Էմմա Օստրյոմ
| Էմմա Օստրյոմ շվեդ.՝ Emma Irene Åström | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 27, 1847[1][2] |
| Ծննդավայր | Տայվասսալո, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] |
| Մահացել է | հուլիսի 3, 1934[1] (87 տարեկան) |
| Մահվան վայր | Տամմիսաարի, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա[3] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | շվեդերեն |
| Կրթություն | Հելսինկիի համալսարան և Յուվյասկյուլյայի ուսուցչական ուսումնարան |
| Մասնագիտություն | ուսուցչուհի |
Էմմա Իրենա Օստրյոմ (շվեդ.՝ Emma Irene Åström, ապրիլի 27, 1847[1][2], Տայվասսալո, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 3, 1934[1], Տամմիսաարի, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա[3]), բարձրագույն կրթության դիպլոմ ստացած առաջին կինը Ֆինլանդիայում (1882)։ Մանկավարժական ուսումնարանում աշխատել է որպես ուսուցիչ։
Չնայած նրան, որ Օստրյոմը կարող է կոչվել Ֆինլանդիայում կանանց համալսարանական կրթության առաջամարտիկ, կյանքի վերջում ասել է, որ երբեք իրեն չի համարել գիտակցված ռահվիրա։ Նա համարում էր, որ այնպես է ստացվել, որ իր անձնական մասնավոր հետաքրքրությունները համընկել են այդ դարաշրջանի նոր պահանջների հետ, պարարտ հող նախապատրաստելով գիտելիքի այնպիսի «տղամարդկային» ոլորտների համար, ինչպիսիք են փիլիսոփայությունն ու լատիներեն լեզուն, որոնց աջակցում էին համալսարանական դասախոսները և դրանք իրականացան[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմա Օստրյոմը ծնվել է 1847 թվականի ապրիլի 27-ին, Ֆինլանդիայի Մեծ Դքսության Վարսինայս-Սուոմի շրջանի Տայվասալո համայնքում` հողաչափ Կարլ Օստրյոմի և նրա կնոջ Յուստինա Յակոբսոնի ընտանիքում։ Մինչև վեց տարեկան աղջիկը մեծացել է Տայվասսալոյում, իսկ հետո մոր հետ տեղափոխվել է Ալանդյան կղզիներ, որտեղ նախապես հայրը տեղափոխվել էր մոր (Էմմա տատիկ) հետ։ Էմմայի մոր համար ֆիններենը մայրենին էր, իսկ Ալանդյան կղզիները ամբողջովին շվեդախոս էին և աղջկա համար շվեդերենը նույնպես դարձել է նրա մայրենին[4]։

1865 թվականից սովորել է Յուվյասկուլյայի մանկավարժական ուսումնարանում, որը ղեկավարում էր հայտնի ֆինն մանկավարժ՝ «ֆիննական դպրոցի հայր» Ունո Սիգնեուսը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Օստրյոմն աշխատել է Յուվյասկյուլյայի աղջիկների տարրական դպրոցում (1869-1870), ապա` Հելսինկիի աղջիկների ֆիննական դպրոցում (1871-1872), 1873-1874 թվականներին` Հելսինկիի քաղաքային ժողովրդական դպրոցում[5]։
1873 թվականին սովորել է Ալեքսանդրովյան կայսերական համալսարանում (այժմ՝ Հելսինկիի համալսարան), բայց հաջորդ տարի ստիպված ընդհատել է ուսումը հոր մահվան և ընտանիքին օգնելու անհրաժեշտության պատճառով։ Ունո Սիգնեուսի հովանու ներքո նա ուսուցչի ժամանակավոր պաշտոն է ստացել Տամմիսաարիի ուսուցիչների վերապատրաստման ուսումնարանում և այնտեղ աշխատել մինչև 1876 թվականը, բայց հետագայում վերադարձել է Հելսինկի և շարունակել ուսումը համալսարանում՝ փիլիսոփայության մագիստրոսի աստիճանով ավարտելով այն 1882 թվականին[5]։
Համալսարանն ավարտելուց հետո լայն ճանաչում է ստացել Ֆինլանդիայի լիբերալ շրջանակներում և Ֆինլանդիայի կանանց ազգային շարժման առաջամարտիկների շրջանում, իսկ հայտնի Զախարիաս Տոպելիուսը և Ադելաիդա Էրնրուտը նրան փառաբանող բանաստեղծություններ են նվիրել։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է աշխատել որպես ուսուցիչ։ Դասավանդել է Հելսինկիի շվեդական դպրոցում (1882-1886), ապա վերադարձել է Տամմիսաարիի մանկավարժական դպրոց և այնտեղ դասավանդել պատմություն, ինչպես նաև շվեդերեն և ֆիններեն (1886-1920)[5]։
1927 թվականին Էմմա Օստրյոմին շնորհվել է Հելսինկիի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում[5]։
Էմմա Օստրյոմը մահացել է 1934 թվականի հուլիսի 3-ին, Ուուսիմաայի շրջանի Տամմիսաարի քաղաքում[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստրյոմ գործչի հանդեպ հետաքրքրությունը Ֆինլանդիայում բավականին մեծ է եղել, ինչի մասին են վկայում նրա կենսագրությամբ հրատարակված երկու գրքերը, ինչպես նաև նրա հուշագրությունների գիրքը (1933 թվականին գիրքը լույս է տեսել ֆիններեն՝ Elämäni ja ystäväni: muistelmateos «Իմ կյանքը և իմ ընկերները։ Հուշեր» վերնագրով, 1934 թվականին այդ գիրքը լույս է տեսել շվեդերեն, որը թարգմանվել է բարձրագույն կրթությամբ մեկ այլ առաջամարտիկի՝ Էլսա Էնյայարվի-Հաավիոյի կողմից, որը եղել է Ֆինլանդիայում բանահյուսության առաջին դոկտորը կանանց շրջանում)։ Տամմիսաարի մանկավարժական ուսումնարանում ստեղծվել է նրա անվան կրթաթոշակային ֆոնդ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Väisänen, M. Åström, Emma Irene (1847—1934) : Suomen ensimmäinen naismaisteri, seminaarinlehtori
- Väisänen, M. Åström, Emma Irene (1847—1934) : Finland's first woman university graduate, teachers' college instructor
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Օստրյոմ» հոդվածին։ |
|