Երաժշտական իմիտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմիտացիա (լատ.՝ imitatio ` նմանեցում), մեղեդիական որևէ հատվածի տառացի կամ փոփոխված կրկնությունն է մյուս ձայնում։ Սկզբնական հատվածն անվանում են proposta, իսկ կրկնվողը` risposta։ Կրկնվող ձայնի, այսինքն ` risposta-ի հանդես գալով նախորդ ձայնը` proposta-ն չի դադաչում, այլ շարունակում է հնչել որպես կոնտրապունկտային ձայն և կոչվում է հակադրություն։ Իմիտացիայի տեսակները բազմազան են և պայմանավորված են մեղեդու կառուցվածքով, մետրառիթմական կազմով, մեղեդիական ուղղվածության այս կամ այն փոփոխությամբ։ Իմիտացիայի տեսակներն են.

  1. Ճշգրիտ կամ ուղիղ շարժումով. երբ բացակայում են վերը նշված փոփոխությունները։
  2. Իմիտացիոն շարժումով կամ հակաշարժումով. երբ կրկնվող ձայնը կրկնում է մեղեդիական սկզբանական բոլոր շարժումներն ու ինտերվալները հակադիր շարժումով՝ հայելանման։
  3. Մեծացումով իմիտացիա. երբ risposta-ի մեջ բոլոր հնչյունների տևողությունը մեծանում է երկու (մինչև անգամ չորս) անգամ։
  4. Փոքրացումով իմիտացիա. երբ proposta-ն վերարտադրվում է այնպես, որ սկզբնական բոլոր հնչյունների տևողությունները փոքրանում են երկու կամ մինչև անգամ չորս անգամ։
  5. Ետդարձ կամ խեցգետնաքայլ իմիտացիա. երբ իմիտացվող ձայնում մեղեդին շարադրվում է վերջից դեպի սկիզբ։
  6. Ռիթմիկ իմիտացիա. երբ վերարտադրվում է միայն ռիթմիկ պատկերը։
  7. Ազատ իմիտացիա. երբ իմիտացիոն փոփոխության ենթարկվում են մեղեդիական ինտերվալները և նույնիսկ ռիթմական պատկերները

Անընդհատ իմիտացիայի ձևով է կազմավորվում երաժշտական այն ժանրը, որ կոչվում կանոն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Վ. Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985։