Զոնդ-3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոնդ-3
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID1965-056A
SCN01454
Գործարկման ամսաթիվ1965 հուլիսի 18, 14:32 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված950 կգ[1]

Զոնդ-3 (ռուս.՝ Зонд-3), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Լուսնի հակադարձ կողմը հետազոտելու համար[2]։ Կայանը կատարել է իր ժամանակի համար առավել բարձր որակի լուսանկարներ։

Զոնդի առաքելությունները Խորհրդային Միության կողմից ներկայացվել են որպես ինժեներական փորձարկումներ[3]։ Այն ժամանակ արևմտյան դիտորդները ենթադրում էին, որ այդ անվանումն օգտագործվել է որպես անհաջող առաքելությունների քողարկում, այնպես, ինչպես Կոսմոս անվանումները օգտագործվել են այն առաքելությունների համար, որոնք չեն կարողացել լքել Երկրի ուղեծիրը[3]։

Կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը կառուցվել է 3ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա, ինչպես և Զոնդ-2[4]։ Ի լրումն 106,4 մմ կիզակետային երկարությամբ լուսանկարման համակարգին, կայանի վրա տեղադրված էր տեսանելի լույսի լուսանկարչության սարքավորում, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր սպեկտրոֆոտոմետրեր, ճառագայթման սենսորներ, լիցքավորված մասնիկների դետեկտոր, մագնիսաչափ և միկրոմետեորոիդ դետեկտոր[4][5]։

Կայանի վրա նաև տեղադրված էին պլազմային էլեկտրական հրթիռային շարժիչներ, ընդհանուր առմամբ կայանի վրա տեղադրված էին վեց այդպիսի սարքեր, որպես կայանի դիրքի շտկման համակարգի շարժիչներ։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդ-3-ը արձակվել է 1965 թվականի հուլիսի 18-ին Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով։ Սա 1963-ի վերջին ձախողված առաքելության կրկնությունն էր, որը նախատեսում էր փորձարկել հաղորդակցությունը Մարսի և Երկրի միջև համարժեք հեռավորությունների վրա[6]։

Կայանի Լուսնի մոտով անցումը տեղի ունեցավ հուլիսի 20-ին՝ 9219 կմ ամենամոտ մոտեցմամբ[4], արձակումից մոտավորապես 35 ժամ հետո։ Անցման ընթացքում կատարվել են Լուսնի մակերևույթի 25 տեսանելի լույսի լուսանկարներ և 3 բարձր որակի ուլտրամանուշակագույն սպեկտրի լուսանկարներ, ընդհանուր առմամբ անցումը տևել է 68 րոպե[4][7]։ Լուսանկարներն ընդգրկում էին Լուսնի մակերեսի 19 միլիոն կմ²[8]

Լուսնի մոտով անցնելուց հետո Զոնդ-3-ը անցավ Մարսի ուղեծրի վրայով, բայց ոչ այն ժամանակ, երբ մոլորակը այնտեղ էր։ Կայանի կատարած լուսանկարները փոխանցվել են հուլիսի 29-ին 2,25 միլիոն կմ հեռավորությունից։ Կապի համակարգի հուսալիությունը փորձարկելու համար տեսախցիկի ժապավենը նորից ետ փաթաթվեց և վերահեռարձակվեց օգոստոսի կեսերին, սեպտեմբերի կեսերին և վերջապես հոկտեմբերի 23-ին 31,5 միլիոն կմ հեռավորությունից՝ այդպիսով հաստատելով կապի համակարգի հաուսալիությունը[4]։ Հեռավորության աճի հետ տվյալների փոխանցման արագությունը իջնում էր, սակայն որակը ավելանում[6]։

Առաքելությունն ավարտվեց ռադիոկապի դադարեցումով 1966 թվականի մարտի 3-ին, երբ կայանը գտնվում էր Երկրից 153,5 միլիոն կմ հեռավորության վրա[4][5]։ Կայանը գործեց 228 օր, ինչը մոտավորապես համարժեք է այն ժամանակին, որն անհրաժեշտ էր դեպի Մարս հաջող ճանապարհորդության համր, և գերազանցում էր դեպի Վեներայի թռիչքի ժամանակը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  2. Harvey, Brian (2007 թ․ օգոստոսի 17). Soviet and Russian Lunar Exploration. Springer Science Business Media. էջ 82. ISBN 978-0-387-73976-2.
  3. 3,0 3,1 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 69–72. ISBN 9780387463438.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 LePage, Andrew J. (2015 թ․ հուլիսի 27). «The mission of Zond 3». The Space Review.
  5. 5,0 5,1 Huntress, Wesley T. Jr.; Marov, Mikhail Ya. (2011). Soviet Robots in the Solar System: Mission Technologies and Discoveries. Springer-Praxis Books in Space Exploration. Springer Science+Business Media. էջեր 130–132. doi:10.1007/978-1-4419-7898-1. ISBN 978-1-4419-7897-4.
  6. 6,0 6,1 Teitel, Amy Shira (2013 թ․ հուլիսի 18). «Zond 3: First to See Moon's Far Side on the Way to Mars». Discovery News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին.
  7. Siddiqi, Asif A. (June 2002). Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958–2000. Monographs in Aerospace History. Vol. 24. NASA. էջեր 49–50. ISBN 0-16-067405-0. SP-2002-4524.
  8. «Zond 3 - Details». NASA Space Science Data Coordinated Archive. NASA. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]