Բնության և գիտության ազգային թանգարան
Բնության և գիտության ազգային թանգարան (ճապ.՝ 国立科学博物館 Կոկուրիցու կագակու խակուբուցուկան), թանգարան, որը գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի հյուսիս֊արևելքում գտնվող Ուենոյի զբոսայգում։ Թանգարանը առաջարկում է էքսպոզիցիաներ, որոնք պատմում են Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի, էկոհամակարգի, գիտական գիտելիքների զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Հատկանշական է, որ այցելուները հնարավորություն ունեն տեղում կատարել ինտերակտիվ գիտական փորձեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1871 թվականին և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ՝ Կրթության նախարարության թանգարան, Տոկիոյի թանգարան, Տոկիոյի գիտության թանգարան, Գիտության ազգային թանգարան, իսկ սկսած 2007 թվականից՝ այն կոչվում է Բնության և գիտության ազգային թանգարան[1]։
1990-2000 թվականներին թանգարանը արդիականացվել է։ 1999 թվականի ապրիլ ամսին բացվել է նոր շենք, որտեղ այժմ տեղակայված է Գլոբալ պատկերասրահը։ 2006 թվականին աշխատանքը սկսեց Թատրոն֊360֊ը։ 2008 թվականին թանգարանի նախկին Գլխավոր շենքը, որն այժմ զբաղեցնում է Ճապոնիայի պատկերասրահը, ճանաչվեց որպես մշակութային ժառանգություն։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ներառում է Գլոբալ պատկերասրահ, որն ամբողջությամբ նվիրված է մեր մոլորակին, և Ճապոնական պատկերասրահ։ Էքսպոզիցիաները գտնվում են տարբեր շենքերում։ Ճապոնական պատկերասրահը գտնվում է թանգարանի նախկին Գլխավոր շենքում, իսկ Գլոբալ պատկերասրահը՝ նրա հետևամասում գտնվող նոր շենքում։ Ճապոնական պատկերասրահում տեղակայված է եռաչափ կինոթատրոն, որն ունի 360 աստիճան դիտանկյուն և կոչվում է «Թատրոն֊360»։
Գլոբալ պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահի վեց հարկերում տեղակայված են հետևյալ բաժինները․
- «Բնության աշխարհ»՝ տիրույթների, մատերիայի և բնության օրենքների մասին
- «Երկիր մոլորակի կյանքի էվոլյուցիան»
- «Դինոզավրերի հանելուկը»
- «Տեսակների բազմազանություն»
- «Գիտության և տեխնոլոգիաների զարգացում»
- «Երկիր մոլորակի կենդանիներ»
Շենքի տանիքին կա այգի։ Այստեղ կարելի է հանդիպել մոտ 160 տեսակի խոտ, որոնք օգտագործվում են մարդու կողմից։ Հետաքրքիր տեսք ունեն անձրևանոցները, որոնց մոտենալիս մեխանիկորեն բացվում են։
Պատկերասրահում այցելուները հնարավորություն ունեն ինքնուրույն կատարել հետաքրքրաշարժ փորձեր ֆիզիկայից, ինչպես նաև կարող են ինտերակտիվ տարբերակով ծանոթանալ անտառի կյանքին։
Ճապոնական պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական պատկերասրահի շենքը կառուցվել է նեովերածննդի ոճով։ Այն լիովին պատրաստ էր 1930 թվականին։ Նրա տեսքը նման է սավառնակի, որն այն ժամանակ համարվում էր ժամանակակից տեխնոլոգիաների խորհրդանիշ։
Պատկերասրահում ներկայացված են հետևյալ էքսպոզիցիաները․
- Ճապոնական կղզեխմբի կազմավորում և երկրաբանություն։ Հին հանածոներ։ Սառցե դարաշրջան։
- Ճապոնական կղզիների բնագոտիներ։ Շրջապատող ծովեր։ Երկրաբանական ակտիվություն։ Հանքանյութեր և երկնաքարեր։
- Ճապոնական կղզիների ֆաունա։
- Մարդու բնակեցումը Ճապոնական կղզեխմբում։ Հին ժամանակաշրջաններ՝ Ճապոնական հին քարի դար (Պալեոլիթ)։ Ժամանակակից մարդու կազմավորումը։ Բրնձի դերը Ճապոնիայի մշակույթում։
Թատրոն֊360
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակության համար Թատրոն֊360֊ի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 21֊ին։ Այն գնդաձև եռաչափ կինոթատրոն է, որտեղ դիտորդը բոլոր կողմերից շրջապատված է ծավալшյին ձայնով և պատկերով։ Թատրոն֊360-ը առաջին անգամ ներկայացվել է Ճապոնիայում անցկացվող «Էքսպո֊2005» միջազգային ցուցահանդեսին՝ «Երկրի սենյակ» անվան տակ։ Ցուցահանդեսից հետո ցուցադրանմուշը ուղարկվեց Բնության և գիտության ազգային թանգարան, որտեղ էլ ստացավ իր այժմյան անվանունը։ Թատրոնի գնդի տրամագիծը կազմում է 12,8 մետր, իսկ մակարեսն իրենից ներկայացնում է առանց կարի հարթ եռաչափ էկրան։ Չափսերը սիմվոլիկ են՝ մոտավորապես Երկիր մոլորակ֊ի տրամագծի մեկ միլիոներորդ մասիչափ։ Այցելուները գտնվում են գնդի կենտրոնում գտնվող կամրջակի վրա։
Ցուցադրվող ֆիլմերը նվիրված են Երկիր մոլորակի ստեղծմանը, դինոզավրերի աշխարհին, մայրցամաքների նավախոտորման տեսությանը, սննդային կապեր։ Բոլոր ֆիլմերը տևում են 8 րոպե։ Բացի «Էքսպո֊2005»֊ին ցուցադրված ֆիլմերից Թատրոն֊360-ի համար թանգարանը ստեղծել է չորս սեփական ֆիլմ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բնության և գիտության ազգային թանգարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքը (անգլ.)
- «Музеи мира» կայքում(ռուս.)
- «Новости музеев» կայքում (ռուս.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնության և գիտության ազգային թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնության և գիտության ազգային թանգարան» հոդվածին։ |
|