Գառնիկ Սմբատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Սմբատյան
Գառնիկ Սմբատյան.jpg
Ի ծնեԳառնիկ (Գարրի) Սերգեյի Սմբատյան
Ծնվել է1929 դեկտեմբերի 28
ԾննդավայրԹիֆլիս
Վախճանվել էփետրվարի 24, 2003(2003-02-24) (տարիքը 73)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գառնիկ (Գարրի) Սերգեյի Սմբատյան (դեկտեմբերի 28, 1929(1929-12-28), Թիֆլիս, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2003(2003-02-24), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարրի Սմբատյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում՝ հայ զինծառայողի ընտանիքում: 1932 թվականին տեղափոխվել է Գյումրի։ Ամուսնացել է Նինա Աշխատոյանի հետ: Զավակներն են՝ Նարինե և Տիգրան Սմբատյանները: Տղան շարունակում է նկարչի գործունեությունը, իսկ դուստրը, լեզվաբան է:

1952 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Լենինգրադի արվեստի բարձրագույն դպրոցը՝ Վ. Մուխինայի արվեստանոցը։ 1962 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1984-1987 թվականներին՝ միության առաջին քարտուղարը, 1988 թվականից՝ Հայաստանի Արվեստի հիմնադրամի նախագահը։ 1970-1978 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]:

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում[2][3]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թ-ից սկսած մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների:
  • 1967 թ. ցուցահանդես Լոնդոնի Գեղարվեստի արքայական ակադեմիայում
  • 1971 թ. Անդրկովկասի գեղանկարիչների ցուցահանդես Մոսկվայում: Սմբատյանը ներկայացրել է իր «Պրոմեթևս» վերնագիրը կրող աշխատանքը:
  • 1983 թ.Դիմանկարի համամիութենական ցուցահանդես Մոսկվայում: Ներկայացրել է իր «Չարենցի դիմանկարը» աշխատանքը, որի համար ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի կողմից պարգևատրվել է բրոնզե մեդալով: Հարկ է նշել, որ ոսկե և արծաթե մեդալներ չեն շնորհվել:
  • 1988 թ. Հայ գեղանկարչության ցուցահանդես Լյուքսեմբուրգում: Գարրի Սմբատյանն արժանացել է մրցանակի «Աշուն» և«Նառայի դիմանկարը» աշխատանքների համար:
  • 1991 թ. Հայ գեղանկարիչների ցուցահանդես Վալանսում, Ֆրանսիա,
  • 1994 թ. հայ գեղանկարիչների ցուցահանդես Փարիզում, Ֆրանսիա, 1995 թ.-Անհատական ցուցահանդես Լոդզում, Լեհաստան,
  • 2014 թվականին Հայաստանի նկարիչների միությունում հետմահու բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը[4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարրի Սմբատյանը Լենինգրադի մոնումենտալ գեղանկարչության դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկն է Հայաստանում: Նրա մոնումենտալ խճանկարները, որմնանկարները, ինչպես նաև  բազմաթիվ յուղանկարներ հավաստում են, որ Գարրի Սմբատյանը բազմաժանր նկարիչ է, ով վարպետորեն ստեղծագործել է տարբեր ոճերում: Սմբատյանի ստեղծագործությունը կարևոր ներդրում է հայկական մոնումենտալ գեղանկարչության և խճանկարի զարգացման պատմության մեջ: Նա եղել է մոնումենտալ արվեստի հիմնադիրը Հայաստանում, հենց այդ պատճառով նրա աշխատանքներում բավականին մեծ տեղ են զբաղեցնում խճանկարները: Նկարիչը ստեղծել է մի շարք հիշարժան գործեր Հայաստանի տարբեր քաղաքներում: Դրանցից առավել աչքի են ընկնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ճակատամասին տեղադրված «Հայաստան» խճանկարը, Ստեփանավանում՝ «Արգիշտին որսի ժամանակ», Գյումրիում` «Գյումրվա հարսանիք», Սևանում`«Աստղիկի ծնունդը» խճանկարները, մի շարք որմնանկարներ Երևանում, Մոսկվայում:  Նկարիչը հեղինակ է նաև կոմպոզիցիոն կտավների, դիմանկարների, բնանկարների և այլ ժանրերում արված աշխատանքների:

«Հայաստան» խճանկար, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ճակատամաս

Խճանկարներ

Կտավներ

  • «Ազատ Շերենց», 1983 թ.
  • «Աղջկա դիմանկար», 1986 թ.
  • «Պրոմեթևս», 1961 թ.
  • «Աշունը Աշտարակում», 1957 թ.
  • «Աղթամար», 1983 թ.

Մեջբերումներ նկարչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Գարրիի ստեղծագործության հիմքում ընկած է իր հայրենի հողով և բնությամբ ներշնչված վարպետությունը, հայրենիքի հետ անխզելի կապը, իր ժողովրդի պատմությամբ տոգորվածությունը։ Ու նաև ավելին․․․Նկարչի կտավների թեմատիկան շատ բազմազան է ու հարուստ, բայց դրանք նաև խորապես մտածող ու ապրող գործեր են․ իր պատկերներն ու գույները մակերեսային չեն, դրանք  մտածող և մտածելու առիթ տվող սյուժեներ են։  Միտքն ու հոգին զուգակցող այս սկզբունքը, գեղանկարչի զգացմունքների ու ինքնատիպ ոճի համադրությունը նրա աշխատանքներին խորը բովանդակություն են հաղորդում՝ դրանց տալով կախարդական հմայք։ Նկարչի աշխատանքները հուզում ու տպավորում են դիտորդին՝ նրան տանելով դեպի մետաֆորիզմի և սիմվոլիկի,  փիլիսոփայական խորհրդածության ոլորտը։ Նման ներազդեցություն կարող են ունենալ միմիայն մեծ վարպետները և իրական ստեղծագործողները:
- Նինա Աշխատոյան, նկարչի կինը
Aquote2.png


