Գեղամյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղամյաններ, հայ ազնվականական տուն Երևանի խանությունում 18-19-րդ դարերում, գրվում էին նաև Գեղամացի, Հազարապետյան։ Մելիքության իրավունքով նրանց կառավարմանն էին հանձնված Կոտայքի և Գեղամա գավառները, մասնավորապես՝ Զաք, Ելղովան, Արզնի, Արամուս, Դան և այլ գյուղերը։

Վարում էին Երևանի խանության հայկական հետևակ (սարբազների) գնդի մինբաշու (հազարապետի) պաշտոնը և մոտ էին կանգնած խանական արքունիքին։ Նրանց էր հանձնարարված նաև Երևան—Սևանա լիճ—Թիֆլիս ճանապարհի առևտրական քարավանների պաշտպանությունը, որի համար մաքս էին գանձում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո թիուլային իրավունքով նրանց էր պատկանում Բջնի գյուղը։

Գեղամյանները (ամենանշանավոր դեմքը Գաբրիել յուզբաշին էր) գործուն մասնակցություն են ունեցել հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1780-ական թթ․ նրանք Արարատյան հայերի անունից դիմել են ռուս, կառավարությանը և օգնություն խնդրել՝ ազատագրվելու խանական լծից։ 1804 թ.-ի ռուս, զորքերի երևանյան առաջին ձախողված արշավանքից հետո Գաբրիել, Հովհաննես և Բարսեղ Գեղամյանները իրենց պատկանած գյուղերի բնակչության հետ անցան Վրաստան, որտեղ նրանց շնորհվեց ռուս, ազնվականի կոչում։ Գտնվելով նյութական ծանր պայմաններում՝ մի քանի տարի անց Գեղամյանները կրկին վերադարձան Երևանի խանություն և վերագրավեցին իրենց նախկին դիրքը։ Կալվածատեր Գեղամյանների դեմ երկարատև պայքար են մղել նրանց ենթակա գյուղերի, մասնավորապես Բջնիի գյուղացիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 709