Բրիջփորթ (անգլ.՝ Bridgeport), քաղաք ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում[2]։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 144․2 հազար մարդ։ Լոնգ Այլենդ կղզու նավահանգիստ է։ Կոնեկտիկուտ նահանգի ամենամեծ քաղաքն է, որը Մեծ Բրիջփորթ ագլոմերացիայի մաս է: Քաղաքում զարգացած են ռազմական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։
Ըստ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի՝ քաղաքն ունի ընդհանուր առմամբ 50 կմ² տարածք, որից 41 կմ²-ը ցամաք է և 8,8 կմ²-ն՝ ջուր: Ամբողջ քաղաքի տարածքի 17,53%-ը ծածկված է ջրով։
Բրիջփորթը գտնվում է խոնավ մերձարևադարձային և խոնավ մայրցամաքային կլիմայի միջակայքում (համաձայն Կյոպպենի կլիմաների դասակարգման)։ Ամռանը շատ տաք է և խոնավ, ձմռանը՝ ցուրտ և ձյունառատ։ Քաղաքում առավելագույն բացարձակ ջերմաստիճանը գրանցվել է 1957 թվականի հուլիսին (39,4 °C), իսկ ռեկորդային ցածր ջերմաստիճանը գրանցվել է 1984 թվականի հունվարին (-21,7 °C): Բրիջփորթում ամենաձյունառատ ձմեռը եղել է 1996 թվականին, երբ տեղացել էր 195 սանտիմետր ձյուն[3]։