Երևանյան գիշաճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանյան գիշաճանճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատ
Ընտանիք Գիշաճանճեր
Տեսակ Երևանյան գիշաճանճ
Լատիներեն անվանում
Machimus erevanensis


Երևանյան գիշաճանճ (լատին․՝ Machimus erevanensis), գիշաճանճերի ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18,5-22 մմ երկարությամբ խոշոր գիշաճանճ է։ Արծաթագույն-սպիտակ, խիտ փոշեծածկով են ծածկված երեսը, ճակատը և գլխի գագաթի մասը։ Եռանկյունաձև, սև և փայլուն բիծը գտնվում է ճակատի վրա՝ բեղիկներից վեր։ Միջնամեջքը ծածկված է դեղնամոխրագույն փոշեծածկով, ոտքերը` խիտ, սպիտակ մազիկներով, թևերը թափանցիկ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Անդրկովկասում։ Հայաստանում նկարագրված է Երևանից (Արեշ)` այստեղ հավանաբար անհետացել է։ Հայտնի է նաև Արարատ (Արարատի մարզ) և Մեղրի քաղաքներից (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Արաքս գետի հովիտի էֆեմերաօշինդրային կիսաանապատներում։

Թռիչքը դիտվում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր ամիսներին, որսում է ճանճեր, խոշոր բզեզներ, մեղուներ և այլն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հազվադեպ են հանդիպում եզակի առանձնյակներ։ Վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կրճատման միտում։

Վտանգման հիմնական գործոններն են հողերի գյուղատնտեսական յուրացումը, թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.