Գերոլդ Էդլիբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերոլդ Էդլիբախ
Ծնվել էսեպտեմբերի 24, 1454
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա
Վախճանվել էօգոստոսի 28, 1530 (75 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա
Մասնագիտությունպատմաբան, գրող և քաղաքական գործիչ
ՔաղաքացիությունՇվեյցարիա
ԱնդամակցությունConstaffel society?
 Gerold Edlibach Վիքիպահեստում

Գերոլդ Էդլիբախ (գերմ.՝ Gerold Edlibach, սեպտեմբերի 24, 1454, Ցյուրիխ, Շվեյցարիա - օգոստոսի 28, 1530, Ցյուրիխ, Շվեյցարիա[1][2][3]), շվեյցարացի պատմաբան և մատենագիր, Ցյուրիխի քաղաքային խորհրդի պաշտոնյա և անդամ, «Ցյուրիխյան ժամանակագրության» (գերմ.՝ Zürcher Chronik) հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ցյուրիխի քաղաքացի, Գրյունինգենի և Բադենի Ֆոգտի պարտականություններ կատարող Ուլրիխ Էդլիբախի և Այնզիդելնից Աննա Լանդոլտի ընտանիքում[4]։ Մայրը սերել է երկաթեղենի արտադրանքի առևտրով զբաղվող հարուստ ընտանիքից և 1462 թվականին իր առաջին ամուսնու մահից հետո ամուսնացել է Ցյուրիխի քաղաքապետ, ազդեցիկ քաղաքական գործիչ և բարեփոխիչ Հանս Վալդմանի հետ, ով գահընկեց է արվել և մահապատժի ենթարկվել ժողովրդական վրդովմունքի արդյունքում։

Գերոլդ Էդլիբախին նվիրված հուշատախտակ Ցյուրիխում

1472-1480 թվականներին եղել է Ցյուրիխի Այնզիդելնի բենեդիկտյան աբբայության ունեցվածքի կառավարիչը[3]։ 1487 թվականին ընտրվել է քաղաքային խորհրդի անդամ, սակայն 1489 թվականի ապրիլին խորթ հոր մահապատժից հետո հրաժարական է տվել[2]։ 1493-1499 և 1515-1524 թվականներին կրկին եղել է Փոքր խորհրդում[4]։

1488 թվականին եղել է օբերֆոգտ Բյուլախում, 1494-1498 թվականներին՝ Գրյունինգենում, 1505-1507 թվականներին՝ Գրեյֆենսեում[4], իսկ 1514-1527 թվականներին ղեկավարել է վերջինիս քաղաքային հոսպիտալը[5]։ Լինելով հավատարիմ կաթոլիկ և ռեֆորմացիայի ու Ուլրիխ Ցվինգլիի գաղափարների մոլի հակառակորդ՝ նա թոշակի է անցել 1524 թվականին՝ ամբողջությամբ նվիրվելով իր ընտանիքին և գրական գործունեությանը[2]։ Մահացել է 1530 թվականի օգոստոսի 28-ին, Ցյուրիխում[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1472 թվականին Գերոլդ Էդլիբախն ամուսնացել է Ուրսուլա Ռոյսթի հետ, որի հետ ամուսնացած է եղել 45 տարի և ումից ունեցել է ընդհանուր առմամբ 18 կամ 19 երեխա և 70 թոռ[7]։ Նրա որդիներից հայտնի են Յակոբը (1482-1546), ով եղել է կանոննիկ Ցյուրիխում, Հանսը (1487-1559), քաղաքական գործիչ և մատենագիր և Լյուդվիգը (1492-1557), տարեգրության շարունակող[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդլիբախի հիմնական պատմական աշխատությունը համարվում է պատկերազարդ «Ցյուրիխյան ժամանակագրություն»-ը (գերմ.՝ Zürcher Chronik), որն ընդգրկում է Հին Շվեյցարիայի Համադաշնության պատմությունը 1436 թվականից մինչև 1530 թվական[8]։

Հիմնական մասում՝ մինչև 1486 թվականը, այն հիմնված է Դիբոլդ Շիլլինգ Ավագի «Ցյուրիխյան» կամ «Մեծ Բուրգունդյան» տարեգրության վրա (1484)[4], հետագա իրադարձություններն ու փաստերը ներկայացվում են արխիվային փաստաթղթերի, ինչպես նաև Էդլիբախի անձնական տպավորությունների հիման վրա, ով երկար ժամանակ շփվել է իր խորթ հոր՝ քաղաքական գործերին գիտակ Վալդմանի հետ[2]։