Aquote1.png Այն պահից ի վեր, երբ ես ծանոթացա Գարրիի հետ, ինձ հաճախ է բախտ վիճակվել լինել իր արվեստանոցում։ Գարրի Սմբատյանը որպես գեղանկարիչ բազմաոճ էր. ֆիգուրատիվ և բարդ կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ։ Նա նաև մոնումենտալ խճանկաների հեղինակ էր, նկարում էր մերկ բնորդների։ Այս բոլոր աշխատանքներին հատուկ է նրբաճաշակ գույնը, կուռ ձևը և հիանալի արտահայտիչ գծանկարը։ Կյանքում նա երբեք չէր ձգտում իրեն ի ցույց դնել, միշտ իրեն պահում շատ մեծ արժանապատվությամբ։ Գերազանց տիրապետում էր հայ և համաշխարհային արվեստի պատմությանը։ Միշտ մեծ հաճույքով էի զրուցում նրա հետ ու հիանում իր գեղանկարչությամբ։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ կնոջս՝ նկարիչ Նաիռա Հակոբյանի հետ գնացինք Գարրիի արվեստանոց։ Կնոջս հաճելիորեն զարմացրել էր նրա գեղանակարչության հետ ծանոթությունը, հետո նա ինձ հարցրեց. - «Ինչու նման նկարչի մասին գրեթե չեն խոսում։ Իրավամբ միայն հրաշալի գեղանկարիչն է ի զորու նման գեղեցիկ գույներով նկարել»։ Գարրիի արվեստանոցում հաճախ լինելով միշտ հիանում էի նրա դստեր՝ Նառայի դիմանկարով, որը հիասքանչ պոետիկ և նուրբ աշխատանք է։ Կուզեի հավատալ, որ եկել  է ազնիվ ու տաղանդավոր մարդկանց ժամանակը, և որ Գարրի Սմբատյանի աշխատանքները կներկայացվեն հանրությանը և իրենց արժանի տեղը կգրավեն հայ գեղանկարչության լավագույն գործերի շարքում։
- Ռուբեն Ադալյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ
Aquote2.png


Aquote1.png Ամբողջ կյանքում Գարրիի հետ եղբայրների նման ենք եղել։ Միասին սովորում էինք Լենինականի գեղարվեստի դպրոցում, միասին նկարում էինք, միասին էտյուդներ անում․ մեր տղայական կյանքը միասին էր անցնում։  Մեր կողքին էին նաև Ռաֆիկը Աթոյան, Զուլումը Գիրգորյան, Աշոտը Մելքոնյան ու մեր այս եղբայրությունը մենք միշտ պահել ենք։ Գարրին լուրջ, խոհուն, փիլիսոփայական մտածելակերպ ունեցող երիտասարդ էր՝ աշխատասեր ու նպատակասլաց։ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո մենք միասին մեկնեցինք Լենինգրադ։ Գարրին սովորում էր Մուխինայի անվան ինստիտուտում, ես՝ Ռեպինի անվան ինստիտուտում։ Հայաստանից հեռու մենք ավելի մտերմացանք, հարազատացանք։ Երբ հանդիպում էինք, իրար ցույց էինք տալիս մեր աշխատանքները, երազում էինք ապագայի մասին։ Այդ ժամանակ Հայաստանից շատ տղաներ էին սովորում Լենինգրադում։ Երեկոները միշտ հավաքվում էինք հանրակացարանում՝ ինչ-որ մեկի մոտ, երգում էինք կիթառով, հիշում Հայաստանը։ Չնայած նրան որ կարոտում էինք Հայաստանը, որ կենցաղը դժվար էր, բայց դրանք հրաշալի ժամանակներ էին։  Մենք ապրում էինք Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում, օր ու գիշեր անց էինք կացնում Էրմիտաժում, շատ էինք աշխատում։ Գարրին գերազանցությամբ ավարտեց Մուխինայի անվան ինստիտուտը:

Գարրին գերազանց կազմակերպիչ էր։ Երբ աշխատում էր Նկարիչների միության վարչությունում, նա շատ ու շատ նկարիչների է օգնել։

Գարրին իմ մասին բարի հիշատակ է թողել։  Ես նրա կարիքը շատ եմ զգում։
- Էդիկ Արծրունի, Հայաստանի ժողովրդական նկարիչ
Aquote2.png


Aquote1.png Կյանքի վերջում վարպետը վերադառնում է կանացի մերկ բնօրինակին, որը խորհրդանշում է սեր ու գեղեցկություն, հենց ինքը՝ կյանքը: Այդպիսին էր նկարչի վերաբերմունքը ստեղծագործական կյանքի սկզբում և ավելի հասուն տարիներին, այն տարբերությամբ միայն, որ նախկինում նա կնոջ կերպարը տեսնում էր ավելի նեղ ընկալմամբ: Այո, հենց կնոջ կերպարը դառնում է վարպետի ստեղծագործական գործունեության վերջին ժամանակահատվածի ամենացանկալի և առաջնային շարժառիթը…
- Ռուբեն Անգալադյան, արվեստաբան
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Գառնիկ Սմբատյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  3. ««Նա հայրենիքում ձգտեց մեծ գեղանկարչության»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-21 
  4. ««Գարրի Սմբատյանը մոնումենտալ արվեստի հիմնադիրն է»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]