Jump to content

Թագավորը և ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորը և ես
անգլ.՝ The King and I
Տեսակկինոնկար
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, վեպի էկրանավորում, ընտանեկան ֆիլմ և մուլտֆիլմ
Գործողության վայրԹաիլանդ
Հիմնված էԱննան և Սիամի թագավորը և Թագավորը և ես
ՌեժիսորՌիչարդ Ռիչ
ՍցենարիստԴևիդ Սայդլեր
ՀնչյունավորումՄիրանդա Ռիչարդսոն, Մարտին Վիդնովիչ, Իեն Ռիչարդսոն և Darrell Hammond?
ՊրոդյուսերԱրթուր Ռենկին և Ջեյմս Ջի Ռոբինսոն
ԵրաժշտությունՌիչարդ Չարլզ Ռոջերս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMorgan Creek Productions, Rankin/Bass Animated Entertainment?, Nest Family Entertainment և Crest Animation Productions
ԴիստրիբյուտորWarner Bros.
Տևողություն90 րոպե
Թվական1999
Շահույթ11 993 021 A$

«Թագավորը և ես» (անգլ.՝ The King and I), 1999 թվականի լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Մարգարեթ Լենդոնի «Աննան և Սիամի թագավորը» ֆիլմի և «Թագավորը և ես» մյուզիքլի հիման վրա։ Մուլտֆիլմում երեխաների համար հարմարեցվել է բրիտանուհի Աննա Լեոնուենսի պատմությունը, որը 1862-1869 թվականներին գտնվել է սիամյան Մոնգկուտ արքայի արքունիքում՝ որպես նրա բազմաթիվ երեխաների ուսուցչուհի։

Աննա Լեոնուենսը իր Լյուիս անունով որդու հետ գտնվում է Սիամ տանող առագաստանավում, որ դառնա արքայի երեխաների ուսուցչուհին։ Թագավորի առաջին նախարար Կրալահոմը հանդիպում է նրան և ուղեկցում պալատ։ Կրալահոմը դավեր է նյութում, որ ինքը դառնա թագավոր։ Պալատում ընդունելության ժամանակ Բիրմայից նվեր են բերում գեղեցկուհի Տապտիմին։ Թագավորը Աննային ցույց է տալիս իր լաբորատորիան և տպարանը, այնուհետև գալիս են երեխաները, և Աննան հուզվում է։ Առաջին դասին Աննան երեխաներին ցույց է տալիս աշխարհի ժամանակակից քարտեզը, ապա նրանց պալատից դուրս է տանում զբոսնելու։ Դա բարկացնում է արքային, նա գնում է տաճար, որ աղոթի Բուդդային և հանգստություն ստանա, նրան պաշտպանում է ձեռնասուն Ռամա ընձառյուծը։ Ավագ արքայազնին դուր է գալիս նոր գեղեցկուհին և նրան նվիրում է սպիտակ փղի պատկերով արքայական հմայիլը։ Բրիտանայի դեսպանորդ սըր Էդվարդ Ռամսեյի գալստյանն սպասելով՝ Աննա առաջարկում է եվրոպական ոճով ցուցադրական խնջույք կազմակերպել, որ երևա Սիամի արքունիքի առաջադեմությունը։ Բոլորը նախապատրաստվում են, սակայն խնջույքի թեժ պահին Կրալահոմը կարգադրում է առաջ բերել Տապտիմին, և թագավորը ցասումով նրա պարանոցից պոկում է արքայական հմայիլը։ Արքայազնը և Տապտիմը Լյուիսի օգնությամբ սպիտակ ընտանի փղին նստած փախչում են ջունգլի և ընկնում թակարդը, որը սարքել էր Կրալահոմը։ Թագավորն իր լաբորատորիայում պատրաստած մոտորային օդապարիկով ուղևորվում է փրկելու որդուն։ Տեսնելով, որ որդին և աղջիկն ընկել են վարար գետը, նա իջնում է և փրկում նրանց։ Կրալահոմը, իր հավակնոտ ծրագրերի ձախողման պատճառով բարկանալով, հրավառության հրթիռներով կրակում է թագավորի օդապարիկին։ Օդապարիկն սկսում է այրվել, և բոլորն ստիպված են լինում ցատկել ջուրը։ Արքան հանձնարարում է Կրալահոմին մարքել փղագոմը։ Կազդուրվելուց հետո արքան Աննային է նվիրում նրան խոստացած տունը և հրավիրում է վալսի։

Դերերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հնչյունավորել են հետևյալ դերասանները.

