Ֆիզիոլոգիական հարմարվողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆիզիոլոգիական հարմարվողականություն, ֆիզիոլոգիական ռեակցիաների ամբողջություն, որը կազմում է միջավայրի պայմանների Փոփոխություններին օրգանիզմի հարմարվելու պրոցեսների հիմքը և ուղղված է նրա ներքին միջավայրի հարաբերական կայունության պահպանմանը։ Ֆիզիոլոգիական հարմարվողականության շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը ցրտի, ջերմության, թթվածնի անբավարարության, բարոմետրիկ ճնշման և այլ գործոնների հանդեպ։ Ուժեղ գրգռիչների ազդեցությամբ օրգանիզմում տեղի ունեցող նրան ոչ հատուկ փոփոխություններիդ ամբողջությունը կոչվում է հարմարվողական սինդրոմ, իսկ դրանց դեմ օրգանիզմի ռեակցիան՝ սթրես։

Ֆիզիոլոգիական հարմարվողականության պրոցեսն ընթանում է մի քանի փուլերով, սկզբում գերակշռում են ապակոմպենսացման (ֆունկցիաների խանգարում), այնուհետև ոչ լրիվ հարմարվածության (օրգանիզմի համար նոր միջավայրին համապատասխան կայուն վիճակի ակտիվ փնտրում) երևույթները, և, վերջապես, առաջանում է հարաբերական կայուն հարմարվածություն։ Վերջինները ցայտուն են արտահայտվում բարձրության հանդեպ ֆիզիոլոգիական հարմարվողականության դեպքում։

Ֆիզիոլոգիական հարմարվողականության պրոցեսում ընթացող տեղաշարժերը վերաբերում են օրգանիզմի բոլոր մակարդակներին։ Դրանում կարևոր դեր է կատարում օրգանիզմի ռեակտիվությունը, տարիքը, մարզվածությունը (հատկապես տիեզերագնացների և մարզիկների) և այլն, ինչպես նաև նյարդային համակարգի պլաստիկությունը, որը հնարավորություն է տալիս վերականգնելու միջավայրի փոփոխված պայմանների հանդեպ օրգանիզմի հավասարակշռությունը։ Օրգանիզմի վերադարձը ֆիզիոլոգիական հարմարվողականությունից ելակետային վիճակի կոչվում է դեզադապտացիա։

Վերլուծիչների (անալիզատորների) հարմարվողականությունը պայմանավորված է ընդունիչների (ռեցեպտորների) կամ զգայության օրգանների վրա յուրահատուկ գրգռիչների ազդեցությամբ (օրինակ՝ տեսողական անալիզատորի հարմարվողականությունը լույսի կամ մթության, լսողականինը՝ ձայնի, մաշկայինինը՝ մեխանիկական և ջերմային գրգռիչների, անդաստակայինինը՝ պտտական շարժումների հանդեպ և այլն)։ Վերլուծիչների ֆիզիոլոգիական հարմարվողականությունը պայմանավորված է ծայրամասային ընդունիչների զգայունության փոփոխություններով և կենտրոնական նյարդային համակարգում ընթացող պրոցեսներով։ Օրինակ, լուսային հարմարվողականությունը հանգեցնում է ուժեղ լույսի հանդեպ աչքի զգայնության իջեցման, մթության պայմաններում՝ ընդհակառակը։ Լսողական վերլուծիչում հարմարվողականությունը արտահայտվում է ուժեղ և երկարատև ձայնային գրգռիչների հանդեպ լսողական զգացողության բարձրացմամբ, լռության դեպքում՝ ընդհակառակը։ Զգայունության աստիճանական փոփոխվելու երևույթը նկատվում է նաև մաշկի վրա ցածր կամ բարձր ջերմաստիճանների ազդեցության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png