Գրիգորիս Բժշկապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորիս Բժշկապետ
Ծնվել է12-րդ դարի վերջ
ԾննդավայրԿիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Մահացել է13-րդ դարի սկիզբ
Երկեր«Քննութիւն բնութեան
մարդոյ եւ նորին ցաւոց»
Մասնագիտությունբժիշկ

Գրիգորիս Բժշկապետ, (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի առաջին կեսի հայ բժշկապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի և գործունեության մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Ապրել, ստեղծագործել և բժշկական կրթությունը ստացել է հավանաբար Կիլիկյան Հայաստանում։ Տիրապետել է հունարենին, ասորերենին, արաբերենին, պարսկերենին։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիսի գրչին են պատկանում ընդհանուր ախտաբանությանը նվիրված «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (1962) ստվարածավալ բժշկարանը, որը հայ բժշկագիտության եզակի հուշարձաններից Է։ Աշխատության մեջ ընդգրկված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի հիվանդությունների կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանների մանրազնին նկարագրությունը, պատճառագիտության և ախտածնության գիտականորեն հիմնավորված մեկնաբանությունները։ Հիվանդությունների պատճառագիտության հարցում Գրիգորիս Բժշկապետն ընդունել է Մխիթար Հերացու «բորբոսային ջերմերի» տեսությունը վարակի մասին և այդ գաղափարը տարածել է նաև մի շարք սոմատիկ (լյարդի, թոքերի, ստամոքսի, սրտի) հիվանդությունների առաջացման վրա։

Մշակել է վարակի տարածման հնարավոր ուղիները և տվել հպավարակայնության (կոնտագիոզ) գաղափարը։ Նրա կարծիքով հիվանդից առողջին վարակն անցնում է երեք ուղիով՝ 1․ երբ առողջն անմիջականորեն շփվում է հիվանդի հետ, 2․ շփվում է հիվանդի իրերի հետ, 3․ օդի միջոցով։ Հիվանդության առաջացման պատճառների մեջ որոշակի տեղ է հատկացրել ժառանգականության գործոնին, մարդու կոնստիտուցիային, նյարդահոգեկան վիճակին, աշխատանքի բնույթին, կենցաղին, տարիքին, անձնական հիգիենային և բնության պայմաններին։

Հետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի (հատկապես՝ տեղագրական), ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին։ Նա այն տեսակետն է պաշտպանել, որ ծայրամասային նյարդային համակարգը գտնվում է ոչ միայն անատոմիական, այլ նաև ֆիզիոլոգիական սերտ համագործակցության մեջ ողնուղեղի և գլխուղեղի հետ։ Մերժելով տեղային ախտաբանության հետադեմ ուսմունքը՝ Գրիգորիսը սկզբունքորեն պաշտպանել է օրգանիզմի միասնության, ամբողջականության առաջադեմ գաղափարը՝ որ մարմնի որևէ օրգանի ախտահարումն անդրադառնում է մյուս բոլոր օրգան-համակարգերի վրա։ Օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները կարգավորող օրգանը նա համարել է գլխուղեղը, իսկ գլուխը՝ «մարդու օրգանիզմի թագավոր» կամ «զգայարանների զգայարան»։

Նշել է համրության մի շարք պատճառներ, այդ թվում գլխուղեղի ուռուցքները, որոնք ճնշում են խոսելու ունակությունը պայմանավորող նյարդերի վրա։ Կլինիկական և ախտաբանական անատոմիայի հետազոտման միջոցով նա ընդհուպ մոտեցել է գլխուղեղում խոսքի կենտրոնի գոյության գաղափարին։ Գրիգորսին հայտնի են եղել կանանց միզասեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան։ Նա կատարել է կանանց սեռական օրգանների ներքին զննում, նկարագրել արգանդի քաղցկեղը, բարորակ ուռուցքները (ֆիբրոմիոմաներ, պոլիպներ)։ Չբերության պատճառներ է համարել արգանդի թեքումները և թերզարգացումը (ինֆանտիլիզմ)։ Բժշկարանի առաջին մասում տրված է զանազան հիվանդությունների համար բուսական, կենդանական և հանքային դեղանյութերի զուգորդումից պատրաստվող երեք հարյուր դեղատոմս, տրված են դրանց պատրաստման և օգտագործման եղանակները։ Կան որոշակի տվյալներ, որ Գրիգորիսը գրել է նաև մարդու անատոմիայի վերաբերյալ մի ստվար աշխատություն, որը սակայն մեզ չի հասել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կծոյան Ա․ Ս․, Բժշկագիտությունը Հայաստանում XI—XVI դարերում, Ե․, 1968։
  • Ktsojan A․ S․, Der Arzt Grigoris, Armenische Medizin im 13. Jahrhundert «Die Waage», Band 2, 4/1961․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 224 CC-BY-SA-icon-80x15.png