Դերակատար Դեր
Միրանդա Ռիչարդսոն Աննա Լեոնուենս Աննա Լեոնուենս
Քրիստինա Նոլլ Աննա Լեոնուենս Աննա Լեոնուենս (երգեցողություն)
Մարտին Վիդնովիկ Սիամի թագավոր Սիամի թագավոր
Իեն Ռիչարդսոն Կրալահոմ Կրալահոմ
Դարել Հեմոնդ Master Little Master Little
Ալեն Դ. Հոնգ Չուլալոնգկորն արքայազն Չուլալոնգկորն արքայազն
Դևիդ Բյորնեմ Չուլալոնգկորն արքայազն Չուլալոնգկորն արքայազն (երգեցողություն)
Արմի Արաբե Տապտիմ Տապտիմ
Թրեյսի Վեններ Տապտիմ Տապտիմ (երգեցողություն)
Ադամ Վայլի Լյուիս Լեոնուենս Լյուիս Լեոնուենս
Շոն Սմիթ սըր Էդվարդ Ռամսեյ սըր Էդվարդ Ռամսեյ

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրված կարծիքների մեծամասնությունը եղել են բացասական։ Ինչպես նշել է Ջերի Բեկը իր «Անիմացիոն կինոյի ուղեցույցում», «առաջնաղբյուրի հիասքանչ նյութը փչացրել են վատ նկարահանված անիմացիոն ռիմեյքով»[1]։

«Washington Post»-ից Սթիվեն Հանթերը ֆիլմն անվանել է «սոսկալի, աբսուրդային, բոլորովին անպետք գործ», պիտանի միայն նրա համար, որ «ձանձրույթ առաջացնի երեխաների ու մեծահասակների մոտ»։ Քննադատի կարծիքով՝ միակ բանը, որ մուլտֆիլմում հիշեցնում է բնօրինակը, մյուզիքլից մի քանի երգերն են, բայց «դրանք էլ դրված են բացարձակ անհարմար դրվագներում»։ Հանթերի կարծիքով օրիգինալ սյուժեի փոխարեն հանդիսատեսն ստանում է ինչ-որ «վուլգար և տխմար» բան։ Քննադատության հեղինակը կշտամբում է ֆիլմի ստեղծողներին գրեթե անթաքույց ռասիզմով։ Հանթերի խոսքերով՝ մուլտֆիլմը «ապացուցում է բրիտանացիների ի ծնե գերազանցությունը անհուսալի ասիացիների հանդեպ»։ Տեխնիկական առումով ֆիլմն արժանացել է «պարզապես վատ անիմացիա» քննադատությանը։ Հերոսների դեմքերը կոպիտ և ոչ արտահայտիչ են, հերոսները պատկերված են «էժանագին» մարմնավորումներով։ Այնուամենայնիվ, պատկերի ամենաթույլ կողմը Հանթերը համարել է գունային լուծումները[2]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթագրերում գրված է. «In memory of Cecilia M. Wheeler, Marie A. Miller. Special thanks to James R. Miller» («Սեսիլա Ուիլերի և Մարիա Միլլերի հիշատակին։ Հատուկ շնորհակալությյուն Ջեյմս Միլլերին»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Beck, Jerry. The Animated Movie Guide. — First edition. — Chicago: Chicago Review Press, 2005. — С. 135—136. — ISBN 1-55652-591-5(անգլ.)
  2. Hunter, Stephen. (19.03.1999). «'King and I': Royally Insulting». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]