Զարեհ Պտուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարեհ Պտուկյան
Ծնվել է1911 օգոստոսի 9
Սեբաստիա
Մահացել է2001
Բնակության վայր(եր)Կանադա
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և դրամագետ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան
Ալմա մատերՄաքԳիլի համալսարան

Պտուկյան Զարեհ (անգլ.՝ Paul Zareh Bedoukian, օգոստոսի 9, 1911, Սեբաստիա - 2001[1]), հայ դրամագետ, քիմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սոֆիայի Մեսրոպյան ճեմարանում։ 1926 թվականին տեղափոխվել է Կանադա։ Տորոնտոյում ավարտել է հայկական դպրոց, իսկ 1936 թվականին՝ Մոնրեալի Մաք-Դիլ համալսարանը՝ ստանալով քիմիկոս-ինժեների կոչում։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) ադյունկա-պրոֆեսոր է։ Պտուկյան զբաղվում է հայկական և Հայաստանին առնչվող օտար դրամների հավաքմամբ ու դրանց գիտ․ ուսումնասիրությամբ։ 1962 թվականին անգլիական, իսկ 1963 թվականին Հայաստանում լույս է տեսել նրա կիլիկյան դրամների կորպուսը, որտեղ առաջին անգամ քննության է առել 10500 ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։ 1979 թվականին այն լրացումներով վերահրատարակվել է, որով գիտական շրջանառության մեջ է դրվել 12 հազար դրամ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականից հրատարակվել են Պտուկյանի անդրանիկ հոդվածները՝ հայերեն և անգլերեն։ 1962 թվականին, Ամերիկայի դրամագիտական ընկերության հրատարակությամբ, անգլերեն լեզվով լույս է տեսել Զարեհ Պտուկյանի «Կիլիկյան Հայաստանի դրամները» ստվարածավալ մենագրությունը, որի տեսական մասը հայերեն թարգմանել և անգլերեն կորպուսի հետ լույս են ընծայել Վիեննայի Մխիթարյանները՝ 1963 թվականին։

Մանրամասնորեն ներկայացնելով Կիլիկիայի հայոց դրամների պատկերագրության տվյալները՝ Զարեհ Պտուկյանը տվել է Ռուբինյան դրամների չափագիտության հիմունքները՝ արտահայտելով դրանք հատուկ աղյուսակներով։

Պտուկյանը կազմել է Արտաշեսյան արքայատան ցանկը, ներկայացրել նրանց թողարկած դրամները։ Պտուկյանը որոշակիորեն դասակարգել է Տիգրան Գ-ի, Տիգրան Դ-ի ու Էրատոյի, Տիգրան Ե-ի և Արտաշեսյան մյուս թագավորների դրամները, պարզաբանել դրանց առնչվող զանազան խնդիրներ։ Հրատարակվել է Պտուկյանի «Արտաշեսյան հարստության դրամները» մենագրությունը, որը 1978 թվականի հրատարակվել է նաև անգլերեն։ Նա իր գրքում ընթերցողին է ներկայացրել Արտաշեսյանների տիրապետության քարտեզը և նրանց ծագումնաբանության սխեման, որից հետո անցել է բուն նյութին՝ տալով դրամների պատկերագրության տվյալները, խորագրերը, մենագրերը, կշռային չափերը, ինչպես նաև հիշատակություններ յուրաքանչյուր միավորի պահպանության վայրի մասին։ Ութ պատկերատախտակներով ներկայացված են դրամների (168) երկու կողմերին վերաբերող լուսանկարները բնական չափերով։ Գրքի վերջին էջերում զետեղված են մ. թ. առաջին դարի հայ-պարթևական և հայ-հռոմեական առնչություններին վերաբերող դրամագիտական տվյալները։ Պտուկյանը Վիեննայի Մխիթարյան միաբանության միջոցով հրատարակել է իր մենագրությունը՝ «Հայաստանի վերաբերյալ հռոմեական դրամներ և մեդալիոններ» վերնագրով։

1971 թվականին Փարիզում գործող հայագիտական հանդեսը իր ութերորդ համարում հրատարակել է Զարեհ Պտուկյանի աշխատությունը «Միջնադարի հայկական դրամները» վերնագրով (անգլերեն)։ Այդ հոդվածում նա ամփոփ ձևով ներկայացրել է ոչ միայն Կիլիկիայի հայկական դրամների հիմնական խմբերը՝ նրանց պատկերագրության բնորոշ տվյալներով, կապված երկրի քաղաքական պատմության փուլերի հետ, այլև մայր Հայաստանում թողարկված հայերեն գրերով երկու բացառիկ դրամների մասին իր բացատրությունները։ Դրանցից մեկը Բագրատունյաց Լոռվա Կյուրիկե Կյուրապաղատի անվան տիտղոսի հայերեն արձանագրությամբ, 11-րդ դարում թողարկված հազվագյուտ դրամն է, իսկ մյուսը՝ Հուլաղույան Աբաղա խանի (1265—1282) գահակալության տարիներին դրվագված ույղուրերեն, արաբերեն և հայերեն գրություններով, նույնպես պղնձե դրամն է։

Պտուկյանը առանձին աշխատություն է նվիրել հռոմեական դրամների ու շքադրամների այն խմբին, որոնք առնչվում են Հայաստանին, արտահայտելով հայ-հռոմեական քաղաքների, տնտեսական կապերը դրամագիտ․ տվյալներով։ Ի մի է բերել դրամագիտական զանազան ժողովածուներում ու մամուլում դրամների վերաբերյալ հրատարակված նյութերը՝ ներկայացնելով նաև աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու անհատական հավաքածուներում պահվող, մինչ այդ չհրապարակված դրամներ[2]։

Վերջին շուրջ 30 տարիների ընթացքում Պտուկյանը ավելի քան 2000 հին ու միջնադարյան արծաթե, ոսկե ու պղնձե դրամներով համալրել է Հայաստանի պատմության պետական թանգարանի դրամագիտական ժողովածուները։ Պտուկյանը ջանքեր չի խնայել օժտելու պատմության թանգարանը հռոմեական, պարթևական ու բյուզանդական դրամներով։ Առանձնապես ուշագրավ են վաղ պարթևական Միհրդառ, Հրահատ, Արտարան, Գոտարզ, Որոդեզ, Սանատրուկ, ինչպես նաև նրանց հաջորդներ Վոնոն, Վարդան, Վաղարշ արքաների և այլոց դրամները, որոնց կնիքները ստեղծվել են տարբեր վարպետների կողմից։

Պտուկյանը ստեղծել է նաև նոր հայկական մեդալիոններ, մասնավորապես «Սուրբ Վարդան» եկեղեցու կառուցման (Նյու Յորքում) և Կոմիտասի ծննդյան 100-ամյակի տոնակատարության առիթներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Coinage of Cilician Armenia, Danbury, Conn. : Bedoukiar, 1979.
  • Coinage of the Artaxiads of Armenia, London : Royal Numismatic Society, 1978.
  • Perfumery synthetics and isolates. New York, Van Nostrand, 1951.
  • Roman coins and medallions relating to Armenia, Vienna : 197l.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմ. գիտ. դոկտոր Խ. Ա. Մուշեղյան «Նշանավոր դրամագետը» (Զարեհ Պտուկյանի ծննդյան 70-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1980, էջ 169-175
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 414 CC-BY-SA-icon-80x15.png