Գազ բասիանիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ բասիանիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ բասիանիական (A. basianicus)
Միջազգային անվանում
Astragalus basianicus

Գազ բասիանիական (լատին․՝ Astragalus basianicus), լոբազգիներին պատկանող ծածկասերմ բույս է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրագականտային թուփ է՝ 10-20 սմ բարձրությամբ, ճյուղավորված, թավոտ և փշոտ։ Տերևների առանցքը բարակ է, 8-22 սմ երկարությամբ, մանր փշով վերջացող։ Տերևիկները 5-9 ական զույգ են, էլիպսաձև և ուռուցիկ ջղերով։ Ծաղկաբույլը տափակացած և գնդաձև է, իսկ բաժակը՝ խավոտ, 8-10 մմ երկարությամբ, ատամիկների ծայրերը դեպի ներս ուղղված։ Պսակը վարդագույն է, իսկ դրոշը՝ 14-17 մմ երկարությամբ ականջուկներով։ Ունդերը ձվաձև և երկարավուն են, խավոտ 4-8 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Գեղամի (Գեղարդ գյուղի շրջակայք, Փրկի եկեղեցու ավերակներում) և Երևանի (Ողջաբերդ և Գառնի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է Հյուսիսարևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1900 մ բարձրությունների վրա, չոր խճաքարոտ լանջերին, թփուտների մեջ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 500կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.