Ընդ որում, 1517 թվականից հետո գրառումները դառնում են ավելի հակիրճ։ Եթե անցյալի փաստերը նկարագրելիս, օրինակ՝ Հին Ցյուրիխյան պատերազմը (1440-1446), Էդլիբախի աշխատությունը պարունակում է բազմաթիվ անճշտություններ՝ կապված 15-րդ դարի երկրորդ կեսի - 16-րդ դարի սկզբի իրադարձությունների հետ, ապա առանձին տեղեկություններ հաճախ եզակի են, քանի որ դրանք հիմնված են ականատեսների վկայությունների վրա, օրինակ՝ հեղինակի 1479 թվականին խորթ հոր հետ Միլան կատարած ճանապարհորդության մասին տեղեկությունը[7]։ 1520-1526 թվականների իրադարձությունները հեղինակը մեկնաբանում է Ռեֆորմացիայի հակառակորդների տեսակետից[5]։

Որոշակի արժեք ունեն նաև տարեգրության գունեղ նկարազարդումները, որոնց մեծ մասի հեղինակը, հավանաբար, հենց ինքը Էդլիբախն էր, ով որպես նմուշ օգտագործել է Դիբոլդ Շիլլինգ Ավագի և, հնարավոր է, այլ մատենագիրների մանրանկարները։ Զգուշորեն, բայց ոչ պրոֆեսիոնալ կերպով արված այս գծագրերը, բացի հայտնի պատմական իրադարձություններից, պարունակում են միջնադարյան Ցյուրիխի և նրա շրջակայքի տեսարանների հետաքրքիր պատկերներ, ճարտարապետական հուշարձանների և քաղաքային ամրությունների էսքիզներ։

Էդլիբախի տարեգրության ձեռագիրը պահվում է Ցյուրիխի կենտրոնական գրադարանում (MS. A 75)[8]։ Դրա գիտական հրատարակությունը լույս է տեսել 1847 թվականին Ցյուրիխում, հնության սիրահարների տեղական հասարակության «Տեղեկությունների» 4-րդ հատորում՝ Յոհան Մարտին Ուստերիի խմբագրությամբ[5]։

1480-ական թվականներին Գերոլդ Էդլիբախը կազմել է նաև «Ցյուրիխի զինանշանը» (գերմ.՝ Zürcher Wappenbuch), այնուհետև, 1489 թվականին, տեղեկություններ Վալդմանի գործի մասին (գերմ.՝ Waldmannscher Auflauf), 1490 թվականին կազմել է շվեյցարական ծածկալեզվի բառարանը (գերմ.՝ Fickabel des rotwelschtz))[3], զանազան հոդվածների հետ մեկտեղ գրել է շվեյցարական ռեֆորմացիայի քննադատությունը (1520—1527)։

Հերոլդ Էդլիբախի անունով է կոչվում Գրեյֆենսեի փողոցներից մեկը։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gerold Edlibach's Chronik, hrsg. von Johann Martin Usteri // Mitteilungen der antiquarischen Gesellschaft in Zürich. — Band 4. — Zürich, 1847. — 279 s.
  • Gerold Edlibach. Da beschachend vil grosser endrungen: Gerold Edlibachs Aufzeichnungen über die Zürcher Reformation 1520—1526, hrsg. und kommentiert von Peter Jezler // Bilderstreit, Kulturwandel in Zwinglis Reformation. — Zürich: Theologischer Verlag, 1984. — S. 41–74. — ISBN 3-290-11555-0.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wyß Georg von. Edlibach, Gerold // Allgemeine Deutsche Biographie. — Band 5. — Leipzig: Duncker & Humblot, 1877. — S. 646–647.
  • Büsser Fritz. Edlibach, Gerold // Neue Deutsche Biographie. — Band. 4. — Berlin: Duncker & Humblot, 1959. — S. 315.
  • Dütsch Hans-Rudolf. Die Zürcher Landvögte. Von 1402—1798. — Zürich: Chronos, 1994. — 338 s. — ISBN 3-905311-11-9.
  • Gamper Gertraud und Rudolf. Edlibach, Gerold // Historical Dictionary of Switzerland. — Band. 4. — Basel: Schwabe, 2005.
  • Classen Albrecht. Edlibach, Gerold // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Wyß Georg von. Edlibach, Gerold // Allgemeine Deutsche Biographie. — Lpz., 1877. — S. 646.
  3. 3,0 3,1 3,2 Classen A. Edlibach, Gerold // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Gamper Gertraud und Rudolf. Edlibach, Gerold // Historical Dictionary of Switzerland. — Bd. 4. — Basel, 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Büsser F. Edlibach, Gerold // Neue Deutsche Biographie. — Bd. 4. — Berlin, 1959. — S. 315.
  6. Gerold, Edlibach // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters». — Bayerische Staats Bibliothek, 2012.
  7. 7,0 7,1 Wyß Georg von. Edlibach, Gerold // Allgemeine Deutsche Biographie. — S. 647.
  8. 8,0 8,1 Edlibach, Gerold. Chronik // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերոլդ Էդլիբախ» հոդվածին։