Գնարբուկ վորոնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գնարբուկ վորոնովի
Գնարբուկ վորոնովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Գնարբուկազգիներ
Ցեղ Գնարբուկ
Տեսակ Գնարբուկ վորոնովի
Լատիներեն անվանում
Primula woronowii


Գնարբուկ վորոնովի (լատ.՝ Primula vulgaris), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող 2,5-2,7 սմ տրամագծով, 10-15սմ բարձրությամբ ծածկասերմ ծաղկաբույս, որի ծաղիկները վարդագույն են, իսկ չորանալիս ձեռք են բերում մանուշակագույն կամ կապտավուն գունավորում։ Ծաղկակիրները ուղղաձիգ են՝ 5—6 սմ երկարությամբ, խիտ մազմզուկապատ։ Ծաղկման շրջանում տերևները գրեթե երկու անգամ կարճ են ծաղկակիրաններից։ Հակառակ ձվաձև են, սեպաձև սեղմված հիմքով, եզրերից փոսիկաատամնավոր, վերևի կողմից ցրված մազմզուկապատ, ներքևի կողմից ծածկված ավելի խիտ մազմզուկներով։ Բույսին բնորոշ է նուրբ, դուրեկան բուրմունքը։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Վորոնովի գնարբուկը հանդիպում է միայն վայրի վիճակում, սակայն մեծ հեռանկար ունի որպես վաղ ժամկետում ծաղկող դեկորատիվ ծաղկային կուլտուրա։ Արդեն փորձեր են արվում այս տեսակը մշակության մեջ մտցնելու ուղղությամբ։ Հայտնի է ու բավականին լուսասեր, խոնավասեր ու ջերմասեր, պահանջկոտ է հողի բերրիության և ստրուկտուրայի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում դաշտից հավաքած սերմերը մայիսին ցանել հատուկ արկղերի մեջ։ Երբ սերմնաբույսերը ունենում են 2—3 իսկական տերևներ, անհրաժեշտ է վերատնկել արկղերի մեջ։ Օգոստոսին բույսերը կարելի է բաց գրունտ տեղափոխել։

Հայաստանում հանդիպում է ներքին և միջին լեռնային գոտիներում, Զանգեզուրի անտառներում (Շիկահողի արգելանոցում, Ղափանի շրջանում)։ Հայկական ՍՍՀ–ից դուրս հանդիպում է Վրաստանում (Կախեթիա, Թելավի)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա գեղազարդային բույս է, որի ծաղկասլաքը զարգացած չէ: 2,5–3 սմ տրամագծով ծաղիկները վարդագույն են: Բաժակը պսակի խողովակից մի քիչ կարճ է[2]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց, Խուստուփ լեռանստորոտ): Հանդիպում է նաև Արևելյան Կովկասում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում[2]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծովի մակարդակից 800–1500 մ բարձրությունների վրա, անտառներում: Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս–հունիսին[2]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6