցահանդեսի ժամանակ՝ լվացվող գլխով ձայնագրող մագնիտոֆոնի պատրաստման համար։ 7-րդ դասարանում դարձել է Կոմսոմոլի անդամ։ Ավելի ուշ, սկսել է հետաքրքրվել արկածային տուրիզմով։ Նա կառուցել է սեփական ծալովի կոնստրուկցիայով կախովի զբոսաշրջային վառարան, որն օգտագործել է 1958-1959 թվականների արշավների ժամանակ[1][3][4][5][2][4][6]։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ուրալի պոլիտեխնիկ ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետ։ Հաշվի առնելով արկածային արշավներին Դյատլովի մասնակցության փորձը՝ նրան անմիջապես ընտրում են ինստիտուտի արշավախմբի ղեկավար։ 1956 թվականին նա ընդգրկվում է արկածային տուրիզմի Սվերդլովսկի մարզի հավաքականի կազմում։ Նույն տարվա ընթացքում, հավաքականի կազմում, մասնակցել է ամենաբարդ կատեգորիայի արշավի, որն իրականացվում էր Արևելյան Սայանով։ Դյատլովը մեծ հարգանք ուներ ուսանողների շրջանում, ֆիզիկապես լավ պատրաստված էր, առանձնանում էր արշավական խմբերի անդամների նկատմամբ իր պահանջկոտությամբ[1][5]։

Դյատլովն առաջարկ ստացավ ուսումն ավարտելուց հետո շարունակել աշխատանքն ինստիտուտում։ 1959 թվականի սկզբին նա, որպես ասիստենտ, աշխատանքի անցավ բուհի ամբիոններից մեկում[6]։

Արշավ դեպի Մերձբևեռային Ուրալ (1958 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի հունվարին Դյատլովը, Ուրալի պոլիտեխնիկ ինստիտուտի արշավախմբի կազմում, որը ղեկավարում էր Մոիսեյ Աքսելրոդը, մասնակցեց դեպի Մերձբևեռային Ուրալ արշավին, որն ուներ 3-րդ՝ ամենաբարձր աստիճանի բարդություն։ Արշավի նպատակն էր Մանարագա լեռան մագլցումը։ Տարածքի հասանելի քարտեզների բացակայության պատճառով արշավականերն ստիպված էին եղել շարժվել պատահական երթուղով՝ հույս ունենալով քարտեզներ ստանալ Ուրալյան բևեռային արշավախմբի երկրաբաններից, որոնք աշխատում էին լեռնային բյուրեղապակու Կաժիմ հանքավայրում։ Այս հանքավայրը արշավախմբի մեկնման կետն էր։ Երկրաբաններն արշավականներին չտվեցին «ծառայողական օգտագործման համար» գրիֆով քարտեզները, սակայն համաձայնվեցին խմբի մի մասին տեղափոխել ինքնաթիռով, որպեսզի վերջիններս կարողանան սխեմա գծել։ Արդյունքում, Աքսելրոդը և Դյատլովը երկրաբանների հետ մեկնեցին վերջիններիս Ան-2 ինքնաթիռով, սակայն չհասցրեցին ուրվանկարներ անել։ Որպեսզի կրճատվի արշավականների երթուղին, բևեռախույզներն առաջարկեցին խմբին տեղափոխել օդերևութաբանական կայան, սակայն սահմանափակ բեռնունակության և եղանակային վատ պայմանների պատճառով կարողացավ մեկնել միայն առաջին եռյակը, որի կազմում էին Աքսելրոդը, Վյաչեսլավ Խալիզովը և Եվգենյա Չուբարյովան։ Դյատլովը Պյոտր Բարտոլոմեյի և Նիկոլայ Խանի հետ միասին միայն երկու օր անց կարողացավ մեկնել Պելենգիչեյ բազա, որը գտնվում էր Ուրալյան լեռների արևմտյան լանջին։ Եղանակային վատ պայմանների պատճառով օդաչուները չկարողացան թռչել Ուրալյան լեռների վրայով։ Դյատլովի տեսողական հիշողության շնորհիվ, որը հիշում էր թռիչքի երթուղին և երկրաբանների քարտեզները, մնացած խմբին հաջողվեց կիրճերով և լեռնանցքներով անցնել մոտ 45 կիլոմետր ճանապարհ ու դուրս գալ անհրաժեշտ կետ, որտեղ հանդիպեցին երկրորդ եռյակին[7]։

