Ժողովուրդների մշտական ատյանի բանաձև (1984)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովուրդների մշտական ատյանի բանաձև (1984) հայերի ցեղասպանության մասին։ Ատյանը ստեղծվել է 1976-ին, Հռոմում՝ ժողովուրդների ինքնագիտակցության բարձրացմանը աջակցելու, համաշխարհային հասարակայնության կողմից քաղաքական որոշակի խնդիրների ընկալմանը նպաստելու, ժողովուրդներին հանուն իրենց իրավունքների պայքարի ոգեշնչելու նպատակով։ Ատյանը տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած հասարակական դատարան է (հայտնի գիտնականներ, իրավաբաններ, լրագրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ) և ընդունած որոշումներն ունեն հանձնարարականի բնույթ։ 1984-ի ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ մշտական ատյանի նստաշրջան՝ նվիրված հայերի ցեղասպանության խնղրին։ Օրակարգը առաջարկել էին «Ազգային փոքրամասնությունների իրավունքի խումբ» (Փարիզ, Ֆրանսիա), «Մշակույթի գոյատևում» (Քեմբրիջ, ԱՄՆ), «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդներին օգնող ընկերակցություն» (Գյոթինգեն, ԳՖՀ) կազմակերպությունները։ Քննարկման ժամանակ լսվեցին Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի (ԱՄՆ), Քեմբրիջի ինստիտուտի՝ հայկական հետազոտությունների և փաստագրության կենտրոնի տնօրեն ժիրայր Լիպարիտյանի (ԱՄՆ), պատմաբան ու գրող Քրիստոֆեր Ուոքըրի (Մեծ Բրիտանիա) և Իվ Տերնոնի (Ֆրանսիա), արևմտյան Բեռլինի համալսարանի դասախոս Թեսսա Հոֆմանի, Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր ժոե Վերհովենի (Բելգիա), Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Գույումճյանի ելույթները, ողբերգական իրադարձությունների մի շարք ականատեսների վկայությունները։ Նստաշրջանին իր ներկայացուցիչներին ուղարկելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով քննարկվեց «Հայկական հարց, ինը հարց և ինը պատասխան» փաստաթուղթը (Անկարայի միջազգային քաղաքականության ինստիտուտ), ինչպես նաև Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թյուրքքայա Աթաեովի գրավոր ցուցմունքները, որոնք արտահայտում էին թուրքական կառավարության դիրքորոշումը տվյալ հարցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։