Գործորդություն (հոգեբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործորդություն, անձի՝ նպատակաուղղված գործելու ընդունակությունը․ կարողություն՝ վերահսկելու իր միջավայրը, ընտրելու և կատարելու արդյունավետ գործողություններ՝ տվյալ իրավիճակում հասանելի միջոցներով, հասնելու դրված նպատակի իրականացմանը։ Հետևաբար, գործորդությունը ենթադրում է գործորդի կողմից իր միջավայրի ընկալման և փոփոխության ընդունակություն, այն ներառում է նաև մտադրվածություն[1]․ պատկերացնել ապագա նպատակը, համարժեք փոփոխությունները[2][3], կարողանալ հասնել դրված նպատակին տարբեր գործողություններով և տարբեր կոնտեքստներում։ Գործորդությունը նպատակի և վերջինիս իրականացմանն ուղղված գործողությունների ռացիոնալ հարաբերությունն է[4][5]։ Գործորդը կանխատեսում է իր գործողությունների հնարավոր հետևանքները, հիմնվելով իր նախկին և ընթացիկ գիտելիքների վրա, դրսևորում է ինքնավար վարք[6]։
Անհրաժեշտ է տարբերակել գործորդության հանդեպ ընկալունակություն և գործորդության զգացում հասկացությունները։ Գործորդության հանդեպ ընկալունակությունը կարող է սահմանվել որպես կոգնիտիվ ընդունակություն՝ ճանաչելու անձի՝ գործորդային դրսևորումը, իսկ գործորդության զգացումը անձի՝ վերահսկողության, ինքնաարդյունավետության զգացումն է՝ կոնկրետ իրավիճակներում հաջողության հասնելու սեփական կարողության վերաբերյալ համոզմունքը[7]։

Գործորդության դրսևորման առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործորդությունը դրսևորվում է մարդու ակտիվության մեջ։ Ընդ որում գործորդային ակտիվությունը նշանակում է՝ դուրս գալ միջավայրի առաջադրված սահմաններից՝ կայուն նպատակադրման ձևավորման համար։ Այդ ակտիվությունն ուղղված է՝ ակտուալացնելու սեփական անձին ուղղված հարցադրումը՝ «ինչու՞, ինչի՞ համար» է իրագործվում ակտիվությունը, «ինքս ինձ համար ի՞նչ արդյունքի կհասնեմ վերջինիս իրացումից հետո»[8]։
Գործորդային ակտիվությունն այնպիսի ակտիվությունն է, որի դեպքում մարդը փոխազդում է միջավայրի հետ՝ առավելապես իր ներաշխարհին (ներքին նպատակներին համապատասխան), իր անհատականությանը, Ես-ին համապատասխան, երբ ինքնապատճառականությունը տիրապետում է արտաքին պատճառականությանը։ Գործորդային ակտիվությունն ունի պատճառականության ներքին աղբյուր, բնութագրվում է գիտակցականությամբ՝ միջնորդավորված արժեքային կողմնորոշիչներով, ինքնակարգավորմամբ։ Ինքնապատճառականությունն անմիջականորեն կապված է ազատության, պատասխանատվության, ընտրություն կատարելու ընդունակության հետ[9]։

Քսենյա Աբուլխանովան առաջադրել է անհատին՝ որպես գործորդի ներկայացված հետևյալ խնդիրները. հնարավոր ապագայի կանխատեսում, տեղի ունեցողի իմաստավորում, որոշումների կայացում, նպատակների և խնդիրների հարաբերակցում, սեփական գործողություններով կենսագործունեության օբյեկտիվ գործոնների վրա իմաստավորված ազդեցություն, գործողությունների համաձայնեցում ուրիշների գործողությունների հետ, սեփական հնարավորությունների դուրս բերում, սեփական ակտիվության կարգավորում՝ կախված ստեղծված հանգամանքների հետ, անհրաժեշտ պահին ուժերի կենտրոնացում կամ ապակենտրոնացում։ Գործորդության դրսևորման արդյունք է ցանկալիի և անհրաժեշտի, անհրաժեշտի և բավարարի հարաբերակցումը, իրացվող ակտիվության, իրագործվող արարքների արժեքների որոշարկումը[10]։
Գործորդին բնորոշ է որակներից է նախաձեռնողականությունը։ Ըստ Ք․ Աբուլխանովայի՝ նախաձեռնողականությունը և՛ դրդապատճառ է՝ «ցանկություն արտահայտելու ինքդ քեզ», և՛ «ինքդ քեզ ներկայացնելու ընդունակություն», նաև «միջոցների և պայմանների որոնում», այսինքն՝ ակտիվության օպերացիոնալ, կատարողական կողմը։ Այն կարող է դրսևորվել ուրիշներին խթանելով դեպի ակտիվությունը կամ դրսևորվել որպես անհատի ձգտումը՝ հասնելու իր նպատակներին։ Այն կարող է դրսևորվել և ուրիշների հետ մրցակցության պայմաններում և ինքնագործունեության դեպքում[11]։

