Էլիզաբեթ Բարրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բարրի
անգլ.՝ Elizabeth Barry
Ծնվել է1658[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 7, 1713(1713-11-07)[2][3]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Էլիզաբեթ Բարրի (անգլ.՝ Elizabeth Barry, մոտավորապես 1658[1][2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - նոյեմբերի 7, 1713(1713-11-07)[2][3]), անգլիական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է Օտուեյի, Դրայդենի, Շեքսպիրի, Կոնգրիվի պիեսներում, բեմի վրա մարմնավորել է ավելի քան 100 կերպար։ Համարվում է Անգլիայի առաջին մեծ դերասանուհին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բարրին ծնվել է մոտավորապես 1658 թվականին։ Նրա հայրը՝ Ռոբերտ Բարրին, բարրիսթեր (փաստաբան) էր[5]։ Շուրջ 1673 թվականին Էլիզաբեթը բեմական գործունեություն է սկսել Լոնդոնի «Դորսեթ Գարդեն» թատրոնում[6]։ 1675-ին՝ տասնյոթ տարեկանում, Բարրին Թոմաս Օտուեյի «Ալկիվիադում» խաղացել է աղախնի դերը։ Ժամանակակիցների հուշերում, մասնավորապես Կոլի Սիբերի, ասվում է` նա այնքան վատ է խաղացել, որ աշխատանքից հեռացվել է կարիերայի հենց սկզբում[7]։ Այն մասին, թե ինչ հաջորդեց սրան, գոյություն ունի հաստատուն լեգենդ, որն առաջին անգամ հրապարակվել է նույն Սիբերի «Ապոլոգիայում» (Apology for the Life of Colley Cibber, 1740) և հետագայում զարգացվել ու լրացվել «Անգլիական բեմի պատմությունում» (The History of the English Stage, 1741)՝ Էդմունդ Կերլի կողմից[8]։ 2-րդ կոմս Ռոչեստեր Ջոն Ուիլմոթը գրազ է եկել, որ կես տարվա ընթացքում Բարրիին հիանալի դերասանուհի կդարձնի[9]։ Ըստ Կերլի՝ նա ինքնուրույն ձեռնամուխ է եղել Բարրիի ուսուցմանը և պարզելով, որ նա ամբողջովին զրկված է երաժշտական լսողությունից, գտել է այդ թերությունը փոխհատուցելու եղանակը՝ սովորեցնելով նրան կարծես վերակերպավորվել բեմի վրա ու մտնել կերպարի էության և զգացմունքների մեջ։ Քերլը պնդում էր, որ Ռոչեստերը Բարրիին պատրաստում էր Ռոջեր Բոյլ Օրերիի «Մուստաֆա» ողբերգության մեջ Հունգարիայի թագուհի Իզբելլայի դերի համար, սակայն չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատեր, որ Բարրին խաղացել է այդ դերը[5]։ Հետագայում հետազոտողները կասկածի տակ են առել հենց լեգենդը[10]։

Էլիզաբեթ Բարրի

Ինչևէ, Էլիզաբեթ Բարրին իսկապես դարձել է հաջողակ դերասանուհի և շուտով սկսել է բազմաթիվ դերեր ստանալ։ Նա նաև Ռոչեստերի սիրուհին է եղել, և 1677 թվականին նրանից դուստր է ունեցել[11][12]։ Հաջորդ տարի վերադառնալով բեմ՝ Բարրին լիովին բացահայտել է իր տաղանդը 1679-1680 թթ. խաղաաշրջանում և հենց այդ ժամանակ իր առաջին, իրապես բացառիկ դերն է խաղացել. Մոնիմիայի դերը Օտուեյի «Որբ»-ում։ Հետագայում նա խաղացել է Օտուեյի բոլոր պիեսներում, ընդ որում՝ դրամատուրգը դերերը հարմարեցրել է նրան՝ հաշվի առնելով նրա տաղանդի առանձնահատկությունները[13]։

1680-1681 թվականների թատերաշրջանում Բարրին դարձել է Duke’s Company թատերախմբի առաջատար դերասանուհի՝ հանդես գալով դերասան Թոմաս Բեթերթոնի հետ։ Բարրին խաղացել է ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ դերեր, սակայն իր խառնվածքով, ինչպես և բեմի իր գործընկեր Բեթթերթոնը, առավելապես մոտ էր ողբերգական դերեր կերտելուն։ Հատուկ նրանց համար Օտուեյը գրել է «Փրկված Վենետիկ»-ը, որի պրեմիերայի ժամանակ` 1682 թվականի փետրվարի 9-ին, Բարրին խաղում էր Բելվիդերայի դերը։ Օտուեյը չափազանց տարված էր նրանով. պահպանվել է նրանց նամակագրությունը, որում Բարրին ներկայանում է որպես քմահաճ, խայթող ու ոչ անշահախնդիր, սակայն նրան սիրահարված Օտուեյի համար պահպանում էր իր անփոփոխ գրավչությունը[14]։

