Jump to content

Թամարա Խանումի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Խանումի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուզբեկստան
ՏեղագրությունՄիրզա Ուլուգբեկ
ՎայրՏաշքենդ
Հիմնադրվել է1994
Կայքthanum.uz
Քարտեզ
Քարտեզ

Թամարա Խանումի տուն-թանգարան (ռուս.՝ Мемориальный музей Тамары Ханум), հայազգի խորհրդային ուզբեկ պարող, երգիչ, դերասանուհի և պարուսույց Թամարա Խանումի տուն-թանգարանը, որը հիմնադրվել է 1994 թվականին՝ 1986 թվականին բացված պարուհու հագուստների ցուցահանդեսի հենքի վրա։ Թանգարանը գտնվում է Տաշքենդի կենտրոնում, Համիդ Ալիմջան մետրոյի կայարանից ոչ հեռու, Թամարա Խանումի անունը կրող փողոցի[1] այն շենքում, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրել է Թամարա Խանումը[2]։

Թամարա Խանումը բարեփոխումներ է մտցրել ուզբեկական կանացի պարի կատարողական ոճի մեջ, եղել է երգի ու պարի բանահյուսության հետևորդ, երգի ու պարի մինիատյուրի ժանրի ստեղծող։ Նրա խաղացանկում ներառված են եղել 86 լեզուներով ավելի քան 500 երգեր, պարային կոմպոզիցիաներ, աշխարհի տարբեր ժողովուրդների ժողովրդական պարեր[3]։

1986 թվականին՝ Թամարա Խանումի կենդանության օրոք բացվեց պարուհու կոստյումների ցուցահանդեսը, որի հենքի վրա 1994 թվականին բացվեց արտիստուհու տուն-թանգարանը։

Թանգարանի ցուցանմուշների հիմնական մասը կազմում են Թամարա Խանումի արտասահմանյան շրջագայությունների բազմաթիվ համերգային բեմական հագուստները, որոնք արտիստուհին ստացել է իր երկրպագուներից։ Ցուցանմուշների շարքում են Մաո Ցզե-Դունի, Ջավահարլալ Ներուի ընծա հագուստները, ինչպես նաև Ուզբեկստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Կորեայից, Չինաստանից, Լիտվայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից ստացած ընծա-հագուստները[4]։

Տարբեր երկրներում Թամարա Խանումը հանդես է եկել հյուրընկալող ժողովրդի ազգային-ավանդական ժողովրդական հագուստով, որի արդյունքում թանգարանի հավաքածուն ընդլայնվել է։ Թանգարանի արժեքավոր հագուստներից են նախկինում Բուխարայի էմիրի կնոջը պատկանող հագուստները։

Թանգարանն ունի լուսանկարչական նյութերի մեծ հավաքածու, որոնք արտացոլում են արտիստուհու բեմական կյանքը, ինչպես նաև վավերագրական լուսանկարներ, որոնք փոխանցում են տվյալ ժամանակաշրջանի մթնոլորտը. ներառված են նաև Թամարա Խանումի հյուրախաղերի, համերգային ծրագրերի բազմաթիվ պաստառներ։ Բոլոր լուսանկարներն ունեն ուզբեկերեն, ռուսերեն և անգլերեն բացատրություններ։ Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Թամարա Խանումի երգերի աուդիո ձայնագրությունները, նրա ձեռագիր հուշերը, բանաստեղծությունները, որոնք նրա կենդանության օրոք չեն հրապարակվել, ինչպես նաև ծավալուն նամակագրություններ իր ժամանակի հայտնի մարդկանց հետ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում 20-րդ դարի սկզբի և կեսերի կենցաղային իրերը, ինչպես նաև որոշ գեղարվեստական աշխատանքներ։ Թանգարանի սենյակներն ունեն նույն տեսքը, ինչպես եղել է արտիստուհու կենդանության օրոք։

2008 թվականին ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով թանգարանում իրականացվեցին լայնածավալ վերակառուցման աշխատանքներ, վերանորոգվեցին 75 բեմական զգեստներ, թարմացվեց պատմական լուսանկարների հավաքածուն, ձայնագրվեց Թամարա Խանումի կյանքի և գործունեության մասին պատմող աուդիո էքսկուրսիա։

Թանգարանի ցուցահանդեսային սրահում կազմակերպվում է ուզբեկ դիզայներների ստեղծած ազգային հագուստի ցուցադրություններ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Memorial House Museum of Tamara Khanum: tribute to the great dancer and artist – Tamara Khanum». www.people-travels.com. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  2. Мемориальный Музей Тамары Ханум
  3. «Тамара Ханум / Ч. Р. Насыров // Симон — Хейлер. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1981. — Стб. 401—402. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 5)». Արխիվացված է օրիգինալից 2017-07-18-ին. Վերցված է 2017-03-17-ին.
  4. В Ташкенте организована выставка костюмов всемирно известной танцовщицы Тамары-ханум
  5. «Дом-музей Тамары Ханум на top.uz».