Արշավ դեպի Հյուսիսային Ուրալ (1959 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի սկզբին Դյատլովը, լինելով Ուրալի պոլիտեխնիկ ինստիտուտի սպորտային ակումբի արշավական բաժնի ամենահմուտ անդամներից մեկը, մշակեց դեպի Հյուսիսային Ուրալ արշավի երթուղին ու անցավ արշավախմբի ձևավորմանը։ Արշավախմբի նպատակը Օտորտեն և Օյկաչախլ լեռների վերելքն էր։ Հունվարի 23-ին 10 հոգուց բաղկացած արշավախումբը դուրս եկավ Սերով քաղաքից, իսկ հաջորդ օրը գնացքով հասավ Իվդել։ Խմբի անդամներից մեկը՝ Յուրի Յուդինը, առողջական խնդիրների պատճառով դուրս եկավ արշավախմբից։ Ենթադրաբար 1959 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը մնացած 9 արշավականները, ներառյալ Դյատլովը, զոհվեցին Խոլատչախլ լեռան լանջին[8][6]։ Արշավախմբի ողբերգական մահվան պատճառների վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, չնայած, որ խորհրդային և ռուսական իրավապահ մարմինները պնդում էին, որ արշավախումբը տարերային աղետի զոհ է դարձել։

Որոնողական ջոկատի անդամները 1959 թվականի փետրվարի 27-ին Խոլատչախլ լեռան լանջին հայտնաբերեցին Դյատլովի մարմինը։ 1959 թվականի մարտի 10-ին Դյատլովը հողին հանձնվեց Եկատերինբուրգի (այն ժամանակ՝ Սվերդլովսկ) Միխայլովյան գերեզմանատանը[8]։

Կինոարվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դյատլովի լեռնանցք» հեռուստասերիալում Դյատլովի դերը մարմնավորում է Իվան Մուլինը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Окунев Д. (2019-03-03). «Загадочная личность: кто привел на перевал Дятлова». gazeta.ru. Газета.ру. Արխիվացված է օրիգինալից 2019-12-02-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Игорь Дятлов: кем был руководитель «смертельного похода»». russian7.ru. ООО «ТУРА». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Смирнов А. (2019-10-16). «В семье его звали Гося. Почему мама Игоря Дятлова винила себя в его смерти?». ural.aif.ru. Аргументы и факты. Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Игорь Дятлов». kp.ru. Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Андреев Н. (2020-03-01). «Конфликт на перевале». rg.ru. Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2021-01-06-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 Ракитин А. И. Перевал Дятлова : Загадка гибели свердловских туристов в феврале 1959 года и атомный шпионаж на советском Урале. — 2-е издание, дополненное. — Москва, Екатеринбург : Кабинетный учёный, 2016. — С. 8—9. — 892 с. — 1400 экз. — ISBN 978-5-7525-2841-5.
  7. Шубницина Е. Пятидесятые. Приполярный зимний // Уральский следопыт : журнал. — Екатеринбург: Общественная организация «Трудовой коллектив редакции журнала „Уральский следопыт“», 2018. — С. 14—19. Архивировано из первоисточника 28 փետրվարի 2022.
  8. 8,0 8,1 Лепихин А. И., Якименко В. Г. Хроника событий(ռուս.) // Уральский следопыт : журнал. — 2009. — № 1. — С. 8—16. Архивировано из первоисточника 5 փետրվարի 2022.
  9. «Иван Мулин». vokrug.tv. Вокруг ТВ. Արխիվացված է օրիգինալից 2022-01-27-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Դյատլով» հոդվածին։