Գևորգ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ոսկանյան
Ծնվել է22 մարտի,1923
ԾննդավայրԱշտարակ, Հայաստան Հայաստան
Վախճանվել է15 դեկտեմբերի, 1968
Մահվան վայրԱշտարակ, Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներ

Աշուն
Ձմեռը Արտարակի ձորում
Արարատ
Արայի լեռ
Սեփոյի գյոլը

Մատուռ
Ակտիվ շրջան1952-1968
Պարգևներ

Հայաստանի վաստակավոր նկարիչ

արծաթյա մեդալ
 Gevorg Voskanyan Վիքիպահեստում

Գևորգ Ոսկանյան (մարտի 22, 1923(1923-03-22), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 1968(1968-12-15), Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, բեմադրիչ, թատերական նկարիչ և դերասան։ Հայտնի է նաև Գոգո Ոսկանյան անունով։ Գևորգին նաև անվանել են «Պուճուր Հրաչ»՝ նկատի ունենալով Հրաչյա Ներսիսյանին։ Հետագա տարիներին Գոգոն վկայել է, որ Ներսիսյանի հետ ունեցած մտերմությունը մեծ նշանակություն է ունեցել իր ստեղծագործական ուղղու ձևավորման համար։

Լինելով ինքնուս նկարիչ՝ կարողացել է ձեռք բերել վարպետություն նկարչության ասպարեզում՝ անընդհատ զարգացնելով իր տաղանդը։ Ապրել է հարուստ ստեղծագործական կյանք։

Քաջ գիտակցելով իր տաղանդն ու հնարավորությունները՝ նա երբեք չի տարվել փառքի հասնելու ձգտումով։ Նա մշտապես զբաղվել է իր արվեստը կալարելագործելով։

Մարտիրոս Սարյանը նրա մասին այսպես է արտահայտվել՝

- Գևորգ Ոսկանյանը բնությունը նրբորեն զգացող, լիովին հասունացած վարպետ է։ Նա բնապատկերները նկարում է ճշմարտացիորեն և տրամադրությամբ։ Նրա «Վերջալույսը դաշտերի վրա», «Աշտարակի կիրճը գարնանը» նկարները վկայում են հեղինակի անվիճելի ձիրքի մասին

[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին Աշտարակում։ Հայրն ու մայրը՝ Սիրանույշն ու Արշակը, այգեգործներ էին։ Ունեցել է մեկ քույր և մեկ եղբայր, ով զոհվել է պատերազմում։ Գևորգի մորաքույրը՝ Հրանուշ Մակարյանը, ամբողջ կյանքում զբաղվել է ձեռագործով և հետաքրքրված է եղել արվեստի տարբեր ոլորտներով, ինչն անդրադարձել է Գևորգ Ոսկանյանի գաղափարների ձևավորման վրա։ Ընդհանուր առմամբ մորաքույրը միշտ օգնել է նրան նկարելու հարցում, եղել է նրա խորհրդատուն։ Դեռ մանկության տարիներից սիրել է նկարել, գաղտնի վերցրել է մորաքրոջ ներկերը և նկարել ամենուր՝ սեղանին, պահարանին, պատերին։ Պատերազմի տարիների, երբ Գևորգը չի կարողացել կտավ ձեռք բերել, դրա փոխարեն օգտագործել է սրբիչ։

Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո գնացել է թատրոն։ Ցանկություն է ունեցել ընդունվել գեղարվեստի ինստիտուտ, բայց այդ տարիներին խանգարող հանգամանքները շատ են եղել․ քույրն ուսանող է եղել, եղբայրը ծառայել է բանակում, իսկ ինքն ստիպված է եղել հոգալ ընտանիքի ծախսերը։ Շարունակել է մնալ թատրոնում։

1952 թվականին ամուսնացել է։ Կինը՝ Սաթենիկը մեծ դեր է խաղացել նրա կյանքում, համոզել է խորանալ նկարչության մեջ։

1975 թվականին Հայաստանի երիտասարդական առաջին փառատոնում Գևորգ Ոսկանյանը ճանաչում է ձեռք բերում, ստանում է դափնեկրի դիպլոմ և արծաթյա մեդալ։

1962 թվականին Հանրապետական ժողովրդական ստեղծագործության տանը կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը երկար ժամանակ բաց է մնացել Աշտարակում, այնուհետև տեղափոխվել է Երևան։

1964 թվականին Երևանում բացվել է նրա հաջորդ անհատական ցուցահանդեսը։

1967 թվականին Մոսկվայում՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված համամիութենական փառատոնում Ոսկանյանն ստացել է արծաթյա մեդալ։ Ցուցահանդեսին ներկա են եղել ԽՍՀՄ-ի տարբեր վայրերից և արտասահմանից եկած հյուրեր, ովքեր առաջին անգամ էին ծանոթանում Գոգոյի արվեստին։ Նույն թվականին նա արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչմանը։

1967 թվականին Գևորգ Ոսկանյանին հյուր են գալիս ԱՄՆ -ից ժամանած հյուրեր, ովքեր եկել էին նկար գնելու։ Նրանք Ժողովրդական արվեստի թանգարանում տեսել էին նրա կտավներն ու հավանել։ Հյուրերը նկարչին առաջարկում են կտավի փոխարեն վերցնել հագուստ, քանի որ վճարելու գումար չեն ունենում։ Նկարիչը նրանց է նվիրում 3 նկար։ Այնուհետև ասում է՝ «Թե այդքան դուր է եկել, նվիրում եմ»։ Հետագայում, նրա մահից հետո, Լոս Անջելեսից ժամանած Գևորգ Էմինն իր հետ բերում է մի լուսանկար, որտեղ պատկերված են լինում ամերիկահայ ընտանիքի անդամները՝ Գևորգ Ոսկանյանի կտավի մոտ։ Գևորգ Էմինը Ոսկանյանների ընտանիքին է հաղորդում արտասահմանից լսած լավ կարծիքները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիթիվ Մրցանակ
1975 արծաթյա մեդալ
1967 արծաթյա մեդալ
1967 Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Ոսկանյանի ժառանգությունը բաղկացած է գեղանկարից և թատերական գրաֆիկայից, որը քանակով այնքան էլ մեծ չէ։ Հեղինակ է նաև ճեպանկարների։

Էսքիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է զգեստների էսքիզների։ Էսքիզները տարբեր են, բայց բոլորին բնորոշ է նույն հատկանիշը։ Ոսկանյանի թատերական էսքիզներում գործող մարդիկ քիչ կան։ Կատարողական տեսանկյունից նրա գրաֆիկան նույնքան ավարտուն է, որքան յուղաներկով արված կտավները։ Գրեթե բոլոր ներկայացումներում, որտեղ նա եղել է թատերական ձևավորող, նաև դեր է խաղացել։

Նա ստեղծել է էսքիզներ՝ հաշվի առնելով ներկայացման բնույթը։ Փորձել է ստեղծել համապատասխան աշխատանքներ, միևնույն ժամանակ կարողացել է այն ներկայացնել որպես արվեստի առանձին ստեղծագործություն։

Ճեպանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբերդը պատկերող
  • Աշտարակի հին կամուրջը, իսկ ետևի պլանում երևում է եկեղեցի
  • Մարինե եկեղեցին Արագածի ֆոնի վրա
  • Կիսաչորացած ծառ

Գեղանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար ստեղծելը Գոգոյի համար եղել է բարդ աշխատանք։ Այն կատարվել է փուլերով՝

  • նախնական հայացք բնությանը, պահի ընկալում
  • տպավորության ստեղծում և ամրապնդում նկարչի մտքում
  • ստեղծագործման տեսանելի փուլ, երբ նա փորձել է համադրել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տեսարաններն ու այն տպավորությունները, որն ինքն ունեցել է բնությունն ուսումնասիրելիս։

Ոսկանյանի գեղանկարչական գործերը բնանկարներ են և նատյուրմորտներ։ Նատյուրմորտները քանակապես զիջում են բնանկարներին։ Նատյուրմորտներում և բնանկարներում ակնհայտ երևում է իմպրեսիոնիզմին բնորոշ թեթևություն։

Այն հատկանիշը, որով կարելի է տարբերել Գոգոյի կտավները, լուսավորությունն է, որը բնորոշ է լուսաբացին։ Մեկ այլ առանձնահատկություն ևս կա․ նկարներից յուրաքանչյուրը, բացի կոմպոզիցիոն կենտրոնից ունի նաև տրամադրության կենտրոն։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի ձորը նկարչի համար կարևոր թեմա է եղել։ Այդ թեմայով նա ստեղծագործել է ողջ կյանքի ընթացքում։ Նրա ստեղծագործություններից շատերը կարել է ընդգրկել մեկ ամբողջական շարքի մեջ, որոնք վերաբերում են Աշտարակին, թեև նկարիչն այդ չի արել։

Բնանկարներից միայն մեկն է, որը չի պատկանում այդ դասին, որի մեջ մտնում են Աշտարակը պատկերող բնանկարները, սարերն ու եկեղեցիները։ Այդ կտավը, որը կոչվում է «Սև ծովի ափը Գագրայից» (1967 թվական, 65×45), Գոգոյի միակ ծովանկարն է։

Նրա նկարներում թեմաները սահմանափակ են, եղանակը՝ սաստիկ, պատմական տարրերը՝ գրեթե միշտ նույն են։ Աշտարակում գտնվող կամուրջները, եկեղեցիները, ժայռերը, կիրճը, ջրաղացը եղել են նրա ստեղծագործության հիմնական թեման։

Կտավների տարածական հատկությունները պայմանավորված են հեռանկարի հստակությամբ և գույների ընտրությամբ։ Նկարիչը կտավն ստեղծելիս հաշվի է առել գաղափարական զուգորդումները։ Ոսկանյանը թեմաների ընտրության հարցում եղել է միատեսակ։ Ստեղծագործել է ընդամենը երեք թեմայով՝ Քասախի ձորը տարբեր դիրքերից, վանքեր ու եկեղեցիներ, սարեր։ Քանակով ամենաշատը Քասախի պատկերներն են, որոնք կարելի է միավորել մի շարքի մեջ։

Նկարների չափսերն ու մասշտաբները տարբեր են։ Մի նկարում կիրճը երևում է մոտիկից, մյուսում լանդշաֆտը բավականին հեռվից է պատկերվում։ Դրանք այն նկարներն են, որտեղ երևում է պուանտալիզմին մոտ ոճը։

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատյուրմորտ
Տարեթիվ Կտավ
1962 Աշտարակի հին կամուրջը
1963 Աշուն
1963 Կիրճը
1963 Գեղարդ
1963 Մարինե եկեղեցի
1965 Ձմեռը Աշտարակի ձորում
1965 Համբերդ և եկեղեցի
1966 Աշտարակի ձորում
1966 Քասախի կիրճը
1966 Ձմերուկով նատյուրմորտ
1967 Կղզի Քասախի կիրճում
1968 Արայի լեռ
1968 Արարատ
1968 Սեփոյի գյոլը
1968 Մատուռ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տրուդ», 18 փետրվարի, 1961 թվական, բերվում է ըստ մատենագրության, 1971, անտիպ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան, Էդուարդ Իսաբեկյան - «Գոգո Ոսկանյան», 1990 թվական, Երևան (Հայաստանի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործեր պետական կոմիտեի N 1 տպարան)