Ընտրությունների բոյկոտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբական համայնքի պաստառը կոչ է անում բոյկոտել Կոսովոյի 2013 թվականի տեղական ընտրությունները

Ընտրությունների բոյկոտում կամ հանրաքվեի բոյկոտում, ընտրությունների կամ հանրաքվեի քվեարկությունից հրաժարվելը, որը կատարվել է ընտրողների զգալի խմբի կողմից։ Աբսենտեիզմի այլ ձևերից այն տարբերվում է իր ցուցադրականությամբ և զանգվածայնությամբ։ Սովորաբար ուղեկցվում է բոյկոտի օգտին քարոզչությամբ, ընտրողների լայն շրջանակներին՝ իրենց միանալու կոչերով։ Բոյկոտը կարող է ուղեկցվել նաև այլ գործողություններով, որոնք ուղղված են նրա ցուցադրական բնույթի ընդգծմանը։ Օրինակ՝ ակցիայի մասնակիցը կարող է պահանջել իրեն հեռացնել ընտրողների ցուցակից և/կամ քարոզել քաղաքացիներին հրաժարվել քվեարկել այդ ընտրություններում[1]։

Բոյկոտի պատճառ կարող են դառնալ ընտրողների անվստահությունը երկրի ընտրական համակարգի նկատմամբ, բողոքը ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործման դեմ, զանգվածային կեղծիքների կասկածները։ Բոյկոտի մասնակիցները կարող են իրենց գործողությունները բացատրել նրանով, որ չեն ցանկանում քվեարկությանը իրենց մասնակցությամբ լեգիտիմություն հաղորդել ընտրված իշխանությանը կամ հանրաքվեի ընթացքում ընդունված որոշմանը[2]։ Եթե օրենքով նախատեսված է նվազագույն մասնակցության շեմ, որն անհրաժեշտ է ընտրությունները կայացած ճանաչելու համար, բոյկոտի նպատակը կարող է լինել դրանք տապալելը։

Բողոքի խմբերը, որոնք բոյկոտի կոչ են անում, կարող են պատկանել որոշակի տարածաշրջանային կամ էթնիկ խմբի, որը կարող է պնդել, որ ընտրությունները կամ հանրաքվեի դրված հարցը հաշվի չեն առնում կամ ոտնահարում են իրենց շահերը։ Բոյկոտի կարող են դիմել նաև գրանցված թեկնածուներն ու կուսակցությունները՝ դուրս գալով քվեարկությունից և իրենց կողմնակիցներին առաջարկելով զերծ մնալ ընտրատեղամասեր այցելելուց։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյկոտի քննադատությունը հիմնվում է հիմնականում այն փաստարկի վրա, որ ընտրությունները բոյկոտելը ոչ մի կերպ չի կարող ազդել կայացված որոշման վրա, որը, ի տարբերություն բուն բոյկոտի, իրավական ուժ կունենա։ Եթե բողոքի խումբը համեմատաբար փոքր է, կամ մասնակցության նվազագույն շեմը, որը թույլ կտար տապալել ընտրությունները, օրենքով սահմանված չէ, բոյկոտը, ըստ այդ տեսակետի, անիմաստ է։ Ավելին, տարածված է այն կարծիքը, որ իրենց գործողություններով ցուցարարները կարող են նույնիսկ խորացնել առկա իրավիճակը[3][4]։ Հաշվարկվել է, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հիման վրա տեղերի բաշխման ժամանակ ընտրողների զգալի մասի չմասնակցելը քվեարկությանը ձեռնտու է խոշոր կուսակցություններին, որոնք հավաքում են ձայների ավելի մեծ տոկոս[5][6]։ Որպես բողոքի միջոց բոյկոտի դիմած ուժերի՝ իշխանության մասնակցությունից հեռացումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել նաև ողջ երկրի հասարակական կյանքում[4]։

Բոյկոտները պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունները բոյկոտելու ամենավառ օրինակներից մեկը 1983 թվականին Ճամայկայում կայացած խորհրդարանական ընտրություններն են։ Այն ժամանակ հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդական ազգային կուսակցությունը, կոչ է արել իր կողմնակիցներին հրաժարվել քվեարկությունից, ընտրություններն անցկացվել են միայն 6 (60-ից) շրջաններում, որտեղ քվեարկել է ընտրողների 55 %-ը, սակայն համազգային մասնակցությունը այդ կերպ կազմել է ընդամենը 2,7 %, ինչը չի խանգարել Ճամայկայի իշխող Լեյբորիստական կուսակցությանը զբաղեցնել պալատի բոլոր 60 տեղերը[7]։

