Jump to content

Եվրիպիդեսի քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրիպիդեսի քարանձավ
Σπήλαιου του Ευριπίδη
Քարանձավի ընդհանուր տեսքը
Տեսակքարանձավ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՎարչատարածքՊելոպոնեսյան տարածաշրջան
Աշխարհագրական տեղադրությունՍալամին, Պելոպոնես, Հունաստան
Անվանված էԵվրիպիդես
37°52′56″N 23°27′08″E / 37.882184°N 23.452205°E / 37.882184; 23.452205
Քարտեզ
Քարտեզ

Եվրիպիդեսի քարանձավ (հունարեն՝ Σπήλαιου του Ευριπίδη), քարանձավ Հունաստանի արևելքում՝ Սալամին կղզու հարավում գտնվող Պերիստերիա գյուղի շրջակայքում[1]։ Քարանձավը տեղակայված է Սարոնիկոսյան ծովածոցին զուգահեռ նայող բլրի վրա։ Անվանակոչված է ի պատիվ հին աշխարհի ականավոր հույն ողբերգակ Եվրիպիդեսի։

Ըստ մեզ հասած պատմագիտական վկայությունների՝ Եվրիպիդեսը հենց այս վայրում է գրել իր ականավոր տրագեդիաները։ Հին հույն հեղինակներ Ֆիլոխորսն ու Սատիրոսը Եվրիպիդեսին բնութագրել են որպես «մի չարագործի, որը խուսափում էր հասարակությունից՝ թաքնվելով այս քարանձավում»։ 2-րդ դարի հռոմեցի գրող Ավլուս Գելլիուսն իր «Ատտիկյան գիշերներ» աշխատությունում Եվրիպիդեսի քարանձավը բնութագրել է որպես «չար ու մռայլ մի վայր»։

Եվրիպիդեսի քարանձավում պեղումներ անցկացվել են դեռևս 1990-ական թվականներին[2]։ Այդ հետազոտողների շարքում առաջիններից էր Յանինայի համալսարանի նախապատմական հնագիտության ամբիոնի պրոֆեսոս Յանիս Լոսոսի գլխավորած մասնագիտական խումբը[3], որը գործողություններն իրականացնում էր Հունաստանի մշակույթի նախարարության պալեոանթրոպոլոգիայի բաժանմունքի հետ համագործակցության շրջանակներում։

Հայտնաբերված գտածոները թվագրվում են ուշ նեոլիթի ժամանակաշրջանին և դրան հաջորդած դարերին։ Գտածոները ներառում են քարե գործիքներ, նետ ու աղեղ, կերամիկական այլ իրեր, հռոմեական մետաղադրամներ, ֆրանկական ժամանակաշրջանի զարդեր և այլն։ Այս ամենը խոսում է այն մասին, որ վայրը երկար ժամանակ տեղացիների կողմից օգտագործվել է որպես ապաստարան և կրոնական կառույց (երկրպագության վայր)։

Առավել ուշագրավ հայտնագործությունների թվին է պատկանում մ․թ․ա․ 5-րդ դարին թվագրվող սկիֆոսը (հին հունական ըմպանակի տեսակ), որի վրա հստակորեն նշված են Եվրիպիդեսի անվան տառերը («ΕΥΡΙΠΠ»): Կա կարծիք, որ Եվրիպիդեսի քարանձավը որոշ ժամանակ օգտագործվել է նաև որպես թատրոնի հովանավոր աստծո՝ Դիոնիսոսի սրբավայր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ακάμας - Σπήλαιο Ευριπίδη». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  2. «Important Archaeological Sites, Aristotles' Lyceum And Cave Of Euripides, Found in Greece Archaeologists Say». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  3. «cave». users.otenet.gr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.