1682 թվականին, երբ Duke’s Company-ն միավորվեց King’s Company-ի հետ, Էլիզաբեթ Բարրին դարձավ նոր ձևավորված United Company-ի անվերապահ առաջատարը[12]։ 1692 թվականին Ջոն Դրայդենն իր «Կլեոմեն» ողբերգության մեջ նրա կողմից Կասանդրայի դերակատարման մասին գրել է. «Միսիս Բարրին, որը մշտապես հիասքանչ է, այս ողբերգության մեջ գերազանցել է ինքն իրեն և ձեռք բերել այնպիսի հեղինակություն, ինչպիսին ոչ մի կին չի ունեցել բոլոր նրանցից, ում ես տեսել եմ թատերաբեմին»[15]։ 1695 թվականին Բարրին լորդ Չեմբերլենին ուղղված խնդրագիր գրած այն դերասանների թվում էր, որոնք բողոքում էին աշխատավարձի և աշխատանքի պայմանների դեմ։ Արդյունքում նրանք թույլտվություն են ստացել ստեղծելու նոր թատերական ընկերություն Լինքոլնս-Ինն-Ֆիլդսում[12]։ Բարրին շարունակել է հանդես գալ առաջատար դերերում և եղել է ընկերության ղեկավարների թվում[12][16]։ Դերասանուհին բարձր հոնորարներ է ստացել և բազմիցս դարձել է ժամանակակիցների երգիծանքի օբյեկտ, որոնք ծաղրել են նրա սերը փողի հանդեպ։ Բացի այդ, նա ունեցել է ազատ բնավորության տեր կնոջ համբավ՝ բազմաթիվ սիրեկաններ ունեցող և նրանց առատաձեռնությունից օգտվող։ Այնուամենայնիվ, նրա պրոֆեսիոնալ վարպետությունը կասկածի տակ չի առնվել, և Էլիզաբեթ Բարրին ճանաչվել է իր ժամանակի լավագույն դերասանուհի[12][17]։

Բարրիի թատերական երկար կարիերան ավարտվել է 1710 թվականին։ Վերջին տարիները նա անցկացրել է Ակտոնի ամառանոցում՝ թատրոնից պարբերաբար նպաստ ստանալով։ 1713 թվականին, ժամանակակիցներից մեկի պնդմամբ, նրա շունը, որը վարակված էր կատաղությամբ, կծել է նրան։ Նոյեմբերի 4-ին Բարրին իրեն շատ վատ է զգացել և սկսել է կտակ գրել։

Նա մահացել է 1713 թվականի նոյեմբերի 7-ին[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 British Museum person-institution thesaurus
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 35. — ISBN 978-1-85743-228-2
  4. Phyllis Hartnoll, Peter Found. «The Concise Oxford Companion to the Theatre».
  5. 5,0 5,1 A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 313
  6. Թատերական հանրագիտարան, 1961, 445
  7. Kate C. Hamilton, 2013, էջ 291
  8. Simon Hampton, 2000, էջ 176
  9. Simon Hampton, 2000, էջ 177
  10. Kate C. Hamilton, 2013, էջ 294
  11. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 314—315
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 A Historical Dictionary of British Women, 2003, էջ 35
  13. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 315
  14. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 316—317
  15. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 318
  16. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 319
  17. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 319—321
  18. A Biographical Dictionary of Actors, 1975, էջ 323

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիզաբեթ Բարրի // Թատերական հանրագիտարան / Պ. Ա. Մարկով. — Մ: Սովետական հանրագիտարան, 1961. — Т. I.
  • Barry, Elizabeth // A Historical Dictionary of British Women / Cathy Hartley. — Psychology Press, 2003. — P. 35.
  • Kate C. Hamilton The «Famous Mrs. Barry»: Elizabeth Barry and Restoration Celebrity // Eighteenth-Century Culture. — 2013. — Vol. 42. — P. 291—320.
  • Simon Hampton Rochester, The Man of Mode and Mrs Barry // That Second Bottle: Essays on the Earl of Rochester / Nicholas Fisher. — Manchester University Press, 2000. — P. 165—179.
  • Philip H. Highfill, Kalman A. Burnim, Edward A. Langhans Barry, Elizabeth // A Biographical Dictionary of Actors, Actresses, Musicians, Dancers, Managers and Other Stage Personnel in London, 1660—1800: Cabanel to Cory. — SIU Press, 1975. — P. 313—339.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բարրի» հոդվածին։