Ռոմ Հարրեի՝ գործորդության ժամանակակից բազմամակարդակային տեսության մեջ մարդուն՝ որպես գործորդի, առաջադրված հիմնական պահանջը ինքնավարության որոշակի աստիճանն է. «մարդու վարքը ամբողջությամբ պատճառավորված չէ նրա անմիջական միջավայրային պայմաններով»։ Ըստ Հարրեի՝ ինքնավարությունը ենթադրում է հնարավորություն՝ կտրվելու ինչպես միջավայրային ազդեցությունից, այնպես էլ այն սկզբունքներից, որոնց վրա հինվել է վարքը մինչ այդ պահը։ Լիիրավ գործորդը կարող է տեղափոխվել վարքի որոշակի պատճառներից ուրիշների վրա, ընտրություն կատարել հավասարապես գրավիչ այլընտրանքների միջև, դիմադրել գայթակղություններին ու շեղող գործոններին և փոխել վարքի ղեկավարող սկզբունքները[12]։

Գործորդության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով գործորդության դրսևորման առանձնահատկություններից՝ կարելի է առանցնանցնել գործորդների տարբեր տեսակներ։ Ինչպես օրինակ՝ ինստրումենտալ գործորդներն ինտենցիոնալ են՝ ուղղելով իրենց գործողությունները սեփական նպատակների իրականացմանը[13]։ Կոմունիկատիվ գործորդները նույնպես ինտենցիոնալ են, բայց նրանց գործողություններն ուղղված են հատուկ փոփոխություններ մտցնելու հաղորդակցության մասնակցի մենթալ ռեպրեզենտացիաներում՝ ապահովելով նոր և համարժեք տեղեկատվություն[14]։ Ուղղորդող գործորդներն ունեն տարածության և ժամանակի հեռահար ընկալունակություն։ Ի տարբերություն ինստրումենտալ գործորդների՝ նրանց առավելապես բնորոշ են պերցեպտիվ կարողություններ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dennett, Daniel (1987). The intentional stance. Cambridge, Mass.: MIT Press. ISBN 978-0262040938. OCLC 15793656.
  2. Fritz., Heider (2015). The psychology of interpersonal relations. Mansfield: Martino Publ. ISBN 9781614277958. OCLC 1033711840.
  3. Csibra, Gergely (2008). «Goal attribution to inanimate agents by 6.5-month-old infants». Cognition. 107 (2): 705–717. doi:10.1016/j.cognition.2007.08.001. ISSN 0010-0277. PMID 17869235. S2CID 18318923.
  4. Gergely, György; Nádasdy, Zoltán; Csibra, Gergely; Bíró, Szilvia (1995). «Taking the intentional stance at 12 months of age». Cognition. 56 (2): 165–193. doi:10.1016/0010-0277(95)00661-h. ISSN 0010-0277. PMID 7554793. S2CID 4973766.
  5. Luo, Y.; Baillargeon, R. (2005). «Can a Self-Propelled Box Have a Goal?: Psychological Reasoning in 5-Month-Old Infants». Psychological Science. 16 (8): 601–608. doi:10.1111/j.1467-9280.2005.01582.x. PMC 3351378. PMID 16102062.
  6. Leslie, Alan M. (1994), «ToMM, ToBY, and Agency: Core architecture and domain specificity», Mapping the mind (անգլերեն), Cambridge University Press, էջեր 119–148, doi:10.1017/cbo9780511752902.006, ISBN 9780511752902
  7. Bandura, Albert (1982). «Self-efficacy mechanism in human agency». American Psychologist (անգլերեն). 37 (2): 122–147. doi:10.1037/0003-066x.37.2.122. ISSN 0003-066X.
  8. Пилишвили Т.С., Особенности реализации активности в виртуальной и повседневной реальности, Педагогика. Психология. Социальная работа. Ювенология. Социокинетика № 1, 2015
  9. Расторгуева Е.Н. Самоактуализация как субъектный феномен. // Консультативная психология и психотерапия, № 3, 2014.
  10. Перевозчикова Л.С. Субъектность как экзистенциальное и социальное качество личности (гуманистическая парадигма). Вестник ТГУ, выпуск 5 (49), 2007.
  11. Абулъханова-Славская К.А. Психология личности в социалистическом обществе: активность и развитие личности. М., 1989. с․ 117-118
  12. Леонтьев Д.А., Что дает психологии понятие субъект: субъектность как измерение личности // Эпистемология и философия науки, т. 25, 2010. с․ 149-150
  13. Gergely, György (2010-07-15), "Kinds of Agents: The Origins of Understanding Instrumental and Communicative Agency", The Wiley-Blackwell Handbook of Childhood Cognitive Development, Wiley-Blackwell, pp. 76–105
  14. Gergely, György; Jacob, Pierre (2012), "Reasoning about Instrumental and Communicative Agency in Human Infancy", Rational Constructivism in Cognitive Development, Elsevier, pp. 59–94,
  15. Leslie, Alan M. (1994), "ToMM, ToBY, and Agency: Core architecture and domain specificity", Mapping the mind, Cambridge University Press, pp. 119–148