Սննդային կապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սննդային շղթայի պարզ օրինակ. ոչխարներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան միկրոօրգանիզմներ

Սննդային կապեր։ Յուրաքանչյուր տեսակ օգտագործում է օրգանական նյութի մեջ գտնվող էներգիայի միայն մի մասը՝ նրա տրոհումը հասցնելով մինչև որոշակի փուլի։ Տվյալ տեսակի համար ոչ պիտանի, բայց դեռևս էներգիայով հարուստ նյութերն օգտագործում են այլ օրգանիզմներ։ Այսպիսով, կենսաերկրացենոզներում էվոլուցիայի ընթացքում կազմել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաններ, որոնք հաջորդաբար նյութեր և էներգիա են ստանում ելակետային սննդանյութից։ Տեսակների առանձնյակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր։ Սննդային շղթաների օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։ Ամենա պարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային դիակեր միջատներ ու նեխման միկրոօրգանիզմներ։ Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ՝ գիշատիչներ և մակաբույծներ։ Օրգանական մնացորդներ առաջացնում են շղթայի բոլոր անդամների կենսագործունեության արդյունքում։ Կենսաերկրացենոզները շատ բարդ են։ Նրանցում միշտ գոյություն ունեն զուգահեռ և միահյուսված բազմազան բարդ սննդային շղթաներ, իսկ տեսակների ընդհանուր թիվը հաճախ չափվում է հարյուրներով և նույնիսկ հազարներով։ Գրեթե միշտ տարբեր տեսակները սնվում են մի քանի տարբեր օբյեկտներով և իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոլոգիական համակարգի մի քանի անդամների համար։ Այսպիսով, ստացվում է սննդային կապերի բարդ ցանց։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դասարանի կենսաբանություն