Գայանե Հովհաննիսյան (երգչուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
| Գայանե Հովհաննիսյան | |
|---|---|
| Ի ծնե անուն | Գայանե Մեսրոպի Դոնդարովա |
| Ծնվել է | հունիսի 8, 1953[1] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Հայաստանի էստրադային նվագախումբ և Հայաստանի Երգի պետական թատրոն |
| Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Պարգևներ | |
Գայանե Մեսրոպի Հովհաննիսյան (Դոնդարովա) (հունիսի 8, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011), Երևանի Շառլ Ազնավուրի անվան քոլեջի դասախոս[2]։
Դաշնակահար Թոմաս Մադաթովի կինն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Հովհաննիսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում, միաժամանակ երգել է Ակսել Բակունցի ղեկավարած «Սերպանտին» անսամբլում։ 1974-1987 թվականներին եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատար, նվագախմբի կազմում հանդես եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Աֆրիկայում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր։ 1987-1990 թվականներին աշխատել է Սիրիայում և Լիբանանում։ 1991 թվականին մենահամերգ է ունեցել Լոնդոնի, 1992 թվականին՝ Կիպրոսի և Ժնևի հայկական համայնքներում։ 1994-1995 թվականներին աշխատել է Մարսելում, 1996-2006 թվականներին ամուսնու հետ աշխատել է Վիեննայի Լ. Կնի անվան ազգային կրկեսում՝ որպես երգչուհի։ 2006 թվականին վերադարձել է Երևան։ Դասավանդում է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ 2008 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երիտասարդ ձայներ» հանրապետական երաժշտական մրցույթի 2-րդ մրցանակ, 1972
- Բեռլինի երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիր, 1973
- Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ, 2010
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2011