Բույսերի հանքանյութային սնուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի հանքանյութային սնուցում, հողից քիմիական տարրերի (հանքային աղերի իոնների ձևով) կլանման, փոխադրման և յուրացման կենսընթացների ամբողջությունը։

Հանքանյութային սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութային սնուցման տարրերի շարքին են դասվում մակրոտարրերը (N, S, P, K, Ca, Mg, Fe) և միկրոտարրերը (B, Mn, Cu, Zn, Mo)։ Ազոտը բույսերը կլանում են NO3 - անիոնի կամ NH4 + կատիոնի, ֆոսֆորը և ծծումբը՝ H2PO4, SO4 2-անիոնների, մետաղները՝ K+, Mg2+ կատիոնների ձևով։ Բազմաթիվ բույսեր ունեն նաև այլ տարրերի պահանջ։ Օր.՝ շաքարի ճակնդեղի աճման ու զարգացման վրա դրական է ազդում նատրիումը, իսկ բակլազգիներին անհրաժեշտ է կոբալտ (պալարաբակտերիաների կողմից մոլեկուլային ազոտը սևեռելու համար)։ Բացահայտված է բույսերի նյութափոխանակության և աճման վրա ալյումինի, նիկելի, կապարի, կադմիումի, քրոմի և այլ տարրերի դրական ազդեցությունը։

Ցամաքային բույսերն իոնները կլանում են արմատի մակերեսային բջիջներով (ռիզոդերմով), այդ թվում՝ նաև արմատային մազիկներով։ Կատիոնները բջիջների մեջ թափանցում են պասսիվորեն, իսկ անիոնները (նաև K+ միլմոլ-ից ցածր արտաքին կոնցենտրացիաների դեպքում)՝ ակտիվ փոխադրմամբ՝ բջջաթաղանթների հատուկ ֆերմենտների («իոնային պոմպերի») օգտագործած փոխանակային էներգիայի հաշվին։

Դաշտային պայմաններում բույսերի համար անմիջական աղբյուր է հողի լուծույթը։ Բույսն օրական մի քանի անգամ (օրինակ՝ ոլոռնախոտը 10 անգամ) լրիվ կլանում է հողային լուծույթի ամբողջ ֆոսֆորը՝ հանգեցնելով կապված վիճակից նրա նոր քանակությունների ազատմանը։ Դրա հետևանքով արմատների կողմից հանքանյութային սննդառության տարրերի կլանման արագությունը սահմանափակվում է հողային լուծույթի մեջ նրանց անջատման արագությամբ։ Բույսերի հանքանյութային սնուցումը սահմանափակող մյուս գործոնը դեպի արմատները մակերևույթ իոնների ներթափանցման (դիֆուզիա) արագությունն է հողում։ Դրա համար արմատներում համակարգի ձևաբանական բնութագիրը (նրա երկարությունը, ճյուղավորվածությունը, աճման արագությունը) ավելի մեծ նշանակություն ունի հանքանյութային սնուցման համար, քան ֆիզիոլոգիականը (միավոր մակերևույթի կլանող. ակտիվությունը), որը հաշվի է առնվում ընտրասերման մեջ։

Հանքանյութային սնուցման տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութային սնուցման տարրերը բույսերում բաշխվում են ջրի հոսքով՝ քսիլեմայի՝ արմատները, ցողունները և տերևները՝ թափանցող փոխադրող անոթներով։ Նրանք ուղղվում են հիմնականում դեպի մատղաշ, աճող օրգաններն ու ձևավորվող պտուղները։ Ըստ ստորին տերևների ծերացման չափի՝ հանքանյութերը (բացի Ca-ից և B-ից) հետ են հոսում դեպի աճող օրգանները և կրկին օգտագործվում (վերաօգտահանում՝ ռեուտիլացում)։ Բոլոր մակրո- և միկրո տարրերը նույնչափ անհրաժեշտ են բույսերին (տարրերի անփոխարինելիության կանոն)։ Սակայն հաճախ հողում չեն բավականացնում N, P և K տարրերը, ուստի դրանք հող են ներմուծում պարարտանյութերի հետ։ Տարբեր մշակաբույսերի մոտ այդ տարրերի ընդհանուր սննդառությունը տարբեր է և համեմատական է բույսի կենսազանգվածին։ Սակայն բոլոր բույսերի ու սորտերի համար N։P։K միջին հարաբերակցությունը մոտ է 73։ 5։ 22% (զանգվածային)։ Բույսերի հանքանյութային սնուցոման տարրերի կլանման ու փոխադրման դերի իմացությունն անհրաժեշտ է պարարտանյութերի ճիշտ կիրառման համար։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի այս կամ այն տարրի անբավարարության ախտորոշումը՝ հողի քիմիական վերլուծության, նաև բույսերի կամ առանձին օրգանների, հատկապես տերևների (տերևային ախտորոշում) զննման միջոցով։ Առանձին տարրերի հանդեպ մշակաբույսերի քաղցի՝ տարրասակավության ախտանշանները (տերևների գույնի, օրգանների ձևաբանական և անատոմիական կառուցվածքի փոփոխություններ) նույնպես կարող են օգտագործվել սննդանյութերի նկատմամբ բույսերի պահանջը որոշելու համար։ Պարարտանյութերով բույսերի հանքանյութային սնուցման կարգավորումը մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու միակ ուղին է։

Բույսերի հանքանյութային սնուցումը լուսասինթեզի հետ բույսերի սնուցման միասնական համակարգ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոքիմիական վերլուծություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։