1992 թվականին բոսնիացի սերբերը բոյկոտել են Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հանրաքվեն՝ բողոքելով իրենց տեսանկյունից ինքնիշխանության մասին հուշագրի ոչ իրավաչափ ընդունման դեմ՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությամբ՝ նման հարցերի համար սահմանված սահմանադրական մեծամասնության փոխարեն։ Այնուամենայնիվ, հանրաքվեին մասնակցությունը կազմել է 63,4 տոկոս։ Բոսնիացի սերբերի առաջնորդների կողմից ռեֆերնդումի արդյունքները մերժվել են, իրադարձությունների հետագա զարգացումը վերածվել է Բոսնիական պատերազմի։

Ռուսաստանի պատմության մեջ նախահեղափոխական ժամանակներում բոլշևիկների և էսէռների կուսակցությունները դիմել են բոյկոտի։ Մասնավորապես այդ մասին գրել է Վ. Ի. Լենինը «Բուլիգինյան Դումայի բոյկոտը և ապստամբությունը» հոդվածում[8]։

Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսը և Ղրիմի այլ պրոուկրաինական կազմակերպություններ բոյկոտել են թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն 2014 թվականի մարտին[9][10]։ Հետագայում նրանք բոյկոտել են Ղրիմի տարածքում Ռուսաստանի խորհրդարանի և նախագահի ընտրությունները[11][12]։

2003-2004 թվականներին Ռուսաստանի ընտրությունները բոյկոտել է Էդուարդ Լիմոնովի Նացիոնալ-բոլշևիկյան չգրանցված կուսակցությունը։ Նրա կողմնակիցները մայոնեզ են լցրել ԿԸՀ ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովի վրա և ձվեր նետել ընտրություններին մասնակցած կուսակցությունների առաջնորդների վրա (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, կոմունիստներ և լիբերալներ)։ 2011-2012 թվականների ընտրական փուլի ժամանակ բոյկոտի օգտին հանդես են եկել Գարրի Կասպարովը և նրա կողմնակիցները[13][14]։

2017 թվականին ԿԸՀ-ի կողմից Ալեքսեյ Նավալնիին նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցելու մերժումից հետո, նա հայտարարել է «ընտրողների գործադուլ» սկսելու[15], այսինքն՝ բոյկոտելու մասին։ Ընտրությունները բոյկոտելու կոչ են արել նաև ընդդիմության այլ գործիչներ, օրինակ՝ Գարրի Կասպարովը[16]։ Միխայիլ Խոդորկովսկին առաջարկել է «ակտիվ բոյկոտ»՝ քվեաթերթիկում գրանցելով ցանկացած անձի ազգանունը՝ անկախ գրանցման փաստից[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Буй.тв: Что делать на выборах, если голосовать не хочется». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «Григорий Голосов. Бойкот с вами! (Газета.ру)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Ассоциация «Голос»: к чему приводит бойкот
  4. 4,0 4,1 Election Boycotts Don’t Work Արխիվացված 2010-06-13 Wayback Machine(անգլ.)
  5. Ликбез для избирателей
  6. Голосование или бойкот?
  7. Dieter Nohlen Elections in the Americas: A data handbook. — 2005. — Vol. I. — P. 430. — ISBN 9780199283576(անգլ.)
  8. В. И. Ленин Бойкот булыгинской думы и восстание — 1905 год(չաշխատող հղում)
  9. Лідер Меджлісу закликає ввести у Крим миротворців ООН Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ուկր.)
  10. «Крымские татары просят Турцию, Казахстан и Азербайджан о помощи». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. Выборы в Крыму: куда делись избиратели? Արխիվացված 2018-03-22 Wayback Machine / bbc.com
  12. Крымчан призвали бойкотировать выборы президента РФ Արխիվացված 2018-03-21 Wayback Machine / vesti-ukr.com
  13. «Роман Попков. Как оппозиция пыталась бойкотировать выборы в путинской России, и что из этого получалось. 26.12.2017». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. Александр Подрабинек. Так оставьте ненужные споры Արխիվացված 2018-02-25 Wayback Machine // Блог А. Подрабинека, 21.09.2011
  15. Навальный объявил «забастовку избирателей» Արխիվացված 2017-12-26 Wayback Machine // «Медуза», 25.12.2017
  16. «Выборы» или бойкот Արխիվացված 2017-12-28 Wayback Machine // Радио Свобода, 03.12.2017
  17. Ходорковский предложил сторонникам тактику «активного бойкота» на президентских выборах Արխիվացված 2018-01-07 Wayback Machine // «Ведомости», 25.09.2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]